Ռուսաստանյան իրադարձությունները նվազեցնելու են Ռուսաստանը դերը տարածաշրջանում, համոզված է քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանը։ Ըստ նրա՝ Ռուսաստանը ոչ միայն թուլանում է վերջին երկու տարվա մեջ, այլև այդ թուլացման տեմպն էլ է գնալով միայն մեծանում։
«Այս պահի դրությամբ արդեն ակնհայտ է, որ սա նվազեցնում է Ռուսաստանի կարողությունները արտաքին քաղաքականության և դեպի դուրս ուժ պրոյեկտելու, և սա իր հետևանքներն ունենալու է մեր տարածաշրջանի վրա։ Սա նվազեցնելու է Ռուսաստանի մասնակցությունը թե Հայաստանի Հանրապետությունում, թե Արցախում, բայց ես կարծում եմ՝ մենք՝ որպես պետություն, պարտավոր ենք ցանկացած իրավիճակում պատրաստ լինել ամենավատ տարբերակին, ամենաապակայունացնող տարբերակին», - «Ազատության» հետ զրույցում ասաց մեկնաբանը։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Պրիգոժինն, իր հերթին, մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ: Այսօր խմբավորումը հայտարարում է Ռոստովում, Վորոնեժում վերահսկողության մասին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այդ քայլերն անվանել է խռովություն, դավաճանություն, հարված թիկունքին, խոստացել խիստ պատիժ։
Տարածաշրջանում Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությունը Արցախի և Հայաստանի հաշվին արվող զիջումների միջոցով է արվում, հավելեց Արեգ Քոչինյանը։
«Հակարիի կամրջի փակումը, Լաչինի միջանցքի փակումը, Արցախի տարածքի նվազումը. այստեղ կա որոշակի համադաշնություն Ռուսաստանի կողմից կամավոր կատարված զիջումների և անկարողության արդյունքում կատարված զիջումների, ես կարծում եմ՝ այստեղ որոշ գործընթացներ և որոշ զիջումներ եղել են հենց քաղաքական հաշվարկի տեսանկյունից՝ զիջել Ադրբեջանին Հայաստանի կամ Ղարաբաղի հաշվին, դրա դիմաց ինչ-որ բան ստանալ, որոշները եղել են հենց անկարողության հետևանքով», - շեշտեց նա։
Այս փակ շղթան կոտրելու մի տարբերակ քաղաքական մեկնաբանը համարում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ուղիղ խոսակցության գնալը, մյուս տեսական տարբերակը՝ թուլացող այդ ուժին փոխարինող գտնելն է. - «Ընդ որում, այդ ուժը կարող է լինել ինչպես Արևմուտքը, Իրանը, Հնդկաստանը և այլն, բայց սա բացառապես տեսական հարթության մեջ է դեռ։ Առնվազն մենք՝ որպես հասարակություն պետք է արձանագրենք, որ մենք բախվել ենք այս խնդրի հետ, որ այն ճարտարապետությունը և կառուցվածքը, որի մեջ որ մենք ապրում ենք՝ ռուսական անվտանգային ճարտարապետությունը ոչ միայն չի աշխատում, այլև ի վնաս մեզ է արդեն աշխատում»։
Your browser doesn’t support HTML5