Անցած գիշեր ռուսական զորքերը օդային նոր հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին։ Ուկրաինական իշխանությունների փոխանցմամբ՝ ռուսական կողմից արձակված հարվածային անօդաչուների թիրախում են հայտնվել Կիևը, Լվովը և Նիկոլաևի մարզը։
Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պնդմամբ՝ ռուսական 30 անօդաչուներից 28-ը խոցվել են։
Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ միայն մայրաքաղաքի օդային տարածքում «մոտ երկու տասնյակ անօդաչու է խոցվել»։
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյի պնդմամբ էլ՝ ռուսական անօդաչուներից մեկն անցած գիշեր հարվածել է «քաղաքում գտնվող կրիտիկական կարևորություն ունեցող ենթակառույցներից մեկին, զոհեր և վիրավորներ չկան»։