Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը, թե սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներն այսօր ժամը 10:45-ից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Հերթական ապատեղեկատվություն որակելով այդ հաղորդագրությունը՝ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն ընդգծում է, որ «Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար»:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական Զինված ուժերն իբր «տարբեր տրամաչափերի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ են բացել» Գեդաբեկի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների վրա, «բոլոր ուղղություններով համարժեք հակագործողություններ են իրականացվում»: