Հայաստանի ռազմական գերատեսչությունը ապատեղեկատվություն է որակում Բաքվի հաղորդումը, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 16-ին՝ ժամը 00:15-00:20-ը ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Բաքուն, մասնավորապես հաղորդել է, թե «հայկական զինված ուժերի ստորաբաժանումները Բասարքեչարի շրջանի (Վարդենիսի շրջան) դիրքերից մի քանի անգամ կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր նաև Ստեփանակերտին է մեղադրել 00։50-ից մինչև 04։10-ը Շուշիի շրջանի ուղղությամբ կրակելու համար։ Արցախի պաշտպանության բանակը հերթական ապատեղեկատվություն է որակել։