Երեկ երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի երրորդ փուլ անցած դաշնակահարների մասնակցությամբ, Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կայացավ մրցույթի արդեն ավանդական դարձած փակման գալա-համերգը, որի ժամանակ էլ հայտարարվեցին այս տարվա մրցույթի հաղթողների անունները։
Եվ այսպես, մրցութային երեք փուլերի ավարտից հետո մրցութային միջազգային ժյուրին Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի հաղթող է ճանաչել և մրցույթի առաջին մրցանակը 10 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամական պարգևով շնորհել է Հայաստանը ներկայացնող դաշնակահար Արինա Անտոնոսյանին, երկրորդ մրցանակի և 5 հազար դոլարին համարժեք դրամական պարգևի արժանացավ ճապոնացի դաշնակահար Յուտո Կիգուջին։ Իսկ երրորդ մրցանակը և 3 հազար դոլարին համարժեք դրամական պարգևը մեկ շաբաթ տևած մրցույթի ավարտին հանձնվեց Անդրեյ Կուրբերտին (Հայաստան)։
Կային նաև այլ պարգևներ մրցույթի երրորդ փուլը հաղթահարած մասնակիցների համար։ Իսկ թե ինչպես անցավ մրցույթը, թե' մասնակիցների, թե' կազմակերպիչների, նաև ժյուրիի անդամների կարծիքով, ապա, ըստ մրցույթի կազմակերպիչ, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանի կարծիքով. - «Մրցույթը անցավ շատ հիանալի։ Ինչպես տեսաք, արդեն եզրափակիչ փուլը ամփոփվեց։ Քանի որ ժյուրիի բուն պրոցեսին մենք չենք խառնվում, բնականաբար չենք մասնակցել էդ գործընթացներին։ Կողքից հետևել ենք որպես ունկնդիրներ և հանդիսատես։ Կարծում եմ, որ այո, պայքարը թեժ է եղել»։
Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված կանադացի անվանի երաժիշտ Ստեֆան Լոմլայի համոզմամբ ևս, մրցույթը հրաշալի անցավ։ Հրաշալի էր Երևանում գտնելը, ասաց Լոմլան՝ հավելելով, որ մեծ հաժույքով է աշխատել մրցութային հանձնաժողովի իր գործընկերների և ունկնդրել մրցույթին մասնակից հրաշալի դաշնակահարների։ Նա հույս հայտնեց, որ իր այս առաջին այցից հետո մեկ անգամ ևս հնարավորություն կստեղծվի կրկին Հայաստան այցելել և համագործակցել հայ երաժիշտների հետ։
Մրցութային հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Չինաստանից ժամանած Շոն Դոն Քոն շեշտեց, որ մրցույթն անցկացվեց շատ բարձր մակարդակով։ Նա ընդգծեց նաև, որ իր համար մեծ պատիվ էր մասնակցել այս մրցույթին, որը ճանապարհ է բացում տարբեր երկրներում ապրող բազմաթիվ երիտասարդների համար։ Սա իր համար հրաշալի այց էր Հայաստան, որտեղ նա գտնվում է առաջին անգամ և որտեղ ծանոթացել է բազմաթիվ հայ երաժիշտների հետ և հասկացել, թե ում հայրենակիցն է մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։ Շեշտում էր, որ Չինաստանում շատ են հնչում Խաչատրյանի ստեղծագործությունները, քանի որ դրանք շատ սիրված են դասական երաժշտության երկրպագուների կողմից։
Խաչատրյանի անվան միջազգային 19-րդ մրցույթի երրորդ մրցանակը վաստակած երիտասարդ դաշնակահար Անդրեյ Կուրբերտն գալա-համերգից առաջ «Ազատության» հետ զրույցում ասաց, որ շատ կարևոր է, որ կարողացել է հաղթահարել մրցույթի բոլոր երեք փուլերը. - «Մի տարի պատրաստվել եմ։ Շատ արդյունավետ ու օգտակար փորձառություն էր»։
Հարցին, թե ի՞նչն էր իր համար ամենակարևորը, երիտասարդ երաժիշտը պատասխանեց. - «Մեծ մրցույթի մասնակցելու մեծ փորձ հավաքելը։ Սա ինձ համար առաջին մեծ մրցույթն էր»։
Խաչատրյանի անվան երաժշտական միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է։
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը «Ազատութան» հետ զրույցում ասաց. - «Մրցույթի նպատակն է, որ մասնագիտական միջազգային ժյուրին ընտրի նոր տաղանդներ։ Դա առաքելություն է, որը ստանձնել է Հայաստանը, որ մենք պատրաստ ենք լինել այն հարթակը, որը որ գտնում է նոր տաղանդներ։ Մենք ունենք արդեն աշխարհում շատ հայտնի մենակատարներ, որոնք սկսել են իրենց ճանապարհը Խաչատրյանի մրցույթից, և դա է հենց մրցույթի հաջողությունը»։
Մրցույթի միջազգային ժյուրիի նախագահ, անվանի դաշնակահար, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երկարամյա պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը շեշտեց. - «Անցավ շատ ջերմ մթնոլորտում։ Ամենակարևորը, որ ես առաջին օրը ասացի, որ լավ կլինի, որ լիդեր լինի, դա կայացավ։ Մենք ունեցանք լիդեր, և դրա համար մրցույթը կայացավ։ Եթե լիդեր չկա, մրցույթը շատ դժվար է ղեկավարվում։ Իսկ եթե լիդեր կա, ինքը իր հետևից շարում է բոլորին։ Ընդհանրապես մրցույթը շատ բարձր մակարդակով անցավ։ Առաջին տեղը լրիվ միաձայն անցավ»։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին այս տարի մասնակցում էին 22 դաշնակահար 7 երկրներից։