Մատչելիության հղումներ

Արամ Խաչատրյանի բալետների բացօթյա ներկայացումները Թումոյի այգում արժանանում են հանդիսատեսի ամենաջերմ ընդունելության


Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առիթով մեր երաժշտական հաստատությունները, նվագախմբերն ու երգչախմբերը բազմաթիվ ուշագրավ համերգներ են նախապատրաստել, որոնք կանցկավեն ողջ տարվա ընթացքում։

Բնականաբար, մեծանուն կոմպոզիտորի հոբելյանական այս տարում իր որոշակի դերն ունի նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Թատրոնի նախաձեռնած ուշագրավ ծրագրեց մեկը մեկնարկեց հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Մինչ այդ Թումոյի այգում մեծ բեմահարթակ էր կառուցվել, որտեղ էլ հաջորդաբար հունիսի 6-ին, 7-ին և 8-ին բալետային արվեստի երկրպագուները կարող էին դիտել օպերայի և բալետի թատրոնի բեմադրած Արամ Խաչատրյանի հանրահայտ «Գայանե», «Դիմակահանդես» և «Սպարտակ» բալետները։

Պետք է նշել, որ սա եզակի դեպք է մայրաքաղաքում, որ օպերային թատրոնի բալետային բեմադրությունը ներկայացվում է բացօթյա։ Այս ներկայացումները արժանանում են տարբեր տարիքի հանդիսատեսի շատ ջերմ ընդունելությանը։ Շատերը հույս են հայտնում, որ օպերային թատրոնի և քաղաքապետարանի այսչափ հաջողված համագործակցությունը շարունակական կլինի և իրենց կրկին կհաջողվի ներկա գտնվել բալետային կամ գուցեն նաև օպերային բացօթյա ներկայացումների։

Ինչ վերաբերում է Օպերային թատրոնի նախաձեռնած Արամ Խաչատրյանի հոբելյանին նվիրված այլ նախագծերին, ապա դրանք կշարունակվեն ողջ տարվա ընթացքում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում, Ֆրանսիայում և այլ երկրներում։ Կներկայացվեն թատրոնի խաղացանկում գտնվող Արամ Խաչատրյանի բալետները։

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչ դեր ունի Արամ Խաչատրյանը համաշխարհային երաժշտարվեստի համայնապատկերում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյանն ասաց. - «Սովետական ժամանակահատվածում Արամ Խաչատրյանը համարվում էր եռյակ հանճարներից մեկը՝ Շոստակովիչ, Պրոկոֆև և Արամ Խաչատրյան։ Իր ուրույն ձեռագիրն ունեցող կոմպոզիտոր է, որը նման չէ որևէ մեկին։ Եթե մենք վերցնենք ամբողջ աշխարհի համերգասրահները, 20-րդ դարը եթե հանենք, մենք ի՞նչ կտեսնենք։ Կտեսնենք, որ եթե չհնչեցնենք Շոստակովիչ, Պրոկոֆև, չհնչեցնենք Ստրավինսկի, Ռախմանինով, ընդհանրապես 20-րդ դարի ռուսական դպրոցը վերցնենք հանենք, մենք գրեթե ոչինչ չենք ունենա։ Ես խոսում եմ մասշտաբային, աշխարհի շրջանակներում։ Բայց, ցավոք, ես պետք է նորից շեշտեմ, որ գոնե [Խաչատրյանի] երեք սիմֆոնիաները շատ քիչ են կատարվում, եթե ոչ գրեթե չեն կատարվում։ Եվ ինչու եմ ես ֆիքսում, որ ռուս կոմպոզիտորի երաժշտությունը պրոպագանդող ռուս արտիստների շնորհիվ է, որ կատարվում են։ Եվ ես վստահ եմ, որ հայ երաժիշտների շնորհիվ է, որ Արամ Խաչատրյանը պրոպագանդվի։ Մենք օրինակները տեսնում ենք. նույն Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Հախնազարյանը առիթը բաց չեն թողնում, կատարում են, որովհետև երբ հարց են տալիս՝ ի՞նչ դուք կցանկանայիք կատարել, նրանք ասում են՝ Արամ Խաչատրյան։ Եթե դիրիժորներին են հարցնում՝ ի՞նչ կցանկանայիք կատարել, առաջին տեղը գալիս է Արամ Իլյիչ Խաչատրյանը։ Եվ սա է պրոպագանդայի նաև շարժիչ ուժը։ Եվ մենք էստեղ շատ գործեր ունենք, հավատացեք, մենք ինչքան էլ ասենք, որ Արամ Խաչատրյանը մեծ հայելին է մեր ազգի, մենք պարտավոր ենք այդ հայելին միշտ մաքուր պահել։ Դա մեր պարտականությունն է, այլ ոչ թե օտար կատարողի, որը նույնպես շատ կարևոր է, երբ կատարում է Արամ Խաչատրյան։ Հետևաբար, միանշանակ՝ հանկարծ մի վայրկյան չկասկածեք, որ ինքը ամենամեծ հանճարներից է և դպրոց ստեղծողներից է, կոմպոզիտորական ուրույն դպրոց ստեղծողների շարքում է»։

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը հավելեց. - «Նկատի ունենանք, որ Արամ Խաչատրյանը միաշերտ երևույթ չէ։ Մենք պետք է հասկանանք որ Արամ Խաչատրյանի մասին ենք խոսում։ Որովհետև էդ բազմաշերտ արվեստում, այո, կան գաղափարաբանական ազդեցություններ, որոշակի թանգարանային շերտեր։ Բայց կա մի բան, որը ժամանակին չի ենթարկվում։ Եվ մենք այդ մշտապես ճառագող լույսի ու արժեքի մասին ենք խոսում։ Գոնե ինձ համար Արամ Խաչատրյանի երաժշտության մեջ Հայաստանը շատ ավելի մեծ է, քան իր աշխարհագրական սահմաններն են, և Արամ Խաչատրյանը շատ ավելի խոր արմատներ ունի, քան 20-րդ դարը։ Մենք գործ ունենք իսկապես բացառիկ մեծության հետ»։

XS
SM
MD
LG