Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Խաչատրյան» 19-րդ միջագային երաժշտական մրցույթը


Վաղը՝ հունիսի 6-ին, լրանում է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը։ Հոբելյանի կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը բազմաթիվ ուշագարվ իրադարձություններ է նախագծել թե' Հայաստանում, թե' արտերկրում՝ նշանավորելու Արամ Խաչատրյանի թողած բարձրարվեստ երաժշտական ժառանգությունը։

Ճիշտ նույն նպատակով դեռ տարիներ առաջ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց «Խաչատրյան» միջազգային երաժշտական ամենամյա մրցույթը, որն ավանդաբար մեկնարկում է մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրը Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցող համերգով։

«Ազատության» հետ զրույցում մրցույթի կազմակերպիչ, «Արամ Խաչատչյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը նշեց. - «Տարին հոբելյանական է, և հոբելյանական տարվա ընթացքում մենք արդեն 19-րդ անգամ անց ենք կացնում «Խաչատրյան» միջազգային մրցույթը։ Մրցույթի աշխատանքները սկսել ենք կազմակերպել դեռևս նախորդ մրցույթի ավարտից անմիջապես հետո։ Ընտրվել է յոթ հոգուց բաղկացած ժյուրիի կազմ, որը կնախագահի վաստակաշատ պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը, ով երկար տարիներ ղեկավարել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Ժյուրիի կազմում ընդգրկված են նաև պրոֆեսոր Պավել Կիրիլովը, ով ներկայացնում է Ավստրիան և Գերմանիան, Վահագն Պապյանը, ով ներկայացնում է Իսրայելը և Հայաստանը, Շտեֆան Լեմելին՝ Կանադա, Սիաո Հան Վան՝ Չինաստան, Օկսաննա Յավլոնսկայա՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Սիան Դոն Կոն՝ Չինաստան։ Մրցույթի նախընտրական փուլը, լսումները ավարտվել են և ընտրվել են 22 մասնակիցներ, ովքեր կմասնակցեն մրցույթի հիմնական երեք փուլերում։ Հայտերը բավականին շատ էին՝ ի ուրախություն մեզ։ Ինչպես ամեն տարի նշում ենք, որ աշխարհագրությունը բավականին մեծ է դիմորդների, այս տարի ևս մեծ թվով դիմորդներ ունեցանք՝ հինգ տասնյակից ավել։ Ընտրված 22 մասնակիցները ներկայացնում են յոթ երկրներ՝ Ճապոնիա, Կորեա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Չինաստան, Հայաստան։ Ռուսաստանի Դաշնություն ևս։ Մրցույթի հիմնական նպատակն է հայտնաբերել նոր անուններ և աշխարհին ներկայացնել այդ անունները։ Բացի դրանից, նաև հանրահռչակել մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արվեստը և կապել Արամ Խաչատրյանին հնարավորինս Հայաստանի հետ և ներկայացնել հենց Արամ Խաչատրյանի արվեստը։ Ինչպես գիտեք, մրցույթի փուլերում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, մասնավորապես 2-րդ և 3-րդ փուլերում, պարտադիր ընդգրկված են։ Պետք է փաստել նաև, որ մրցույթը տարածաշրջանի եզակի միջազգային մրցույթն է, որն անդամակցում է Միջազգային մրցույթների համաշխարհայի ֆեդերացիային։ Ուրախությամբ պետք է փաստել, որ հիմնադրամը յուրաքանչյուր տարի ներկա է գտնվում ֆեդերացիայի գագաթնաժողովներին, որտեղ քննարկվում են մրցույթների անցկացման կարգի հետ կապված հարցեր, առկա խնդիրները, մարտահրավերները, և իհարկե, կիսվում ենք մեր փորձով մեր գործընկերների հետ»։

Հարցին, թե արդյոք հետևում են նախորդ մրցույթներում հաղթողների հետագա ճակատագրին, Թովմասյանը պատասխանեց. - «Հիմնադրամը հետևողականորեն ուսումնասիրում է նրանց գործունեությունը։ Մեծ ուրախություն ենք ապրում, երբ տեսնում ենք մեր հաղթողներին տարբեր հեղինակավոր մրցույթների առաջին տեղերում, ինչպես նաև հանդես են գալիս աշխարհի տարբեր լավագույն բեմերում և, ի թիվս այլ աշխարհահռչակ կոմպոզիտորների գործերի, ներկայացնում են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, որը կարծում եմ հենց մրցույթի հիմնական նպատակն է»։

Նշենք նաև, որ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի ունեցող «Խաչատրյան» միջազգային երաժշտական մրցույթն ամեն տարի անցկացվում է տարբեր մասնագիտական անվանակարգերում։ Այս տարի մրցույթի մասնակիցներն են դաշնակահարները։ 22 դաշնակահար առաջիկա մեկ շաբաթում կներկայացնեն իրենց կատարողական արվեստը, նրանցից լավագույները կարժանանան մրցանակների՝ դրամական պարգևով։ Առաջին մրցանակի համար սահմանված է 10000 ԱՄՆ դոլարին համաժեք դրամ, 2-րդ և 3-րդ մրցանակների համար ՝ համապատասխանաբար 5000 և 3000 դոլարին համարժեք դրամական պարգև։ Բացի այդ, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, կլինեն նաև հատուկ պարգևներ։

XS
SM
MD
LG