ՄԱԿ. Ուկրաինայում մոտ 700 հազար մարդ մնացել է առանց խմելու ջրի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման պատճառով

Ուկրաինայում մոտ 700 հազար մարդ մնացել է առանց խմելու ջրի՝ Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման պատճառով, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը։

Խոսքը բնակիչների մասին է, ովքեր գտնվում են թե՛ Ուկրաինայի կողմից վերահսկվող շրջաններում, թե՛ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում։

Գրիֆիթսի խոսքով՝ ՄԱԿ-ն արդեն օգնություն է ցուցաբերել Ուկրաինայի կողմից վերահսկվող հեղեղված տարածքների 30 հազար բնակիչների։ Բազմաթիվ կամավորներ նույնպես աշխատում են տեղում։ Ռուս զինվորականներն իրենց հերթին կազմակերպությանը չեն թույլատրել մուտք գործել օկուպացված տարածքներ՝ ջրհեղեղից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։

Դնեպրի ստորին հատվածում ջրհեղեղները, ըստ պաշտոնյայի, նույնպես անխուսափելիորեն կհանգեցնեն հացահատիկի արտահանման նվազմանը, պարենամթերքի գների բարձրացմանն ամբողջ աշխարհում և միլիոնավոր կարիքավորների համար սննդի քանակի նվազման: