Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեր հայրենակիցների իրավունքների և անվտանգության հասցեագրման խաղաղություն պատկերացնելը շատ դժվար է, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը։
Առողջապահության նախկին նախարարն անդրադարձավ նաև քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումներին առնչվող գործին և այլ հարցերի։
Ներկայացնում ենք հատված ասուլիսից.
«Մեղադրանքի հիմքում չեմ տեսել որևէ ապացույց»
«Չգիտեմ՝ գնալու եմ, թե չէ {հարցաքննության}, ես չեմ ստացել ծանուցագիր մինչև օրս զարմանալիորեն, և ես այդ պատրաստակամությունը հայտնել են դեռևս ոչ հանրայնորեն դեռ անցյալ տարվա աշնանը ու չեմ հարցաքննվել», - ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների աղմկահարույց գործին։
Ըստ այս գործի՝ 120 միլիոն դրամ է պետբյուջեից հափշտակվել։
«Այդ հրամանների հեղինակը ես եմ, և շատ տարօրինակ է, որ հետաքրքիր չեն այդ հրամանի նպատակները։ Եթե կլինեն ապացույցներ, որ որևէ մեկ դրամ պետությունից հափշտակվել է, ես առաջինը կլինեմ այդ ամենը դատապարտողը։
Առողջապահությունում վերահսկողությունը լինում է պոստֆակտում, եթե նման ստուգումների արդյունքում պարզվում է, որ որևէ մեկը սխալ է ներկայացրել թվերը, ավելի գումար է ստացել պետությունից, պարզապես կամ փողերը վերականգնում են բյուջե, եթե դիտավորություն չկա, եթե կա, քրեական պատասխանատվություն», - նշեց առողջապահության նախկին նախարարը։
Քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների աղմկահարույց գործի շրջանակներում այս պահին կալանավորված է միայն «Մեդլայն կլինիկ»-ի տնօրենը։ Կալանքից ազատվեց այս գործով մեղադրյալ միակ պաշտոնյան՝ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, իսկ հիվանդանոցի տնօրենի կալանքը հակառակը՝ ևս երկու ամսով երկարաձգվեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առողջապահության նախկին փոխնախարար Սիմոնյանի փաստաբանը «զավեշտ» է որակում նրան մեղսագրվող հանցագործությունըԱյս մեղադրանքներն, ըստ նախկին նախարարի, առաջադրվել են որովհետև. - «Մենք կոռուպցիայի համաթվի խնդիր ունենք, մենք պետք է ցույց տանք, թե ինչքան անկախ ենք և այլն։
Մեղադրանքի հիմքում չեմ տեսել որևէ ապացույց»։
«Վարորդը չի՞ ուզում անվտանգ քշի իր մեքենան»
Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 տոկոս։
Օգտատերերը հետաքրքրվել էին, որ այս օրենքն ընդունվել է 2005-2007 թվականներին, բայց երբեք չի կիրառվել, ինչո՞վ է այն կարևոր հիմա։
Պատգամավոր Թորոսյանն ասաց, որ Հայաստանն իրավունքի ու օրենքի գերակայության երկիր է, և այդպես պիտի լինի, բացի այդ մեքենան, իհարկե, անձնական տարածք է, սակայն այդ տարածքում օրինախախտ գործողություններ արգելված են։
«Վարորդը չի՞ ուզում անվտանգ քշի իր մեքենան», - հարցրեց նա՝ շարունակելով. - «Նաև այս լուսաթափանցելիության տեսանկյունից ամրագոտիների կապելու, հեռախոսով խոսելու և ղեկին ծխելու հարցն է լուծվում, որից որ խուսափում էին մեր քաղաքացիները մասսայաբար, և ես հուսամ, որ արդեն տեսանելիության պարագայում նրանք ավելի կարգապահ կսկսեն գցել իրենց գոտիները, հեռախոսով չեն խոսի ղեկին և այլն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօրվանից կստուգվի մեքենաների դիմային ու կողային ապակիների թափանցելիությունը
Իշխանության ներկայացուցիչը արձագանքեց նաև դիտարկմանը, թե ինչպես վարչապետն էր նախկինում նշում, «քաղաքացին չպիտի տուգանքի մատերիալ լինի»։
«Քաղաքացին երբեք տուգանվելու մատերիալ չէ և չպետք է լինի, հետևաբար պետք չէ խախտել օրենքները և չտուգանվել», - նշեց նա։
Ինչ վերաբերում է բարձր արագությամբ երեկոյան ժամերին վարելուն, Արսեն Թորոսյանն ասաց, որ «ջիգիթների կողմից գոնկաներ կազմակերպելը խուլիգանության կլասիկ դրսևորում է, և դրան պետք է տրվի քրեաիրավական գնահատական»։ Ինքն այդ հարցով դիմել է ոստիկանություն, և ոստիկանապետն ասել է, որ հրահանգված է, որ ավելի ուշադիր լինեն։
Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության մասին
Հարցերից մեկը վերաբերում է Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության վերաբերյալ իր նախօրեին արած հայտարարությանը։ Արսեն Թորոսյանը այսպես պարզաբանեց.- «Առանց այդ հարցի հասցեագրման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեր հայրենակիցների իրավունքների և անվտանգության հասցեագրման խաղաղություն պատկերացնելը շատ դժվար է, դրա համար դա շատ կարևոր կոմպոնենտ է ընդհանուր այս գործընթացի։ Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիներին, ինչպես գիտեմ ԼՂ-ում ՀՀ քաղաքացիներ չեն ապրում, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ են ապրում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե մեր հայրենակիցների իրավունքներն ու անվտանգությունը չապահովվեն, խաղաղություն չի լինի. իշխող ուժից արձագանքում են Բաքվին
Հարցին, թե ճնշում զգո՞ւմ է սեփական թիմակիցների կողմից, ինչպիսին են հարաբերությունները Տիգրան Ավիանյանի հետ, պատգամավորն արձագանքեց. - «Ոչ չեմ զգում, իսկ ինչի պետք է զգամ։
Իմ հարաբերությունների բոլորի հետ լավ են»։
Քննադատությունների տակ է ընկնում, ինչպես ինքն ասաց, որովհետև, ըստ իրեն՝ միգուցե ոչ այդքան ականջահաճո արտահայտություններ է անում, բայց որոնք «երկրին պետք են»։