Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն կոմիտեն քրգործ է հարուցել՝ պարզելու՝ համավարակին պետական միջոցներն արդյունավետ են ծախսվել, թե ոչ


Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ պարզելու, թե արդյո՞ք 2020-ին՝ քովիդի համավարակի ժամանակ, պետական միջոցներն արդյունավետ են ծախսվել։

Քրեական գործը հարուցվել է մի քանի հոդվածներով՝ յուրացում, պաշտոնական լիազորությունների չարաշահում, պաշտոնական կեղծիք։ Առայժմ կասկածյալներ ու մեղադրյալներ չկան։

Քրեական գործը հարուցելու առիթ է դարձել Հաշվեքննիչ պալատի վերջերս հրապարակած զեկույցը, որը, ուսումնասիրելով 2020-ին՝ քովիդի ամենաթեժ շրջանում Առողջապահության նախարարության գործունեությունը, եզրահանգել է՝ համավարակի դեմ պայքարի համար հատկացված միջոցները նպատակային և արդյունավետ չեն ծախսվել։

2020-ին առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արսեն Թորոսյանը, որն այժմ իշխող ուժի պատգամավոր է։ Նա այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ պալատի զեկույցը վաղը քննարկվելու է խորհրդարանում, և ինքը հանդես կգա ելույթով։ Թորոսյանն օրերս պնդել էր, թե Հաշվեքննիչն ուսումնասիրությունն իրականացրել է թերի տեղեկատվության հիման վրա։ Նախկին նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե այդ թերի տեղեկատվությունը պալատին տրամադրել է լիազոր մարմինը, և ինքը միայն ուրախ կլինի, որ քննությունը կպատասխանի բոլոր հարցերին։

«Քովիդը եթե դա գաղտնիք է եղել հատկապես Հաշվեքննիչ պալատի համար, տենց սյուրպրիզ էր ամբողջ աշխարհին, և հնարավոր չէր նախապես պլանավորել, թե ինչ ծավալների և ինչ տեսակի աշխատանքներ են պետք լինելու անել՝ սկսած, թե ինչ թեստեր են, ինչ քանակով, ինչ թվով պացիենտներ պետք է բուժեն, քանի հիվանդանոց պետք է ծավալենք, և ինձ համար շատ տարօրինակ է, որ Հաշվեքննիչ պալատը տարրական ճշմարտությունները չի հասկանում, և ես, անկեղծ ասած, միտում եմ տեսնում այս հաշվեքննության մեջ», - Factor.TV-ի հետ զրույցում ասել էր Թորոսյանը։

Մինչդեռ համավարակի ծանր օրերից երկու տարի անց հրապարակված զեկույցում Հաշվեքննիչ պալատի մասնագետները եզրակացրել են, որ քովիդի դեմ պայքարի համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացված ավելի քան 26 միլիարդ դրամը ոչ միայն արդյունավետ չի ծախսվել, այլև ծախսը պատշաճ չի վերահսկվել ու պլանավորվել։

Մասնավորապես, ավելի քան 900 միլիոն դրամի աշխատավարձ և պարգևավճար է հատկացվել այն բուժհաստատություններին, որոնք ներառված չեն եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարող հաստատությունների շարքում։

Մեկ հիվանդի բուժումը քովիդի համար վերապրոֆիլավորված բուժհաստատությունում միջինում կազմել է 370 հազար դրամ, իսկ այլ հաստատություններում՝ երկու անգամ պակաս՝ 173 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ, Հաշվեքննիչ պալատը եզրահանգել է, որ քովիդի համար գնումները կատարվել են առանց մրցույթի՝ մեկ անձից։

«26 միլիարդ դրամը, ամսական 2-3 միլիարդ դրամն է, որ մենք պահուստային ֆոնդից վերցրել ենք և չէինք կարող չվերցնել, և բազմաթիվ երկրներ չեն կարողացել նորմալ ֆինանսավորեն կորոնավիրուսային հիվանդության եմ պայքարը ու ավելի վատ արդյունքներ են ունեցել, իսկ մենք ունեցել ենք աշխարհի միջինից լավ արդյունքներ բոլոր առումներով», - համոզված է Արսեն Թորոսյանը։

Ավելի քան մեկ տարի տևած ուսումնասիրությունը խնդիրներ է արձանագրել հոսպիտալացվածների վիճակագրությունում։ Նշվում է, որ 2020-ին «հոսպիտալացվել է» նշումով դեպքերի թիվը 132 հազար է, մինչդեռ, ըստ հրապարակված պաշտոնական վիճակագրության, այդ մարդկանց թիվը չի անցել 80 հազարից։

Երկու տարի առաջ քովիդի ծախսերի արդյունավետությունը կասկածի տակ էին առել նաև խորհրդարանի ընդդիմադիրները։ Դեռ նախորդ գումարման խորհրդարանում ձևավորվել էր քննիչ հանձնաժողով, որի գործունեությունը կիսատ մնաց անցած տարի, երբ արտահերթ ընտրությունների պատճառով խորհրդարանը լուծարվեց։ Հանձնաժողովի նախագահն այն ժամանակ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանն էր։ Ուղիղ մեկ տարի առաջ վարչապետ Փաշինյանն էլ խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր՝ ոչ ոք չի բացառում, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կարող են լինել թերություններ։

«Մենք գիտենք բազմաթիվ թերություններ, խնդիրներ, ընդ որում շատ օբյեկտիվ և սուբյեկտիվ, օբյեկտիվ խնդիրներից մեկը, հիշում եք՝ կորոնավիրուսը երբ մեկնարկում էր, ամբողջ աշխարհն, այսպես ասած, խուճապահար խոսում էր թոքերի արհեստական շնչառության սարքերի մասին, արհեստական շնչառության սարքերը համարվում էին ամենաառանցքային բանը, և կառավարությունն էլ այն ժամանակ, կարծեմ, 100 հատ շատ կարգով ձեռք բերեցինք թոքերի արհեստական շնչառության սարքեր, հետո պրակտիկան ցույց տվեց, որ թոքերի արհեստական շնչառության սարքերը չեն կիրառվում, որովհետև օգուտ չեն տալիս, ընդհակառակը», - ասել էր Փաշինյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեն այժմ պետք է պատասխանի մեկ հարցի՝ արդյո՞ք Արսեն Թորոսյանի ղեկավարած գերատեսչությունում Հաշվեքննիչ պալատի արձանագրած թերությունները հանցագործություն են, թե՝ ոչ։ Առայժմ այդ հարցի պատասխանը չկա, նախաքննություն է ընթանում։

XS
SM
MD
LG