Մատչելիության հղումներ

«Չեմ կարող պնդել, որ արձանագրված թերությունները առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում». Ջանջուղազյան


Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյան
Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյան

Չնայած բազմաթիվ թերություններին, Հաշվեքննիչ պալատը 2020-ին քովիդի սուր շրջանում պետական միջոցների ծախսերի մեջ առերևույթ հանցագործության հատկանիշներ չի հայտնաբերել։ Այսօր խորհրդարանում տեղի ունեցած թեժ քննարկման ժամանակ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանեց, որ իրենք գնահատել են գործընթացը, ոչ թե արդյունքը. - «Հաշվեքննությունը հաշվեքննության շրջանակում էն, ինչ որ օրենքով իրավասություն ունի, չի տեսել առերևության հանցագործության հատկանիշ պարունակող որևէ կասկած, դրա հետ կապված չունի որևէ մտահոգություն։ Էն, ինչ որ շահարկվում ա և այլն, հաշվեքննությունը էդպիսի կասկած չի ունեցել, որևէ դրսևորում էդպիսի կասկածի չկա»։

Այնինչ զեկույցի հրապարակումից հետո իրավապահները յուրացման, պաշտոնական լիազորությունների չարաշահման և պաշտոնական կեղծիքի հատկանիշներով քրեական գործ են հարուցել՝ պարզելու, թե արդյոք Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ղեկավարած գերատեսչությունը խախտումներ է թույլ տվել։

Հաշվեքննիչ պալատի մասնագետները եզրակացրել են, որ համավարակի դեմ պայքարի համար հատկացված միջոցները նպատակային և արդյունավետ չեն ծախսվել։ Ընդ որում, պետության պահուստային ֆոնդից հատկացված ավելի քան 26 միլիարդ դրամը ոչ միայն արդյունավետ չի ծախսվել, այլև ծախսը պատշաճ չի վերահսկվել ու պլանավորվել։

Ըստ զեկույցի, օրինակ, վերահսկողական մեխանիզմի բացակայության պայմաններում քովիդ կենտրոնների վերածված հիվանդանոցներին վճարվել է 152 միլիոն դրամով ավելի շատ աշխատավարձ, քան պետք է վճարվեր փաստացի կատարած աշխատանքի դիմաց։

Սա շեղում է, ասաց Ջանջուղազյանը՝ դժգոհելով զեկույցի մասին իշխանական պատգամավորների քննադատությունից. - «Իսկ ռազմավարական պլան ունեցե՞լ ենք համաճարակներին հակազդելու, թե՞ ոչ։ Սա է հարցը։ Էս հարցը բաց ենք թողել, ասում ենք, որ Հաշվեքննիչ պալատը կարող էր ավելի լավ աշխատել։ Ձեր հետ ամբողջությամբ համաձայն եմ, այո, այստեղ քիչ բան է արձանագրված»։

Արսեն Թորոսյան
Արսեն Թորոսյան

Մինչդեռ այժմ իշխող ուժի պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը նախ հիշեցրեց, որ 2020-ին Ջանջուղազյանը ֆինանսների նախարարի պաշտոնն էր զբաղեցնում նույն կաբինետում ու միասին էին պայքարում քովիդի դեմ, ապա ասաց, որ միտում է տեսնում այս ուսումնասիրության մեջ։ Հարցրեց՝ ինչպե՞ս կարող էին գործողությունների հստակ պլան ունենալ, եթե ողջ աշխարհը կանգնել էր աննախադեպ ճգնաժամի առջև. - «Այստեղ ոչ մասնագիտական մարմնի կողմից մասնագիտական գնահատականներ են տրվել, որի համար, վստահ եմ, որ ո'չ կան բավարար գիտելիքներ, ո'չ էլ, այո, ենթադրվում ա, որ պետք ա լինեն։ Հետևաբար նպատակի մեջ էլ նորից հղում անելով ձեր կարդացածին, պարոն Ջանջուղազյան, դուք տենց եք հասկանում, բայց իրականացման գնահատումը շատ քիչ ա... դժվար ա տարբերակել։ Կամ որն ա էդ սահմանը, օրինակ, արդյունքի գնահատումից։ Իրականացման գնահատումը, իմ կարծիքով, նաև արդյունքի գնահատումն ա»։

Իր հերթին, նրա գործընկեր, պատգամավոր Գևորգ Պապոյանը հարցրեց՝ կա՞ զարգացած մի երկիր, որ ուներ նման պլան. - «Եթե որևէ աշխատանք չի իրականացվել, էդ ինչպե՞ս ա, որ այնուամենայնիվ այ էսքան աշխատանք ա իրականացվել, և այնուամենայնիվ հարյուր հազարավոր մարդիկ են բուժվել, և տասնյակ հազարավոր մահերից ենք խուսափել։ Օրինակ, աշխարհում քանի՞ երկիր գիտեք, որ 2019 թվականի հունվարից որևէ աշխատանք էր իրականացվել և պատրաստ էր քովիդի դեմ պայքարին և Հայաստանից ավելի արդյունավետ է պատրաստվել։ Տնտեսապես զարգացած քանի՞ երկիր եք ուսումնասիրել էս եզրակացությանը գալու համար»։

Նիստին ներկա Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պնդեց, թե Հայաստանն առաջին երկրներից էր, որը գործողությունների պլան մշակեց։ Ավանեսյանը 2020-ին զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։

Ջանջուղազյանը հակադարձում էր, թե եղել են դեպքեր, երբ կատարված ծախսերը հնարավոր չէ գնահատել որպես կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրի քայլ։ Օրինակ, հիվանդանոցներից մեկի բակի նորոգումն ի՞նչ կապ ունի համավարակի դեմ պայքարի հետ, երբ ծախսվել է 136 միլիոն դրամ։

Անահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարն իր պատասխանն ուներ. - «Դժվար է հաշվել իհարկե՝ կոյուղին քովիդին վերաբերվել է թե ոչ։ Եվ բակը ինչո՞ւ ենք վերանորոգել։ Որովհետև ամբողջ կոյուղու համակարգը եղել է փտած, և քովիդի սպասարկման ընթացքում շինարարական աշխատանքները նաև ուղղվել են ամբողջ շենքի կոյուղու համակարգի հիմնանորոգմանը, որովհետև լրջագույն խնդիրներ կան»։

Եթե նիստի սկզբում քննարկումը բավականին թեժ էր, ապա վերջում մթնոլորտը հանդարտվեց։ Զեկույցի հիման վրա հարուցված քրեական գործով կասկածյալներ, մեղադրյալներ այս պահին չկան։ Այժմ իրավապահներ պետք է գնահատեն՝ հանցագործություն կատարվե՞լ է, թե՞ ոչ։

XS
SM
MD
LG