Բլինքեն-Ֆիդան առաջին զրույցի հինգ թեմաներից երկուսը առնչվել են Հայաստանին

Անցած գիշեր կայացել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանի առաջին հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկված հինգ թեմաներից երկուսը անմիջականորեն առնչվել են Հայաստանի Հանրապետությանը։

Թուրքիայի պետական հեռուստատեսությունը, երկրի ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրությունը վկայակոչելով, տեղեկացնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում բարձրաստիճան դիվանագետները «քննարկել են Սև ծովով Ուկրաինայից հացահատկի արտահանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը, Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Կիևի՝ Ռուսաստանը թույլ չի տալիս նավերին մուտք գործել Ուկրաինայի Պիվդեննի նավահանգիստ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել և շնորհավորել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարին

Ուշագրավ է, ի դեպ, որ ամերիկյան կողմը մինչ այս պահը Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում կամ էլ սոցիալական ցանցերի պաշտոնական օգտահաշիվներից որևէ մեկում հեռախոսազրույցի մասին տեղեկատվություն չի հրապարակել։ Ավելին, Բլինքենի և Թուրքիայի ԱԳՆ զրույցից մի քանի ժամ առաջ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հրաժարվում էր հստակեցնել, թե երբ է նախատեսված երկու դիվանագետների առաջին շփումը։

«Թուրքիան կարևոր գործընկեր է և ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցն է։ Ես գիտեմ, որ պետքարտուղարը անհամբերությամբ սպասում է իր նորանշանակ գործընկերոջ հետ զրույցին, սակայն ես որևէ ժամանակացույց այդ առումով ներկայացնել չեմ կարող, չեմ կարող ասել, թե երբ դա տեղի կունենա։ Կարող եմ միայն ասել, որ նա ցանկանում է, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է շուտ», - հայտարարում էր Պատելը։

Թուրքական կողմի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Էնթոնի Բլինքենի ու Հաքան Ֆիդանի առաջին հեռախոսազրույցի ընթացքում կողմերը բավական հանգամանորեն կանգ են առել ևս մեկ թեմայի՝ Թուրքիայի կողմից ամերիկյան արտադրության F-16 կործանիչների ձեռքբերման և թուրքական բանակի զինանոցում արդեն իսկ առկա օդանավերի արդիականացման խնդրին։ Այս հարցը Վաշինգտոնի և Թուրքիայի միջև վերջին տարիներին ի հայտ եկած առանցքային տարաձայնություններից մեկն էր։ Մի քանի տարի է արդեն, ինչ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Թուրքիան ցանկանում է ամերիկյան Lockheed Martin ընկերության կողմից արտադրված 40 կործանիչներ գնել, ինչպես նաև պահեստամասեր և ծրագրային ապահովում ստանալ իր տրամադրության տակ գտնվող թվով 80 F-16-երի համար՝ դրանք արդիականացնելու նպատակով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինա, F-16, ՆԱՏՕ-ի ընդլայնում՝ Բայդեն-Էրդողան բանակցությունների առանցքային թեմաները

Մի քանի տարի շարունակ ամերիկյան կողմը արգելափակում էր այս գործարքը։ Վերջին ամիսներին, սակայն, այս հարցում Անկարայի և Վաշինգտոնի մոտեցումներում որոշակի մերձեցում է նկատվել, մեկնարկել են խնդրին նվիրված տեխնիկական բանակցությունները։ Մայիսին վերջին նախագահ Բայդենը հայտարարեց, որ թուրքական ընտրություններից հետո Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ կայացած առաջին հեռախոսազրույցի ընթացքում նաև այս հարցն է քննարկել։

«Էրդողանը դեռ ցանկանում է ինչ-որ համաձայնությա գալ F-16-ների հարցում։ Ես էլ նրան ասացի, որ մենք էլ ցանկանում ենք ընդհանուր հայտարարի գալ Շվեդիայի [ՆԱՏՕ-ին անդամակցելու] խնդրում, այնպես որ կշարունակենք կապ պահպանել միմյանց հետ», - նշում էր Բայդենը։

Ավելի վաղ Սպիտակ տունը կարողացել էր Միացյալ Նահանգների Կոնգրեսից գործարքի ոչ ֆորմալ հավանություն ստանալ։ Չնայած դրան չի բացառվում, որ այս հարցի պաշտոնական քննարկումների փուլում ամերիկացի օրենսդիրներից ոմանք փորձեն արգելափակել Անկարայի հետ գործարքի վերջնական կնքումը։