Թուրքական լիրան գահավիժման նոր ռեկորդներ է սահմանում 

Թուրքիայի ազգային արժույթը, որը 12-րդ օր անընդմեջ գահավիժում է, այսօր առավոտյան 2021 թվականից ի վեր իր ամենամեծ՝ յոթ տոկոսանոց անկումն է գրանցել։ Մեկ դոլարը առևտրային բորսաներում արժե 23.14 լիրա։

Թուրքիայի տնտեսությունը մեծապես կախված է ներմուծումից․ սննդամթերքից մինչև տեքստիլ և այլ ապրանքատեսակներ ներմուծվում են դրսից, հետևաբար սպառողական ապրանքների գները երկրում ուղղակիորեն կախված են լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքից։ Մասնագետների կարծիքով՝ թուրքական տարադրամի գահավիժումն այսքանով չի սահմանափակվի։

Թուրք տնտեսագետ Էնվեր Էրքանը նշում է՝ լիրան այժմ սկսել է ձերբազատվել արհեստական կայունացնող միջոցներից, որոնք ձեռնարկվել էին, մասնավորապես, ընտրություններից առաջ՝ երկրում տնտեսական ավելի բարենպաստ պատկեր ունենալու համար։ «Ընտրություններից առաջ արժութային կուրսի շարժը խիստ ճնշվել է այլընտրանքային ֆինանսական գործիքներով։ Այս փուլում մենք տեսնում ենք ավելի լիբերալ մոտեցում, որը հնարավորություն է տալիս թուրքական լիրային մոտենալ իր իրական արժեքին: Արտարժույթի փոխարժեքը ճնշման տակ պահող գործիքները կոպիտ միջոցներ էին, որոնք փորձում էին ինչ-որ կերպ զսպել դոլարայնացմանը»,- Reuters-ի հետ զրույցում լիրայի դրամատիկ արժեզրկումն է մեկնաբանում թուրք տնտեսագետ Էրքանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանի դարաշրջանը Թուրքիայում շարունակվում է
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքական ազգային արժույթի՝ լիրայի աննախադեպ արժեզրկումը շարունակվում է

Թուրքիայի ազգային արժույթը տենդի մեջ է 2021 թվականից․ բարձր գնաճի ֆոնին՝ նախագահ Ռեջեփ Էրդողանը որոշել էր իրավիճակը կարգավորել ոչ թե արդեն գիտությանը հայտնի փորձված գործիքներով, այլ ոչ ավանդական մեթոդներով։ Չնայած բազմաթիվ նախագզուշացումներին՝ Թուրքիայի նախագահն, այդուհանդերձ, Կենտրոնական բանկին կարգադրել էր նվազեցնել տոկոսադրույքները՝ համոզմունք հայտնելով, որ ցածր տոկոսադրույքների պահպանումը մրցունակ տարադրամի պայմաններում կնպաստի տնտեսական աճին և Թուրքիայի արտահանման պոտենցիալին։ Արդյունքում արդարացան ոչ թե Էրդողանի պատկերացումները, այլ մասնագետների հոռետեսական կանխատեսումները։ Ֆինանսական քաղաքականության այդ կոպիտ միջամտության հետևանքով Թուրքիայում գնաճը անցած տարի հասել էր 85 տոկոսի, ինչն իր հերթին հանգեցրել էր գործազրկության, սոցիալական լարվածության, որն այսօր էլ չի թուլացել, թեև գնաճը այժմ 44 տոկոսի մակարդակում է։ Բարձր գները պահպանվում են հատկապես պարենային շուկայում։

«Բոլորի գնողունակությունը նվազել է, դա շատ հստակ է։ Հատկապես այն օրերին, երբ շուկայում միրգ-բանջարեղեն է վաճառվում, շատ պարզ երևում է, թե որքան է նվազել մարդկանց գնողունակությունը»,- VOA-ի հետ զրույցում ասում է թուրք առևտրական Գուրոլ Շիմշեքը։

Ընտրություններից հետո այժմ ամենամեծ հարցն է՝ ինչպե՞ս է բուժվելու թուրքական տնտեսությունը։ Ֆինանսների նախարարի պաշտոնում Մեհմեթ Շիմշեքի նշանակումը, որոշ գնահատականներով, իրավիճակի բարելավում է ուրվագծում։ Մինչև պաշտոնը ստանձնելը Շիմշեքը, ներկայացնելով տնտեսությունը կայունացնելու սեփական պլանը, կարևորել է Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների բարձրացումը, ֆինանսական վերահսկողությունը թուլացնելը, ինչպես նաև արժույթային կուրսին միջամտելուց հրաժարվելը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքական լիրայի ռեկորդային արժեզրկումը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիա. Ավերիչ երկրաշարժից մեկ ամիս անց

«Թուրքիան այլ ելք չունի, քան վերադառնալ ռացիոնալ քաղաքականությանը։ Թափանցիկություն, կանխատեսելիություն, հետևողականություն և համատեղելիությունը միջազգային նորմերին կլինեն հիմնական սկզբունքները»,- հայտարարում էր 2009 թվականից վեց տարի Թուրքիայի ֆինանսների նախարարի պաշտոնն զբաղեցրած Շիմշեքը, որը հրաժարականից հետո վերջին տարիներին որպես տնտեսագետ էր աշխատում արևմտյան առաջատար բանկերից մեկում։

Ռացիոնալ, առավել ուղղադավան տնտեսական քաղաքականության կողմնակից Շիմշեքի ընտրությունը վկայում է Թուրքիայում սոցիալական սուր ճգնաժամը մեղմելու Էրդողանի ցանկության մասին, կարծում է տնտեսական փորձագետ Թիմոթի Էյշը՝ ենթադրելով, որ էրդողանը ի վերջո որոշել է գործը վստահել մասնագետներներին։

«Սա նշանակում է 180 աստիճանի շրջադարձ էրդողանի տնտեսական քաղաքականությունում։ Հիշում եք, վերջին տասնամյակում էրդողանը հիմնականում ոչ ուղղադավան քաքաղաքականություն է վարել։ Շիմշեքը Էրդողանի նախորդ վարչակազմում էր և հեռացել է, քանի որ այդ ամենի հետ համաձայն չէր։ Դրա համար եմ կարծում՝ այն փաստը, որ նա վերադարձել է, խոսում է այն մասին, որ Էրդողանը հասկացել է, պետք է ինչ-որ բան այլ կերպ անել»,- ենթադրում է ամերիկացի տնտեսագետը։