Անցած շաբաթ օրը Թուրքիայում տեղի ունեցավ այն, ինչ դեռ մեկ ամիս առաջ վերլուծաբաններն են կանխատեսել՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունեց այս տարվա հունիսի 18-ին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրություններն ավելի քան մեկ ամիս շուտ՝ մայիսի 14-ին անցկացնելու որոշում:
«Շնորհակալ եմ Աստծուն, որ մենք ձեզ հետ՝ կողք կողքի, միասին կանցնենք այս ճանապարհը, մեր ջահելներն առաջին անգամ կմասնակցեն ընտրություններին, որոնք տեղի կունենան մայիսի 14-ին», - ասել է Էրդողանը Բուրսայում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ:
Հանրային վերջին հարցումների արդյունքները վկայում են, որ պայքարը բավական լարված ու հավասար կլինի, և այդ ընտրությունները, հավանաբար, կդառնան երկու տասնամյակ իշխող Էրդողանի համար ամենալուրջ փորձությունը:
Ընտրություններն ավելի վաղ անցկացնելու հարցն անցած տարվա աշնանից է քննարկվում: Անդրադառնալով թեմային, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները նշել են, թե հունիսն ամառային արձակուրդների շրջան է, և ավելի նպատակահարմար է քվեարկությունը դրանից շուտ կազմակերպել ու այդպես մեծ թվով քաղաքացիների ընձեռել իշխանությունը ձևավորելու հնարավորություն:
Մինչդեռ, վերլուծաբաններից շատերը համոզված են, որ պատճառն այստեղ ընտրողների շրջանում Էրդողանի և նրա թիմի վարկանիշի հետզհետե ավելի ուրվագծվող անկումն է:
Էրդողանի օրոք Թուրքիան միջազգային ասպարեզում ամրապնդել է դիրքերը, դարձել է տարածաշրջանի գերտերություն, առանց կաշկանդվելու փորձում է ազդել համաշխարհային առանցքային զարգացումների վրա, տնտեսության զարգացման մակարդակով իր տեղն ունի «Մեծ քսանի» խմբում:
Բայց երկրի ներսում աննախադեպ սղաճ է, միլիոնավոր բնակիչների կենսամակարդակի անկում է գրանցվել, ազգային տարադրամը՝ լիրան, արժեզրկվել է, ժամանակին «միջին խավին» դասվողների զգալի մասն այժմ դժվարությամբ է հոգում օրվա կարիքներն, իսկ էժան գնով պետությունից հաց գնողների հերթերն ավելի են երկարել:
Այդ դժգոհության մասին վկայում են վերջին շաբաթներին Թուրքիայի ամենամեծ քաղաքի՝ Ստամբուլի փողոցներում Reuters գործակալության անցկացրած հարցումները:
«Վիճակն իսկապես վատ է, ոչ միայն ես եմ այս պայմաններում, շատ-շատերն են, գները կրկնապատկվել են»,- ասել է ստամբուլցի Հաքան Շահինը:
«Մենք նախընտրում ենք այս հացը, որովհետև ավելի էժան է, մենք սովորաբար առնում էինք չորս հաց, բայց հիմա մեկն արժե 3 լիրա, ո՞նց առնենք, ո՞ւր գնանք, աշխատանք չկա, ո՞վ մեզ կօգնի»,- ասել է Ռամազան Քամբայը:
17 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլը կարող է վճռորոշ դեր կատարել ընտրություններում:
Այդ քաղաքում մեծ հեղինակություն է վայելում քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով դեռ շաբաթներ առաջ համարվել է Էրդողանի հիմնական մրցակիցը:
Նախագահի թիմը գտել է նրան վնասազերծելու միջոցը՝ դատարանը քաղաքապետին մեղավոր է ճանաչել տարիներ առաջ ՏԻՄ ընտրությունների արդյունքները չեղարկած ընտրական հանձնաժողովի անդամներին «հիմարներ» անվանելու համար:
Արձագանքելով դեկտեմբերի 14-ի դատավճռին, որը դեռ կարող է բողոքարկվել, ծագումով քուրդ ընդդիմադիր պատգամավոր Սեզգին Թանրիկուլուն ասել է, թե Էրդողանը գնալով ավելի կոպիտ մեթոդներով է ոտնահարում իրավական գործընթացը:
«Էրդողանը փորձում է դատարանների օգնությամբ քաղաքական ասպարեզից դուրս հանել մրցակիցներին»,- ասել է ընդդիմադիր օրենսդիրը:
Ստամբուլում այդ դատավճռից հետո տեղի են ունեցել բողոքի ցույցեր: Մեգապոլիսի բնակիչները գիտակցում են, որ Էրդողանն այս հարցում մտածում է ոչ այնքան քննադատությունից և «հիմար» բառից վիրավորված ընտրական հանձնաժողովի անդամների, որքան իր նախընտրական հարցերի մասին:
«Օրենքը, իրավունքը, արդարությունը՝ բոլորի համար են, չի կարելի բռնազավթել իշխանությունը»,- ասել է Reuters-ի զրուցակից մի ստամբուլցի:
Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի խոսնակ Ունալ Չևիկոզն ասել է, որ վեց ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը փետրվարին կհայտնի միացյալ թեկնածուի անունը: