Կամավոր ատեստավորման մեկնարկից երկու տարի անց Հայաստանի շուրջ 30 հազար ուսուցիչների միայն 5.5 տոկոսն է հաղթահարել քննությունը։ Մնացած 94.5 տոկոսն առայժմ խուսափում է այս գործընթացին մասնակցելուց։
Ատեստավորումը հնարավորություն է տալիս զգալիորեն բարձրացնել աշխատավարձը, բայց ուսուցիչների ճնշող մեծամասնությանն այն առայժմ փաստացի չի գրավել։
Կամավոր ատեստավորումն իրականացվում է քննական թեստերի միջոցով. մասնակցածներն այն կառուցվածքով նմանեցնում են դիմորդների միասնական քննություններին։ Որքան միավորը բարձր է, այնքան մեծ է աշխատավարձի հավելավճարը։ Կարգն այսպիսին է. եթե մանկավարժը 60 տոկոսից պակաս միավոր է հավաքում, չի անցնում ատեստավորումը։ Բավարար բալեր չհավաքածները պետք է վերապատրաստվեն, հետո դարձյալ մասնակցեն, թե այդ ժամանակ էլ կտրվեն՝ կզրկվեն դասավանդելու իրավունքից։
Գործընթացը կիրականացվի ամեն տարի, այս շաբաթ Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը։ Թեև առայժմ ժամկետներ չկան, բայց ըստ Նիկոլ Փաշինյանի, գալու է ժամանակը, երբ դպրոցներում ատեստավորում չանցած մանկավարժներ չեն լինի:
«X պահից, ես չգիտեմ, դա որ թիվը կլինի, բայց X պահից ատեստավորում չանցած ուսուցիչներն այլևս դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա», - ընդգծեց կառավարության ղեկավարը:
Անցած տարի, օրինակ, կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների մեկ երրորդը բավարար միավորներ չէր հավաքել և այս տարի պետք է մեկ անգամ էլ «քննություն հանձնի»։ Կրթության նախարարությունից տեղեկացնում են նրանք այժմ կնախապատրաստվեն։
Մանկավարժի խոսքով՝ ցածր մասնակցության պատճառը հիմնականում մտավախությունն է, թե թեստը չեն հաղթահարի
«Կնոկրետ մեր դպրոցում բուռն կերպով աշխատանքներ ենք մենք մեր մեջ տանում, որպեսզի բոլորը մասնակցեն և հաղթահարեն», - ասաց Երևանի համար 190 ավագ դպրոցում հայոց լեզու և գրականություն դասավանդող Գոհար Բալեյանը:
Բալեյանը 2021-ին է անցել կամավոր ատեսատավորումը և այժմ ավելի քան երկու անգամ բարձր աշխատավարձ է ստանում։ Մանկավարժի խոսքով՝ ցածր մասնակցության պատճառը հիմնականում ուսուցիչների մտավախությունն է, թե թեստը չեն հաղթահարի. - «Դա նրանք կապում են նրա հետ, որ միգուցե նրանց հեղինակության վրա ինչ-որ կերպ ազդի»:
Բալեյանը նաև համաձայն է փորձագետների այն գնահատականի հետ, որ ատեստավորումը ուսուցիչների մասնագիտական ունակությունների ստուգելու լավագույն եղանակը չէ. - «Թեստ գրողը դեռևս չի նշանակում, որ նա լավ ուսուցիչ կարող է լինել, դա մեկ: Երկրորդ՝ թեստը լավ գրելու համար բազմաթիվ գործոններ կան, որոնք կարող են նպաստել, օրինակ, առաջին գործոնը՝ հուզականությունը կառավարելը, ժամանակի մեջ տեղավորվելու համար արագությունը, որը ոչ բոլորին է բնորոշ»:
Չնայած թեստերի հարցերը առարկայական ծրագրից են, սակայն ձախողելու հավանականությունը մեծ է, ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
«Շատ անկանխատեսելիություն կա, և ուսուցիչների համար անհասկանալի է՝ իրենց մոտավորապես ինչ են հարցնելու: Առարկաների միջև կան անհամամասնություններ: Օրինակ՝ անցած տարի պատմություն առարկայից Գնահատման և թեստավորման կենտրոնի նմուշն ավելի բարդ էր, քան՝ Մանկավարժական համալսարանի: Այսինքն՝ նույն առարկան էր նույն ուսուցիչների համար, բայց մի թեստը բարդ էր, մյուսը հեշտ էր», - նշեց փորձագետը:
Թեստերի և առաջադրանքների որակը տարեցտարի բարելավվում է. ԿԳՄՍ նախարար
Թեստերի և առաջադրանքների որակը տարեցտարի բարելավվում է, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, բացի այդ այժմ նաև շտեմարաններ են կազմում, որպեսզի ուսուցիչները կարողանան նախապես առաջադրանքներին ծանոթանալ:
«Կարծում եմ, որ մեր ուսուցիչներն էլ ամեն տարվա հետ կտեսնեն, որ դրա մասով իրենց բոլոր մտահոգությունները անհիմն են՝ թե՛ օբյեկտիվության, թե՛ վարձատրության իրական բրձրացման», - ասաց Անդրեասյանը:
Թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը. ԳԹԿ-ից տեղեկացրին՝ այժմ հենց դրանց մշակման փուլն է։
Սա միակ խնդիրը չէ, շեշտում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Ըստ նրա մանկավարժները դրանք լրացնելիս անհավասար պայմաններում են գտնվում։ Ավագ դպրոցի ուսուցիչը ամեն օր առնչվում է իր առարկայի բարդ թեմաների հետ, նրանց համար ավելի հեշտ է, այնինչ ցածր դասարանների ծրագիրն այլ է:
«Այն ուսուցիչները, որոնք հիմնական դպրոցում են դասավանդում, իրենք 10-12-րդ դասարանների ծրագիրը չեն դասավանդում, իհարկե, մենք կարող ենք իրենց ասել, որ՝ երբ դուք դիպլոմ եք ստացել, այդ դիպլոմը չի եղել 1-9-րդ դասարանների ուսուցչի դիպլոմ, եղել է ամբողջական: Բայց եթե ռեալ նայում ենք, մարդը եթե ինչ-որ մի բան չի անում տևական ժամանակ, մոռանում է», - ընդգծեց Խաչատրյանը:
Կամավոր ատեստավորման հաջորդ փուլն այս աշնանը կանցկացվի, այժմ դիմումներ են ընդունվում։ Ի տարբերություն նախորդների՝ այս տարի կարող են դիմել բոլոր առարկաների ցանկացած դասարանում դասավանդող մանկավարժները։ Նախարարությունից փոխանցեցին՝ արդեն իսկ ավելի քան 3000 դիմում ունեն։