Արևմուտքը ուժեղացնում է ճնշումները Թուրքիայի նկատմամբ՝ Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենմբերգը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Էրդողանին կոչ են անում անհապաղ վերացնել Շվեդիայի անդամակցության գործընթացում խոչընդոտները։
Ամերիկյան դիանագիտության ղեկավարը պնդել է՝ սկանդինավյան այդ երկիրը արդեն ձեռնարկել է բոլոր այն կարևոր քայլերը, որոնք թուրքական կողմը պահանջում էր Ստոկհոլմի հայտը վավերացնելու համար։
«Մենք կոչ ենք անում Թուրքիային, ինչպես նաև Հունգարիային, որը ևս չի վավերացրել [Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին] փաստաթուղթը, շուտափույթ կերպով հաստատել այն։ Շվեդիան պատրաստ է դաշինքին անդամակցելուն և խոչընդոտներ հարուցելու որևէ պատճառ չկա։ Այս որոշումը կայացնելու պահը հիմա է», - նշել է Բլինքենը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան Շվեդիայի համար չի փակել ՆԱՏՕ-ի դռները. ՔալընՊետքարտուղար Բլինքենը միևնույն ժամանակ հերքել է պնդումները, թե Թուրքիայի կողմից Շվեդիայի անդամակցության հաստատումից է կախված F-16 կործանիչների վաճառքն Անկարային, թեև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը ակնարկել էր, որ այդ երկու հարցերը փոխկապակցված են իրար հետ։
«Ես խոսել եմ Էրդողանի հետ, ես շնորհավորել եմ Էրդողանին, նա դեռ ցանկանում է լուծել F-16- օդանավերի հետ կապված հարցը։ Ես ասացի, որ մենք ցանկանում ենք պայմանավորվել Շվեդիայի հետ, այնպես որ եկեք անենք», - թուրք պաշտոնակցի հետ հեռախոսազրույցից հետո լրագրողներին պատմել է Սպիտակ տան ղեկավարը։
Նախագահ Բայդենի կուսակից, բարձրաստիճան սենատոր Բոբ Մենենդեսը, որը տևական ժամանակ դեմ էր հանդես գալիս Թուրքիային 20 միլիարդ դոլարի ամերիկյան կործանիչներ վաճառելուն, ավելի հստակ է արտահայտվել․ ԱՄՆ Սենատի՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է՝ եթե Էրդողանը ցանկանում է հաջողության հասնել F-16-երի ձեռքբերման հարցում, ապա պետք է հրաժարվի ռազմատենչ պահվածքից ինչպես ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այնպես էլ Թուրքիայի հարևանների նկատմամբ։
«Այժմ կարևոր է, թե դեպի ուր է տանում Էրդողանը Թուրքիան։ Եթե նա ցանկանում է փոխել իր ընթացքը, ապա ես անհամբեր կսպասեմ դրան», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է ազդեցիկ սենատորը և հավելել՝ եթե Էրդողանը մտադիր չէ փոխվել, ապա ինքն էլ հակված է պահպանել իր դիրքորոշումը և արգելափակել ամերիկյան օրենսդիր մարմնի հավանությունից կախված այդ գործարքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենն ու Բլինքենը շնորհավորել են ԷրդողանինՆԱՏՕ-ի անդամ երկրները Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու արձանագրությունները ստորագրել են դեռևս անցած տարվա հուլիսին։ Դաշինքի անդամ Թուրքիան, սակայն, արգելափակել է անդամակցության գործընթացը՝ սկանդինավյան զույգից պահանջելով քրդական կազմակերպություններն ահաբեկչական ճանաչել, արտահանձնել ահաբեկչության մեջ մեղադրվողներին և չեղարկել Անկարային զենքի վաճառքի արգելքը։
Արևմուտքից հնչող պահանջներին Անկարայից դեռ չեն արձագանքել
Անցած ամիս Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը։ Շվեդիայի հարցում Թուրքիան շարունակում է պահանջներ առաջ քաշել։ Անկարային գոհացնելու համար Ստոկհոլմը խստացրել է երկրի հակաահաբեկչական օրենսդրությունը և պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել Անկարայի պնդումները, թե Շվեդիայի քրդական համայնքը դարձել է Թուրքիայի կողմից ահաբեկչական կառույց հռչակված Քուրդիստանի բանվորական կուսակցության ֆինանսավորման գլխավոր աղբյուրը։ Այդ զիջումների դիմաց Ստոկհոլմի հայտը վավերացնելու Արևմուտքից հնչող պահանջներին Անկարայից դեռ չեն արձագանքել։
Հետընտրական Թուրքիայում իշխանությունները, ինչպես հաղորդվում է՝ կառավարության նոր կաբինետի ձևավորման շուրջ քննարկումներն են անցկացնում։ Hürriyet թուրքական պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Էրդողանը պլանավորում է գրեթե ամբողջությամբ փոխել նախարարական կաբինետը, որտեղ իրենց պաշտոնները կպահեն միայն արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանի դարաշրջանը Թուրքիայում շարունակվում էՆույն աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) երկարամյա տնօրեն Հաքան Ֆիդանը կարող է փոխնախագահ նշանակվել: Oda TV-ի տեղեկություններով՝ Էրդողանի տեղակալի պաշտոնում Ֆիդանը կարող է համակարգել ուժային կառույցների, մասնավորաբար, MIT-ի, Ներքին գործերի նախարարության և ռազմական ոստիկանության (ժանդարմերիա) գործունեությունը։
Ակնկալվում է , որ արդեն հունիսի 3-ին քառորդ դար իշխանությունը ձեռքում պահող էրդողանը պաշտոնապես կստանձնի նախագահի պաշտոնը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ երդմնակալության արարողությունը տեղի կունենա խորհրդարանում, որտեղ իշխող դաշինքը ստացել է օրենսդիր մարմնի 600 տեղերից 323-ը։