«Չեմ կարծում, թե Արևմուտքը բավարար լծակներ ունի կամ կցանկանա այդ լծակները կիրառել Ադրբեջանի նկատմամբ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը:
«Ազատություն». - Դուք տեսնո՞ւմ եք Արցախը հայկական պահելու հնարավորություն այսօր:
Արմեն Բաղդասարյան. - Այո, իհարկե, տեսնում եմ այդ հնարավորությունը, Արցախում մի քանի հազար տարի հայեր են ապրել և շատ ավելի ծանր իրավիճակներում և, այո, հնարավորություն կա: Այլ հարց է, որ այդ հնարավորությունը պետք է փնտրել երևի ոչ թե միջազգային իրավունքի շրջանակներում, միջազգային կամ քաղաքակիրթ աշխարհի աջակցությամբ, այլ համագործակցելով այն պոտենցիալ դաշնակիցների հետ, որոնց գոնե տեսականորեն ձեռնտու է, որ այնտեղ հայեր ապրեն: Հայաստանը, ցավոք սրտի, միայնակ չի կարող ապահովել դա, Արցախի պաշտպանության բանակն առավել ևս, և հասկանալի է, որ դա պետք է արվի միայն դաշնակիցների աջակցությամբ, օրինակ, Ռուսաստանի, որին հասկանալի պատճառներով ձեռնտու է, որ այնտեղ ապրեն հայեր, գոնե տեսականորեն: Օրինակ՝ Իրանի, ոչ թե նրա համար, որ նրանք շատ սիրում են հայերին, այլ որովհետև, ամենայն հավանականությամբ, եթե այնտեղ հայեր չապրեն, Ադրբեջանն այդ տարածքները կբնակեցնի Իրանի համար վտանգավոր ինչ-որ տարրերով: Այսինքն՝ կա խնդիր, կա նպատակ, կա կամք և կան, գոնե, պոտենցիալ դաշնակիցներ, որոնց հետ կարելի է աշխատել:
«Ազատություն». - Պատերազմից հետո հենց Ռուսաստանի հետ էլ կապվել են այդ հույսերը, նրանք էին արցախահայերին վերադարձնում հայրենիք՝ անվտանգության երաշխիքներով, բայց չի աշխատում այլևս այդ համակարգը:
Բաղդասարյան. - Այդ համակարգը շատ վատ է աշխատում, որովհետև եթե այդ համակարգն ընդհանրապես չաշխատեր, այնտեղ հայեր չէին ապրի, համաձայն եմ, շատ վատ, խայտառակ վատ է աշխատում: Պարզապես այլընտրանքն առայժմ չի երևում, որովհետև մենք տեսնում ենք միջազգային հանրության, կառույցների արձագանքները, որոնք գուցե շատ ավելի ականջահաճո են և մեզ համար ավելի հաճելի են թվում, օրինակ, Հաագայի դատարանի որոշումը, որն այդպես էլ թղթի վրա մնաց, մենք տեսնում ենք Արևմուտքի, մասնավորապես, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի հայտարարությունը, թե ինչպես են նրանք պատկերացնում, ինչպես իրենք էին ձևակերպել, նախկին ԼՂԻՄ հայերի և Ադրբեջանի երկխոսությունը, մենք տեսնում ենք, որ դա անվտանգության որևէ երաշխիք չի, հակառակը, դա էթնիկ զտումների, տեղահանության լեգիտիմացման նույնիսկ ինչ-որ փորձ ես կանվանեի:
«Ազատություն». - Պարզապես Ռուսաստանի գործողությունների տրամաբանությանը հետևելով, նրանք կարող է երկու տարուց խաղաղապահներին էլ հանեն, որովհետև ոչ մի Ադրբեջանի ոտնձգության, ըստ էության, չեն արձագանքում:
Բաղդասարյան. - Ճիշտ է՝ կարող է երկու տարի հետո էլ հանեն, կարող է նույնիսկ մի քանի ամիս հետո հանեն, էդքան չշարունակվի, լիովին համաձայն եմ, կարող է այդքան նրանք հնարավորություն չունենան կամ ցանկություն չունենան, կամ էլ դրա դիմաց Ադրբեջանից կամ Թուրքիայից ինչ-որ բան ստանան, այդ ամեն ինչը հասկանալի է, ես ուղղակի ֆիքսում եմ փաստը, որ որևէ այլընտրանք այդ շատ վատ, խայտառակ անվտանգային համակարգին՝ համարյա չգործող, պարզապես չկա: Այդ ուղղությամբ աշխատելու տեղ կա:
«Ազատություն». - Ինչո՞ւ եք այդքան թերահավատ այդ այլընտրանքի նկատմամբ՝ Եվրամիություն, Վաշինգտոն, հայերի իրավունքները և անվտանգությունն ապահովող ինչ-որ մեխանիզմի մասին խոսում են, այնուամենայնիվ:
Բաղդասարյան. - Թերահավատ եմ, որովհետև աշխարհը, ցավոք սրտի, առաջնորդվում է շահերով և ոչ թե բարի մտադրություններով:
«Ազատություն». - Կարծում եք՝ եթե Բլինքենը, Շառլ Միշելը ասում են՝ պետք է հայերն այնտեղ ապրեն և ունենան իրավունքներ, անվտանգություն, դրանք ուղղակի խոսե՞ր են և պիտի Արևմուտքի աչքի առջև էթնիկ զտման ենթարկվի՞ Արցախի:
Բաղադասարյան. - Այնպես չի, որ Ադրբեջանը դա շատ հեշտությամբ կանի, Ադրբեջանը դրա համար շատ բարձր գին կվճարի և՛ իմիջային առումով միջազգային հնարության աչքի առաջ, և՛ նաև ֆիզիկապես, որովհետև այնպես չէ, որ գալու են քայլարշավով գրավեն, այդպես չի իրականում: Բայց ես չեմ էլ կարծում, թե Արևմուտքը բավարար լծակներ ունի կամ կցանկանա այդ լծակները կիրառել Ադրբեջանի նկատմամբ, որովհետև էներգետիկ և այլ աշխարհաքաղաքական շահեր ունի: Այո, շատ կոշտ հայտարարություններ կանեն, եթե Աստված մի արասցե, այդպիսի բան լինի, այո, փախստականներին մեծ արտոնություններ կտան, կաջակցեն, բայց կանխել գործնականում չեմ կարծում, թե կանեն, հետևաբար պետք չէ ապավինել դրան և պետք չէ բանը հասցնել դրան:
«Ազատություն». - Բայց կարծես բանակցային պրոցեսը հենց դրա վրա է հիմնված և եթե հայտարարում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, ուրեմն մի բան ստացել է չէ՞ դրա դիմաց Երևանը:
Բաղդասարյան. - Ոչ, չի ստացել, հույս ունի ստանալ, և այդ հույսերն առայժմ չեն արդարացել, և Հայաստանի իշխանություններն իրենք են դա ասում: