ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։
«Ես անհամբեր սպասում եմ, որ կշարունակենք միասին աշխատել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ երկկողմ խնդիրների և ընդհանուր գլոբալ մարտահրավերների շուրջ»,- Թվիթերում գրել է Բայդենը՝ չհիշատակելով Վաշինգտոնի և Անկարայի միջև վերջին լարվածությունը:
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես Թվիթերում շնորհավորել է Էրդողանին՝ Թուրքիային անվանելով «ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակից և գործընկեր»:
«Ես անհամբերությամբ սպասում եմ Թուրքիայի ժողովրդի ընտրած կառավարության հետ մեր համատեղ աշխատանքի շարունակմանը»,- գրել է պետքարտուղարը։
Բլինքենը նաև բարձր է գնահատել ընտրողների բարձր մասնակցությունը, «որն արտացոլում է Թուրքիայի ժողովրդավարական վաղեմի ավանդույթը»:
Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում գրեթե բոլոր ընտրատեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով՝ գործող նախագահը վերընտրվել է:
Anadolu լրատվական գործակալության կողմից առցանց հրապարակվող տվյալներով՝ Ռեջեփ Էրդողանը ստացել է շուրջ 27.7 միլիոն ձայն կամ քվեների 52.16 տոկոսը, ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ շուրջ 25,4 միլիոն ձայն կամ քվեների 47.84 տոկոսը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախնական տվյալներով՝ Էրդողանը վերընտրվել է քվեների 52 տոկոսով