«Վերջնական համաձայնագիրը տեսանելի է»․ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ

Վաշինգտոնն աջակցում է հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակմանը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլերը՝ մեկնաբանելով երեկ Մոսկվայում կայացած Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը։

«Մենք դահլիճում չէինք, բայց դա մեզ համար առաջնային է մնում։ Ինչպես գիտեք, պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ այստեղ՝ Վաշինգտոնում, ողջունեց երկու կողմերին։ Մենք հասկանում ենք, որ այդ ժամանակվանից ի վեր բանակցությունները շարունակվել են Բրյուսելում, և մենք աջակցում ենք դրանց շարունակմանը»,- ասել է Միլերը՝ շեշտելով․ - «Սա շարունակում է մնալ մեզ համար առաջնահերթություն»:

Նա վերահաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը, թե համաձայնությունը հասանելի է և երկու կողմերը պետք է միասին աշխատեն՝ չլուծված հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար։

Հարցին, թե արդյո՞ք պետքարտուղարը նախատեսում է առաջիկայում հանդիպել կողմերի հետ, Միլերը պատասխանել է՝ նա շարունակում է ներգրավված մնալ, սակայն նման հանդիպումների մասին տեղեկություն չունի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության համաձայնագիրն իսկապես հասանելի է. Բլինքենը՝ արլինգթոնյան բանակցությունների մասին

Միլերը նաև գրառում է կատարել Թվիթերում՝ գնահատելի համարելով Փաշինյանի վերջերս հնչեցրած մեկնաբանությունները Հայաստանի և Ադրբեջանին կողմից տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչման և խաղաղության ուղղությամբ շարունակվող հանձնառության վերաբերյալ։

«Վերջնական համաձայնագիրը տեսանելի է, և մենք վճռականորեն տրամադրված ենք օգնել մեր բարեկամներին հասնել դրան», - գրել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակը։

Բրյուսելում չորս ժամ տևած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը՝ ընդգծելով երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։ Այս 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Օրեր անց Հայաստանի վարչապետը քայլ առաջ որակեց Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ բանակցությունները՝ հաստատելով՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հաստատում է՝ ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ը