Բավական լարված իրավիճակ ունենք Լեռնային Ղարաբաղում՝ Լաչինի միջանցքում, Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի վարչապետը։
«Ցավոք, հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Ադրբեջանը ապօրինի արգելափակեց Լաչինի միջանցքը, ինչի պատճառով Լեռնային Ղարաբաղը հայտնվեց հումանիտար ճգնաժամի մեջ», - նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրել է, թե ինչ վիճակ է Արցախում՝ դադարեցվել է բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը, սննդամթերքի և ապրանքների մատակարարումները բարդ են։
«Իհարկե, ռուս խաղաղապահները աջակցում են այս [հարցին], բայց, ցավոք, ինչպես ասացի, Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի ունեցավ ռուս խաղաղապահների ներկայությամբ», - հայտարարել է Հայաստանի ղեկավարը։
Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, փակ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։
Այդ ժամանակվանից արվող հայտարարությունը Պուտինն այսօր կրկնել է, ասել, թե Լաչինի միջանցքի վերաբերյալ երբեք չեն փոխել իրենց դիրքորոշումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի ԱԳ նախարարը պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրով․ «Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրում չի նախատեսվում»«Եվ Դուք գիտեք, որ թե՛ մեր հայ ընկերների, թե՛ Ադրբեջանի հետ քննարկումներում մենք միշտ հավատարիմ ենք եղել և հիմա էլ հավատարիմ ենք հենց այս դիրքորոշմանը։ Ամեն ինչ պետք է լինի մեր այս եռակողմ հայտարարության ոգուն ու տառին համապատասխան։ Մեր դիրքորոշումն այստեղ չի փոխվել», - նշել է նա։
Չնայած հայտարարություններին, և նրան, որ եռակողմ հայտարարության մեջ ասվում է՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, նախորդ տարվանից այնտեղ էկոակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիներ էին, այժմ էլ՝ ուժայիններ։
Ըստ Ռուսաստանի նախագահի՝ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը քննարկելու են նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցեր։
Հայաստանն իսկապես շահագրգռված է դրանում, շեշտել է Նիկոլ Փաշինյանը. - «Մենք պատրաստ ենք սկսել ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերն ու հաղորդակցությունները՝ հիմնված մեր երկրի ինքնիշխանության և իրավասության վրա։ Պատրաստ Ե՛վ սահմանային ծառայությունները, և՛ մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովելու բոլոր տրանսպորտային միջոցների, երկաթուղիների, մասնավորապես՝ Հայաստանի տարածքով բնականոն անցումը»։
Երևանն ակնկալում է, որ ադրբեջանական երկաթուղին բաց կլինի նաև բեռների համար Նախիջևանով, Ադրբեջանով, օրինակ՝ Ռուսաստան, Իրան, հայտնել է վարչապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս՝ դեռ չի նշանակում ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը. ԶուլֆուգարովԻր հերթին, Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ իրենց դիրքորոշումը նույնպես անփոփոխ է։ Այս հարցը նաև, ըստ նրա, ադրբեջանական պատվիրակության հետ երկկողմ շփման ընթացքում են քննարկել, և «ադրբեջանական կողմը նույնպես հաստատում է, որ այս հարցում որևէ փոփոխություն չունի». Պուտինի խոսքով՝ Բաքուն առանց որևէ բացառման ճանաչում է «Հայաստանի ամբողջական ինքնիշխանությունն այս տարածքի նկատմամբ, և այս ամենի ինչ-որ կրկնակի, եռակի մեկնաբանությունները, կապված տրանսպորտային հաղորդակցության հնարավոր ապաշրջափակման հետ, ոչ մի հիմք չունեն»:
Այդուհանդերձ, նախագահ Պուտինի պնդմամբ՝ հարցեր կան, որոնք կապված են տերմինաբանության հետ, որոնց մասին մանրամասն կարող են խոսել։
«Հարցերը շատ կարևոր են, զգայուն։ Վստահ եմ՝ եթե մենք ի վերջո, չնայած բոլոր դժվարություններին՝ որոշումների հանգենք այդ հարցերի վերաբերյալ, դա շահավետ կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար, սակայն ոչ միայն այդ երկու երկրի համար։ Դա շահեկան կլինի ողջ տարածաշրջանի համար, որովհետև դրանով շահագրգռված են շատ պետություններ, և դա կնպաստի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական՝ այս տարածքում ապրող մարդկանց անվտանգության ապահովման առումով»,- ասել է նա։
Երկկողմ հարաբերություններին ևս անդրադարձ է եղել. ապրանքաշրջանառությունը վստահորեն դրական միտումով է ընթանում, արձանագրել է ՌԴ նախագահը, հայտնելով, որ անցյալ տարի այն աճել է ավելի քան 83 տոկոսով և հասել 5 միլիարդ դոլարի։
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նախորդել է Պուտին-Ալիև հանդիպումը։ Այնուհետև տեղի կունենա երեք առաջնորդների հանդիպումը։
Կրեմլում այսօր անցկացվել է ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին առաջին անգամ հյուրի կարգավիճակով մասնակցել է Ադրբեջանի նախագահը։ Ռուսաստանի նախագահը շնորհակալություն հայտնեց վարչապետ Փաշինյանին՝ այդ նիստին Իլհամ Ալիևի մասնակցությանը դեմ չլինելու համար։
Այնտեղ, սակայն, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանավեճ էր սկսվել։