Արցախի ԱԳ նախարարը պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված դեսպաններին

Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, որում ներկայացրել է Արցախի կառավարության մտահոգությունները Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական վտանգների կապակցությամբ, հայտնում է ԼՂ ԱԳՆ-ը։

Արտգործնախարարը կոչ է արել միջազգային դերակատարներին վճռական և անկողմնակալ դիրքորոշում արտահայտել Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, հորդորել վերջինիս հրաժարվել ուժի կամ ուժի սպառնալիքի հետագա կիրառումից և հարգել իր միջազգային պարտավորությունները. «Շեշտվել է, որ դա նվազագույնն է, ինչ պետք է անի միջազգային հանրությունը՝ ապացուցելու իր հանձնառությունը ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտման և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխմանը»:

Նամակում, ըստ հաղորդագրության, մասնավորապես, նշվել է, որ «2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը դիտավորյալ կեղծ տեղեկատվություն է տարածում Արցախում իբր ապօրինի ռազմական գործունեության, սպառազինության տեղափոխման վերաբերյալ՝ այդպիսով փորձելով արդարացնել Արցախի ժողովրդի դեմ սեփական անօրինական գործողություններն ու հնարավոր նոր հարձակումները, ինչպես նաև զինաթափել Պաշտպանության բանակը՝ արցախցիներին զրկելով ինքնապաշտպանվելու հնարավորությունից»։

«Ընդգծվել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը տասնյակ նոր ռազմական օբյեկտներ է կառուցել Արցախի օկուպացված տարածքներում՝ այնտեղ տեղակայելով հազարավոր զինծառայողներ, ինչպես նաև կանոնավոր կերպով անց է կացնում զորավարժություններ, իր զինանոցը համալրում գլխավորապես հարձակողական զինատեսակներով՝ անտեսելով սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմները», - ասված է հաղորդագրությունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, տեղում անցակետ են տեղադրում


Նամակում Սերգեյ Ղազարյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի ավելի քան 5 ամիս շարունակվող շրջափակմանը և դրա հումանիտար և անվտանգային հետևանքներին, այդ թվում՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանը՝ ի խախտումն 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման։

Արցախի արտգործնախարարն ընդգծվել է, որ Ադրբեջանի անօրինական նկրտումներին աջակցող ցանկացած գործողություն կամ հայտարարություն այդ երկրի ղեկավարության կողմից ընկալվում է որպես Արցախի ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված իր քաղաքականության թողտվություն։

2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ մի շարք հումանիտար խնդիրներ ստեղծելով Արցախում։ Այս տարվա ապրիլի 23-ից էլ ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է` ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում և անցակետ տեղադրել, որը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնություններով նախատեսված չէ։