Քաշքշոց, վիճաբանություն Ազգային ժողովում՝ Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցի քննարկման ժամանակ․ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Արթուր Սարգսյանը դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին մեղադրեց 2021-ի նոյեմբերի 15-ին իր «լսելու իրավունքը խախտելով՝ իրեն կալանավորելու համար»։
«Դուք այսօր այս ամբիոնից կանգնած հպարտորեն խոսում եք, որ Դուք Ձեր բոլոր որոշումները կայացրել եք օրենքի սահմաններում։ Ես ասեմ, որ Դուք ապօրինի որոշումներ եք կայացրել, և փաստ է, որ Դուք ապօրինի որոշում եք կայացրել և կալանավորել եք ինձ», - ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով․ - «Ես շատ եմ մտածել, որ ինչո՞ւ, կարայիք իմ լսելու իրավունքն ապահովեիք, նոր ինձ կալանավորեիք։ Շատ եմ մտածել և հասկացել, որ Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ և կալանավորել»։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրեց «կոռեկտ լինել»՝ նշելով՝ խորհրդարանում «կոռեկտության և տղամարդկության չափանիշը չեն որոշում»։
Իր ելույթի ավարտին Սարգսյանը դիմեց դատավորին․ - «Նայե՛ք աչքերիս մեջ, նոր դուրս գամ»։ Հենց այստեղ էլ դահլիճից իշխանականներն արձագանքեցին, քաշքշոց սկսվեց, Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցներին հրահանգեց պատգամավորին դուրս հրավիրել, ընդմիջում հայտարարվեց։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրացուցակով պատգամավոր ընտրված, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը մեղադրվում է 2016-ին պաշտոնական կեղծիք կատարելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։
Սարգսյանն իշխանությանը քննադատում էր պատերազմում պարտության համար։
Նա կալանավորվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում՝ մինչև պատգամավորի մանդատ ստանալը։ 2021-ի դեկտեմբերին նա ազատ արձակվեց, քանի որ Սահմանադրական դատարանը վճռեց, որ անազատության մեջ գտնվողը պատգամավոր դառնալուց հետո պետք է ազատ արձակվի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազատ են արձակվել «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը