Սահմանադրական դատարանն այսօր հրապարակած որոշմամբ վճռել է, որ անազատության մեջ գտնվող անձը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո չի կարող պահվել անազատության մեջ։ Ամիսներ առաջ այս հարցը ճշգրելու համար Բարձր դատարան էին դիմել ընդդիմադիր պատգամավորները՝ իրենց գործընկերների՝ «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորներ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի հարցով։
Երեքին էլ իրավապահները մեղադրանք են առաջադրել և կալանավորել պատգամավոր ընտրվելուց առաջ։ Ընդդիմադիրների պաշտպանները բազմիցս են հայտարարել, որ պատգամավոր ընտրվելուց հետո նրանք պետք է կալանքից ազատ արձակվեին պատգամավորական անձեռնմխելիություն ձեռք բերելու շնորհիվ։
Բարձր դատարանը որոշել է, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ: Սահմանադրության նշված հոդվածի համաձայն՝ պատգամավորի անձեռնմխելիության հարցը չի քննարկվում, եթե նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբանը ՍԴ որոշումից հետո հայտարարել է՝ պատրաստվում է դատարան միջնորդություն ներկայացնել` անհապաղ նիստ նշանակելու և Չարչյանին կալանքից ազատ արձակելու հարցով։