Անկլավների փոխանակման բանակցություններին ու այդ թեմայով բոլոր ելույթներին Արծվաշենի համայնքապետը շատ ակտիվ է հետևում, բայց համոզված է՝ Ադրբեջանը հաղթողի դիրքից չի զիջելու։
«Պնդելու է, ասելու է՝ «մերը մեզ, ձերը ձեզ», - «Ազատությանն» ասաց Արծվաշենի համայնքապետ Մամիկոն Խեչոյանը։
Այսինքն, ըստ Խեչոյանի, Ադրբեջանը Տավուշի 7 գյուղերն ու Տիգրանաշենը կվերցնի, Արծվաշենը սիրով կտա։
Մամիկոն Խեչոյանն Արծվաշենի գյուղապետն էր 1992-ին, երբ Ադրբեջանն այդ գյուղը գրավեց։ Առանց գյուղի, բայց հիմա էլ նա գյուղապետ է՝ պետության 100 տոկոսանոց ֆինանսավորմամբ։
Զգացմունքային առումով, Խեչոյանն ասում է՝ կցանկանար վերադառնալ Արծվաշեն, այնտեղ իր ծնողների գերեզմաններն են, բայց որպես Հայաստանի քաղաքացի, կգերադասեր, որ մնար այնպես, ինչպես կա, քանի որ Տիգրանաշենով ու Տավուշի այդ ադրբեջանական անկլավներով միջպետական ճանապարհներ են անցնում, իսկ Արծվաշենով՝ ոչ։
«Մենք էլ կուզենք, որ Ադրբեջանը, մի քիչ տարօրինակ է հնչում, որ Արծվաշենը չտա, բայց էդ 7 գյուղն էլ չպահանջի», - ասաց Խեչոյանը։
Վարչապետ Փաշինյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ 1975 թվականի քարտեզները, որոնց հիմքով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ներառում են նաև անկլավները, բայց, ըստ Փաշինյանի՝ հարցի իրավական կողմը դեռ պետք է դիտարկվի. - «29 հազար 800-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը։ 86 հազար 600-ի մեջ էդ հաշվարկներով մտնում են նաև անկլավները»։
44-օրյա պատերազմից հետո, երբ անկլավների թեման հայտնվեց եռակողմ հայտարարության սևագրում և հայ ադրբեջանական բանակցային օրակարգում, «Ազատությունը» թեմայի վերաբերյալ բազմիցս է զրուցել պատմաբանների, փորձագետների, քարտեզագիրների հետ։ Հայ մասնագետների տեսակետն այն էր, որ ամեն ինչ անփոփոխ պահելն է նպատակահարմար։
«Տավուշի ադրբեջանական անկալվներով և Տիգրանաշենով միջպետական ճանապարհներ են անցնում։ Սա Հայաստանի հոշոտում կլինի», - փորձագետ Թաթուլ Հակոբյանի գնահատականն էր երկու տարի առաջ։ - «Այդ տարածքով է անցնում Հայաստանից Վրաստան միջպետական ճանապարհը, որը մեզ կապում է Ռուսաստանի հետ։ Իհարկե, մեր համար շատ ավելի նվիրական անուն է Արծվաշենը, բայց Արծվաշենը ստանալ և դրա դիմաց տալ Հայաստանի ճանապարհը... Առանց էն էլ հիմա մենք տվել ենք Հայաստանի ճանապարհներից մեկը, որը մեզ կապում է Իրանի հետ Գորիս-Կապան-Ճակատեն հատվածում։ Ուրեմը Տիգրանաշենն է՞լ ենք տալու։ Այսինքն՝ մի հատ էլ նորից տալիս ենք, որպեսզի Ադրբեջանը գա կանգնի արդեն Արարատի ստվերի՞ տակ»։
Անկլավների հետ կապված հայ-ադրբեջանական քննարկումները հարյուր տարվա պատմություն ունեն
1923 թվականին մարդահամարից մեկ տարի անց Խորհրդային Հայաստանի բնակավայրերի ցանկն է հրատարկվել՝ Արծվաշենը Բաշքյանդ անվանումով ներառված է, իսկ Տավուշի 7 անկլավային գյուղերը՝ Ներքին ու Վերին Ոսկեպարները, Բաղանիս-Այրումը, Բարխուդարլուն, Սոֆուլուն, Խեյրիմլին ու Կըզըլ Հաջիլին 23 թվին արդեն ադրբեջանական են։
Պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանը պատմել է՝ այդ տարիներին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները փոխհամաձայնության էին եկել այս 7 գյուղերը Արծվաշենի հետ փոխանակելու հարցում․ - «Պիտի տարածքների փոխանակությունը կատարվեր, որովհետև տարածքը գրեթե նույնաչափ է, ինչպես այդ շրջանի փաստաթղթերում ենք հանդիպում՝ շուրջ չորս հազար դեսյատին տարածքի մասին է խոսքը։ Եվ բնակչության թվով էլ գրեթե համապատասխանում է։ Եվ հետո երբ որ մենք տեսնում ենք ընթացքը ինչպես դասավորվեց, ցավոք սրտի, երբ որ որոշում կայացվեց, որ տեղական բնակչության կամարտահայտմանը թողնեն վերջնական որոշում կայացնելը, Բաշկենդի հայերը և այսօրվա Տավուշի տարածքում բնակվող մահմեդականները որոշում կայացրեցին, որ իրենց համար առավել ցանկալի է իրենց հայրենական բնակավայրերում հաստատված մնալ, քան թե տեղափոխվել»։
Փոխանակում այդպես էլ չի եղել. Տավուշի մեջ խրված 7 ադրբեջանաբնակ գյուղերը տրվեցին Ղազախի շրջանին, հայաբնակ Արծվաշենը՝ Հայաստանին։ Տիգրանաշեն-Քյարքիի տարբերակը մի քիչ այլ է. Համո Սուքիասյանն ուսումնասիրել է՝ քարտեզներով, իրավական առումով 20-ականներին գյուղը Հայաստանին էր պատկանում, բայց փաստացի Քյարքիի գյուղխորհուրդը ենթարկվում էր Նախիջևանին․ - «Քյարքիի բնակչության մեծամասնությունը մահմեդականներ էին։ Եվ դրանով պայմանավորված, գյուղխորհուրդը փաստացի ենթարկվում էր ինքնավար Նախիջևանի Հանրապետությանը»։
Մի շարք քարտեզներում այս բնակավայրը չկար էլ, քանի որ այդտեղ ընդամենը քանի տասնյակ ադրբեջանցիներ էին ապրում։ Այժմ Քյարքին հայերով բնակեցված Տիգրանաշենն է՝ Սյունիքի տանող մայրուղու վրա, իսկ Տավուշի ադրբեջանակ 7 անկլավները հայկական Ոսկեպարին, Ազատամուտին ու Կիրանցին մոտ գտնվող անբնակ տարածքներ են։
Հայկական Արծվաշենում էլ ընդամենը 7-8 ադրբեջանցի է ապրում, անասնապահությամբ են զբաղվում, ասում է գյուղապետ Մամիկոն Խեչոյանը՝ վստահեցնելով, որ եթե այնուամենայնիվ անկլավների փոխանակում տեղի ունենա, արծվաշենցիները պատրաստ են վերադառնալ ու ապրել ադրբեջանական տարածքներով շրջապատված իրենց կղզում. - «150 տարի մենք ո՞նց ենք ապրել էդ․ 2 հազար 700 մարդը շրջափակված 40 հազար ադրբեջանցիներով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Տիգրանաշենը հայկական է եղել ու կա. եթե տանք, Երևանն էլ ենք տալու». տեղացիները հեռանալու միտք չունեն ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երբեմնի հայաբնակ Արծվաշենը` Բաշքենդ. հայացք ներսից հայ-ադրբեջանական բանակցություններին ընդառաջ