Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին ադրբեջանական կողմը շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։
Ըստ հաղորդման՝ Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Պաշտպանության բանակը նշում է, որ այսօր ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Բաքուն դեռ չի արձագանքել հաղորդմանը։
Այսօր Մոսկվայում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն և Ջեյհուն Բայրամովը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ արտգործնախարարները եռակողմ բանակցություններ կանցկացնեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։ Բացի այդ, կկայանա հայ-ադրբեջանական առանձին հանդիպում՝ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարների վերաբերյալ։ Մայիսի 25-ին էլ Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։
Այս հանդիպումների ֆոնին, սակայն, վերջին շրջանում հաճախակի են դարձել գնդակոծությունները թե՛ Հայաստան - Ադրբեջան սահմանին, թե՛ Արցախում։ Հայկական և ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու համար