Պետգնումներ մեկ անձից՝ մրցույթների փոխարեն

Հայաստան - «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի հանդիսավոր բացումը Երևանում, 5-ը դեկտեմբերի, 2022թ.

Հայաստանում պետական գնումների նախընտրելի տարբերակը մրցույթն է: Սա ոչ միջազգային կազմակերպությունների պնդումն է, ոչ էլ` ընդդիմության. Հայաստանի խորհրդարանն է այդ մասին օրենք ընդունել, վարչապետն էլ` նման պահանջ դրել հեղափոխությունից հետո եկած իշխանության առաջ:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի պետական գնումների համակարգը բարեփոխվի այն ուղղությամբ, որպեսզի այն հնարավորինս լինի ճկուն և մոբիլ, միևնույն ժամանակ, պահպանի արդար մրցակցության սկզբունքը և հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն երևույթներից, երրորդը՝ երաշխավորի պետական միջոցների ծախսման և ստացվող արդյունքի որակը», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի հուլիսին:

Միայն թե այդուհետ գնման ընթացակարգերում եղած սողանցքները նվազելու փոխարեն ավելացել են, համակարգն էլ արմատապես չի բարեփոխվել` չնայած կառավարության խոստումներին: Արդյունքում` առանց մրցույթի կատարվող գնումների ծավալը չի նվազում, օրենքի այդ պահանջն էլ մնում է օդում կախված` կոռուպցիայի վերաբերյալ կասկածների նման:

Անցած տարեվերջին վարչապետի աշխատակազմն ավելի քան 80 միլիոն դրամ է վճարել «Բեքգրաունդ Փրոդաքշն» ընկերությանը` «Մեր ժամանակների հերոսը» համերգ֊մրցանակաբաշխության կազմակերպման համար: Ամիսներ անց Երևանի քաղաքապետարանը նույն այդ ընկերությանը նախ 35 միլիոն դրամ է վճարել` Գրքի տոն, ապա` ավելի քան 60 միլիոն դրամ` Ջազի փառատոն կազմակերպելու համար: Բոլոր դեպքերում գնումը կատարվել է առանց մրցույթի:

Որպես հիմնավորում`պաշտոնյաները մեջբերում են կառավարության որոշումը, ըստ որի՝ մի շարք ծառայությունների, այդ թվում` մշակութային միջոցառումների կազմակերպումը կարելի է իրականացնել մեկ անձից գնման եղանակով: Ի դեպ, այս դրույթն ավելացվել է հեղափոխությունից հետո` Նիկոլ Փաշինյանի օրոք: Ընդունման ժամանակ ֆինանսների նախարարը գործընկերներին բացատրել էր, որ խոսքը վերաբերում է բացառիկ իրավունքների պաշտպանությանը, երբ անհրաժեշտ է, որ միջոցառման ժամանակ ներկայացվի կոնկրետ ստեղծագործություն, որի հեղինակային իրավունքները պատկանում են մեկ անձի կամ ընկերության։ Այս դեպքում մրցույթ անելն իմաստ չունի, ասել էր Ատոմ Ջանջուղազյանը և պարզաբանել. - «Էս դեպքում մրցութային գործընթաց կիրառելը կամ մրցակցային գործընթացը հնարավոր չի, որովհետև կոնկրետ տվյալ արդյունքն է ուզում ստացվել, այսինքն` տվյալ հեղինակի արդյունքը»:

Երևանի լուսավորությունը՝ մշակութային միջոցառում

Միայն թե այդուհետ սա դարձել է կանաչ լույս բազմաթիվ մշակութային միջոցառումներ առանց մրցույթի անցկացնելու համար: Քանի որ թղթով արտոնված է, քաղաքապետարանն անցած տարեվերջին, օրինակ, 176 միլիոն դրամ վճարեց «Սինեմարտ» ընկերությանը` մայրաքաղաքի տոնական լուսավորության համար: Երբ լրագրողները հետաքրքրվել էին` ինչո՞ւ է հսկայական այդ գումարը բաշխվել առանց մրցույթի, քաղաքապետարանից արձագանքել էին` լուսավորության ապահովումն էլ է տեղավորվում մշակութային միջոցառման շրջանակում:

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այդ առնչությամբ հայտարարել էր. - «Հարցնում են` չգիտեի՞ք, որ Նոր տարի է գալու: Գիտեինք, ժողովուրդ ջան, որ Նոր տարի է գալու, բայց մեր օրենսդրությունը մեկ անձից գնման ընթացակարգով հիմքեր նախատեսում է ոչ միայն հրատապության դեպքում, որն այս դեպքում մի փոքր, այնուամենայնիվ, եղել է, որովհետև կոնկրետ պահի մենք հասկացանք, որ անհրաժեշտություն կա՝ հաշվի առնելով «Եվրատեսիլ»-ի միջոցառումը, որպեսզի այս երկու իրադարձությունները համընկնեն, բայց ինքնին մշակութային միջոցառումների իրականացման համար մեր օրենսդրությամբ նախատեսված է համապատասխան հիմք, որն իրավունք է տալիս մեկ անձից կատարել գնում»:

Ընդ որում, պայմանագիրը կնքվել էր մի ընկերության հետ, որը մինչ այդ պետական գնումներին երբեք չէր մասնակցել, նման ծառայություններ չէր մատուցել: Ավելին` լրագրողները պարզել էին, որ ընկերությունը մինչ այդ ավելի քան մեկ տարի գտնվել է արգելանքի տակ, որը հանվել էր քաղաքապետարանի հետ բազմամիլիոնանոց պայմանագրի ստորագրումից օրեր առաջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանի ամանորյա տեսքի համար ընդհանուր 650 հազար դոլարի պայմանագրերը մեկ անձից գնման ընթացակարգով են կնքվելԱմանորին ու Մանկական Եվրատեսիլին ընդառաջ քաղաքը զարդարելուն ուղղված ծախսերի մասին երևանցիների կարծիքները տարբեր են «Ընդունում եմ, որ բացթողումներ ենք ունեցել». քաղաքապետը՝ կառավարության շենքի տոնական լուսավորության մասին

Հաջողակ ընկերության հիմնադիրն ու 100 տոկոս բաժնետերը Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի պատասխանատու Ռուբեն Շահինյանն է, ով խոստացել էր ապահովել բարձր որակ` հրավիրելով նաև օտարերկրյա մասնագետների: Հանրությանը, սակայն, պարզ չդարձավ` արդյո՞ք այդ փորձագետներն էին խորհուրդ տվել լույսերը կախելու համար Երևանի պատմամշակութային հուշարձանները վնասել, և արդյո՞ք չկային այլ ընկերություններ, որոնք կարող էին ավելի ընդունելի լուծումներ առաջարկել. միջոցառումը կազմակերպվել էր առանց մրցույթի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հրապարակի տոնական լուսավորության ոչ մասնագիտական ապամոնտաժումը կարող է խորացնել շենքերին պատճառված վնասըԱմանորյա միջոցառումները՝ մեկ անձից գնումներով. ինչո՞ւ են քաղաքային իշխանություններն այս տարբերակով առաջնորդվումՔաղաքին տոնական տեսք կարելի էր տալ ժամանակակից լուծումներով. ճարտարապետ

Նույն կերպ` մեկ անձից գնման եղանակով են կազմակերպվել նաև 2022 թվականին Անկախության 31-ամյակի միջոցառումները, որոնք բյուջեի վրա նստել են 155 մլն դրամ, Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը` 309 մլն դրամ, բռնցքամարտի ու ծանրամարտի առաջնությունները՝ միասին՝ շուրջ 2 միլիարդ դրամ։

«Հոնքն ուղղելու փոխարեն՝ աչքն էլ հանեցինք»

Սա այն դեպքն է, երբ հոնքն ուղղելու փոխարեն՝ աչքն էլ հանեցինք, ասում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»֊ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը. - «Այստեղ մենք հենց այդ իրավիճակն ունենք, որ շատ հաճախ է լինում, երբ որոշակի հիմնավոր պատճառներով մտցվում է այդպիսի դրույթ, բայց հետո պարզվում է, որ այդ հիմնավոր պատճառով մտցված դրույթը ավելի շատ չարաշահվում է»:

Ընդհանուր առմամբ, վերջին հինգ տարում պետական գնումների պայմանագրերում տասից մեկն է եղել բաց մրցույթով: Զգալի մասը կատարվել է մեկ անձից, հրատապ մեկ անձից, կամ` գնանշման հարցման եղանակով:

Միտումը շարունակվում է նաև այս տարի: Կառավարման ոլորտի փորձագետ Արտակ Քյուրումյանն ասում է. - «Եթե նայում եք, օրինակ, 23 թվականին կարևորագույն պետական ինստիտուտներից մեկի` վարչապետի աշխատակազմի կողմից կատարված գնումները, ապրիլի 18-ի դրությամբ, օրինակ, կատարել են 130 գնում, և քանի՞սն են դրանցից մրցույթով` զրո: Ազգային ժողովի աշխատակազմը այդ նույն օրվա դրությամբ կատարել է 52 գնում, քանի՞սն են դրանցից մրցույթ` զրո: Եվ այստեղ խնդիրը գալիս է արդեն պլանավորման փուլից»:

«Ողջ գործընթացը թափանցիկ է»

Կառավարությունից հակադարձում են` ողջ գործընթացը` պլանավորումից մինչև պայմանագրի կնքում, թափանցիկ է: «Բոլոր փաստաթղթերը հրապարակված են գնումների կազմակերպման կայքում և հասանելի են դիտարկման ու գնահատման համար», ֊ ասում է Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը. - «Եթե համակարգը թափանցիկ չլինի, էդ ինֆորմացիան ուղղակի չի լինի: Այսինքն՝ բավարար չափով, կարծում եմ, թափանցիկ է, որ էդ տեղեկատվությունը հասանելի է, և դա դառնում է քննարկման առարկա: Այսինքն՝ այդտեղ թափանցիկության ոնց որ թե խնդիր չունենք, ավելին՝ կատարված բոլոր գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը անվճար համացանցում հասանելի է, էդ թվում նաև ներբեռնելու և տվյալների հետ աշխատելու հնարավորությամբ»:

Հետևելով խորհրդին` ուսումնասիրեցինք Արտակարգ իրավիճակների նախարարության`առանց մրցույթի կատարված գնումները միայն մեկ` ներկայացուցչական ծախսերի գծով: Պարզվեց` անցած մեկ տարում նախարարությունը շուրջ 10 միլիոն դրամ է տրամադրել ճաշկերույթների, ընդմիջումների, սուրճի սեղանների, նվերների ու ծաղիկների առաքման համար: Կնքվել են տասնյակ պայմանագրեր, որոնցից որևէ մեկում որևէ բառ չկա` ում համար և ինչ նպատակով: Տեղեկություն չգտնվեց նաև gnumner.am կայքում. այստեղ միայն հրապարակվել էին վճարման հաշիվ֊վավերագրերը: Նախարարության կայքում էլ գնումների հայտարարություններն ու պայմանագրերը վերջին անգամ թարմացվել էին հինգ տարի առաջ:

Մինչդեռ ի տարբերություն Արտակարգ իրավիճակների նախարարության՝ Արտգործնախարարությունը, օրինակ, նմանատիպ պայմանագրերում ներկայացնում է լրացուցիչ տվյալներ, այդ թվում՝ թե ճաշկերույթը երբ և ում համար է կազմակերպվել:

«Նույն Կառավարության տարբեր գերատեսչությունների պայմանագրերում բազմաթիվ նման անհամապատասխանություններ, նաև` անճշտություններ ու սխալներ կան», - պնդում է ոլորտի փորձագետը, հարց բարձրացնելով` ո՞վ և ինչպե՞ս է ստուգում գնումների էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների արժանահավատությունը և իսկությունը: Կան օրինակներ, երբ ակնհայտ է որ այդ թվերը սխալ են, և այդ թվերը չեն ուղղում. - «Էնտեղ պայմանագրեր կան, որոնցով 329 միլիարդ դրամի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գնում է կատարել: Դա հնարավոր չի, որովհետև դա մեր ՀՆԱ-ի 4 տոկոսի չափով մեկ գնում է: Կամ էնտեղ՝ «Եվրոասֆալտ» ընկերությունից 99 միլիարդ դրամի», - նշեց Արտակ Քյուրումյանը:

Գերակա հռչակված բարեփոխումները դեռ դոփում են տեղում

Դեռևս չորս տարի առաջ համակարգի բացթողումները շտկելու համար Կառավարությունը հատուկ ռազմավարություն էր ընդունել: Պետական ֆինանսների կառավարման մասին այդ փաստաթղթում գործադիրը խոստացել էր պետական գնումների նոր` արդար ու թափանցիկ համակարգ ներդնել մինչև 2020 թվականի ավարտը: Երեք տարի անց, սակայն, Ֆինանսների նախարարությունը հայտարարում է այս ուղղությամբ նոր֊նոր ձեռնարկվող քայլերի մասին միայն:

«Նպատակ ենք դրել ունենալ արդի պահանջներին բավարարող և բավականին լավ անալիտիկ տվյալներ պարունակող և վերլուծման հնարավորություն ընձեռող նոր էլեկտրոնային համակարգ: Ենթադրում եմ` մինչև երևի ամսվա վերջ մենք էդ նոր համակարգի տեխնիկական առաջադրանքը նախատեսում ենք դնել հանրային քննարկման», - ասել էր Սերգեյ Շահնազարյանը:

Պաշտոնյայի ենթադրությունը, սակայն, իրականություն չդարձավ. 2023֊ի ապրիլն էլ ավարտվեց առանց նոր համակարգի հրապարակային քննարկման: Ընդ որում, գործադիրն այս ոլորտում առաջին անգամ չէ սեփական պլանները հետաձգում: Ըստ 2019-23 թվականների ծրագրի, Հայաստանում պետք է մինչև 2020-ի տարեվերջ ներդրված լինեին էլեկտրոնային գնումների, գնման հայտերի հրապարակային փորձաքննության և նախահաշվային գներն ավտոմատ որոշող համակարգեր: Երեք կարևոր գործիք, որոնք, ըստ իշխանությունների, պետք է հրապարակային դարձնեին` որքանով էր ահնրաժեշտ այս կամ այն ապրանքի գնումը, և արդյոք գործընթացը եղել է մրցակցային ու թափանցիկ:

«Բացահայտվելու են պետական գնումների ոլորտում իրականացված չարաշահումները, վերականգնվելու են պետությանը պատճառված վնասները», - հեղափոխությունից հետո արձանագրել էր Կառավարության ծրագիրը: Իշխանությունների կողմից գերակա հռչակված այդ ոլորտի բարեփոխումները, սակայն, դեռ դոփում են տեղում: 2020-ին սահմանված վերջնաժամկետը մինչ այժմ երկու անգամ արդեն վերանայվել է` նախ` տեղափոխվել 2021-ի, ապա`2023֊ի դեկտեմբեր:

Նյութը պատրաստվել է «Հետք» մեդիա գործարանի և Տրդատ Մուշեղյանի աջակցությամբ

Your browser doesn’t support HTML5

Պետգնումներ մեկ անձից՝ մրցույթների փոխարեն