Մատչելիության հղումներ

«Ընդունում եմ, որ բացթողումներ ենք ունեցել». քաղաքապետը՝ կառավարության շենքի տոնական լուսավորության մասին


«Ընդունում եմ, որ մենք բացթողումներ ենք ունեցել, և միգուցե մի փոքր ավելի ճիշտ կազմակերպելու դեպքում այլ տրամաբանությամբ իրականացվեր», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի ամանորյա զարդարանքին:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից:

«Ազատություն». - Օգտատերերից մեկը գրել է՝ «վերջին օրերին խիստ ակտուալ է դարձել կառավարության շենքի լուսավորության թեման, կառավարության, ինչպես նաև քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, փաստացի նորմալ են համարել գլխավոր շենքի ապականումը: Մի շարք մասնագետներ փաստում են շենքը նման կերպ ծակելու վտանգների, արտաքին տեսքին հասցված վնասի մասին, Ավինյանն էլ նշել է՝ կկարգավորեն գարնանը»:

Հրաչյա Սարգսյան. - Այո, ես ընդունում եմ, որ մենք բացթողումներ ենք ունեցել, և միգուցե մի փոքր ավելի ճիշտ կազմակերպելու դեպքում այլ տրամաբանությամբ իրականացվեր: Կարելի էր, ենթադրում եմ, ինժեներական տարբեր մոտեցումներ մտածել, կոնստրուկցիաներ առանձին ունենալ, որպեսզի հնարավորինս քիչ ազդեցություն ունենար շենքի վրա, բայց այս պահի դրությամբ այն աղմուկը, որը բարձրացվեց մեծ, ուժգին..., իմ համար առաջին փաստն այն էր, որ այդտեղ աշխատանքներ էին կատարվում դեռ 10 օր առաջ և այդ աղմուկը բարձրացվեց վերջին օրը: Եթե մտահոգ մարդիկ կային, որպես կանխարգելիչ միջոցառում կարող էին շուտ դրա մասին ասեին, այսինքն՝ չթողնեին, որպեսզի գար, վերջին օրը հասներ ու այդպես աղմուկ բարձրացնեին: Լրատվական կազմակերպության կողմից այդ տեսանյութը բավականին տարածվեց սոցցանցերում: Դա մեկ մեխը չէր, այնտեղ կային կեղծ նկարներ, որ ընդհանրապես կապ չունեին շենքի հետ կատարվող աշխատանքների հետ ու ամբողջությամբ մանիպուլյացիա անելով հանդերձ այդ տեղեկատվությունը տարածվեց: Ես չեմ ասում, որ խնդիր չկա, մենք ընդունում ենք, որ բացթողումներ կային և դրանք պետք է շտկել:

«Ազատություն». - Կարծում եմ՝ տեղյակ եք նաև իրենց պատասխանին, ասվել է, որ հեղյուսը եղել է անցքի մեջ:

Սարգսյան. - Եթե այդ հեղյուսը այդտեղ եղել է, ուրեմն բոլոր տեղերը մինչև դա, էդ հեղյուսը նույն տրամաբանությամբ պետք է լիներ, բայց եթե իրար հետ շրջենք, ապա կտեսնենք, որ այդ հեղյուսից բացի այլ տեղեր այդ հեղյուսը չի եղել, հետևաբար ինչ-որ մեծ տրամագծով հեղյուսը այդտեղ ձեռքով միտումնավոր դրել էին, նկարել էին, հանել: Տրամաբանություն չկա այդտեղ, ես կարծում եմ, դա միայն արդարացման համար է արվել:

«Ազատություն». - Քաղաքապետարանի այս պատասխանից հետո նաև հակառակ քննադատությունը եղավ, որ՝ «դուք էլ արդարացման համար այդ մի մեխին եք կպել», ասում են՝ «բա մյուսները չե՞ք տեսնում, այնտեղ քանի այդպիսի անցք կա, էդ որ հանեն, ինչո՞վ են փակելու դրանք»:

Սարգսյան. - Ես վստահ եմ՝ համապատասխան տեխնիկա կա, որի միջոցով հնարավոր է ոչ միայն այն անցքերը կամ վնասվածքները, որոնք կան, եղել են մինչև տոնական լուսավորության զարդարումը, դրանից հետո էլ ամբողջությամբ վերականգնել: Վստահ եմ դա հնարավոր է:

«Կա հանձնարարական, որպեսզի այդ խնդիրները լուծվեն՝ կապված պատերազմից անտուն մնացածների հետ»

«Ազատություն». - Օգտատերերն ասում են՝ «պատերազմից հետո, երբ Արցախից շատ տարհանված մարդիկ կան, նրանցից շատերը տուն-տեղ չունեն ձմեռվա ցրտին ապրելու, արդյոք արդարացվա՞ծ են ամանորյա այս ծախսերը, միլիոնները, որը ասում եք՝ արվում է նաև Եվրատեսիլի հյուրերին գերելու համար, իսկ մեր անտուն մնացած մարդկանց ո՞վ պետք է գոնե տաքացնի»:

Սարգսյան. - Վստահեցնում եմ, որ բոլոր երկրներում էլ սոցիալական խնդիրներ կան, բայց միևնույն ժամանակ պետությունները այս միջոցառումները, որ իրականացնում են և՛ դա են իրականացնում, և՛ նաև մյուս միջոցառումներն են իրականացնում: Վարչապետի կողմից կա հանձնարարական, որպեսզի այդ խնդիրները լուծվեն՝ կապված պատերազմից անտուն մնացածների հետ: Այդ աշխատանքները իրականացվում են, ես վստահ եմ, որ այդ խնդիրները կլուծվեն:

«Մինչև դեկտեմբերը սպասում ենք, որ 150 ավտոբուս արդեն կժամանի Երևան»

«Ազատություն». - Մեկ այլ օգտատեր էլ հարցնում է՝ «չե՞ք կարող այնպես կազմակերպել, որ նոր ավտոբուսները և Մետրոպոլիտենը աշխատեն գոնե մինչև 24:00-ն: Մետրոն լավ կլիներ ընդհանրապես շուրջօրյա աշխատեր»:

Սարգսյան. - Մինչև դեկտեմբերը սպասում ենք, որ 150 ավտոբուս արդեն կժամանի Երևան, 8,6 մետրանոց, կապույտ գույնի ավտոբուսները, որ ունենք, մինչև դեկտեմբեր նախատեսում ենք, որ 15 տրոլեյբուս նույնպես կունենանք Երևանում, ժամանակակից տրոլեյբուսներ են, որոնք հնարավորություն ունեն 70 կմ առանց հաղորդալարերի վարելու, և 87 «Ման» մակնիշի ավտոբուսները նույնպես սպասում ենք, որ մի մասը կունենանք այս տարի: Արդեն դուրս են եկել արտադրամասից, ավտոբուսները պետք է լինեին 2023 թվականի հուլիսին, բայց մինչև այս տարվա դեկտեմբեր ամբողջությամբ ավարտած կլինեն արտադրությունը և սպասում ենք, որ մինչև 2023 թվականի հունվարի վերջը ամբողջ խմբաքանակը այդ 87 ավտոբուսների կլինեն Երևանում:

Մենք արդեն դրանից հետո պետք է սկսենք փուլ առ փուլ գծերում աշխատեցնել: Հիմա կան գծեր շարժակազմի պակաս լինելու պատճառով քաղաքացիները բավականին սեղմված են նստում, կլինեն գծեր, որտեղ մենք շարժակազմի քանակը կավելացնենք, կլինեն նոր գծեր: Վստահ եմ այս ամբողջ շարժակազմը, երբ մենք արդեն շահագործենք տրանսպորտի վիճակն էականորեն կփոխվի: Բացի այդ քաղաքապետարանի ենթակայության տակ դեռևս 2012 թվականին Չինաստանի Հանրապետության կողմից նվիրաբերված կար 249 ավտոբուս, որոնցից մի մասն այս պահին չի աշխատում, պահեստամասերի մրցույթները մի քանի անգամ չէր կայացել, հիմա ձեռք ենք բերում, և վերջին խմբաքանակը պահեստամասերի կլինի դեկտեմբերին, որը հնարավորություն կտա մոտավորապես մի 80 ավտոբուս էլ այդտեղ կունենանք: Այսինքն՝ 248 ավտոբուսից 210-220-ն արդեն շահագործման մեջ կլինեն:

XS
SM
MD
LG