Ավելի քան երկու միլիոն դոլար հարկատուների գրպանից՝ ամանորյա միջոցառումների համար, պայմանագրերն էլ առանց մրցույթի՝ մեկ անձից գնումներով։ Ինչո՞ւ են քաղաքային իշխանություններն այս տարբերակով առաջնորդվում՝ նախապես մրցույթ հայտարարելու, ապա նոր ընտրություն կատարելու փոխարեն։ Քաղաքապետարանից արդարացնում են իրենց որոշումը՝ օրենքն է թույլ է տալիս:
«Ասում են՝ էդ չգիտեի՞ն, որ Նոր տարի է գալու, գիտեինք, ժողովուրդ ջան, որ Նոր տարի է գալու, բայց մեր օրենսդրությունը մեկ անձից գնման ընթացակարգով հիմքեր նախատեսում է ոչ միայն հրատապության դեպքում, որն այս դեպքում մի փոքր, այնուամենայնիվ, եղել է, որովհետև կոնկրետ պահի մենք հասկացանք, որ անհրաժեշտություն կա, հաշվի առնելով Եվրատեսիլի միջոցառումը, որպեսզի այս երկու իրադարձությունները համընկնեն: Բայց ինքնին մշակութային միջոցառումների իրականացման համար մեր օրենսդրությամբ նախատեսված է համապատասխան հիմք, որն իրավունք է տալիս մեկ անձից կատարել գնում», - ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Այնինչ երեք տարի առաջ իշխանություններն այլ բանի մասին էին խոսում։ Վարչապետը հայտարարում էր՝ իրենց նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է, որը կպահպանի արդար մրցակցության սկզբունքը և զերծ կլինի կոռուպցիոն ռիսկերից։ Սակայն, օրենքի դրույթը, որով թույլատրվեց մշակութային միջոցառումների համար մեկ անձից գնումներ կատարել, հենց այդ տարի էլ ընդունվեց։ Ու այս փոփոխությամբ են հիմա քաղաքային իշխանություններն բացատրում մեկ անձից գնումների բազմաթիվ պայմանագրերը:
Տոնական միջոցառումների համար քաղաքապետարանը մեկ անձից գնման պայմանագրեր է կնքել մի շարք ընկերությունների հետ։ Մեծ աղմուկ հանեց լուսավորությամբ զբաղվող «Սինեմարտը», որն ամանորյա լույսերը տեղադրելու համար կառավարական հուշարձան շենքերի վրա բազմաթիվ անցքեր է բացել։ Այս ընկերությունից բացի այդ ընթացակարգով պայմանագրեր են կնքվել նաև վարչական շրջանների զարդարման համար։
«Եթե հանրության մեծամասնության կողմից մերժված նախորդ կառավարության գործունեությանն ենք նայում, նրանք էլ ասում էին՝ փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է, այո», - ասաց փորձագետ Արտակ Քյուրումյանը:
Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանն ընդգծում է՝ նախկին իշխանություններն էլ էին ասում՝ օրենքով ու փաստաթղթերով ամեն բան կարգին է։ Քաղաքապետարանի արդարացումներն այս պրակտիկան են հիշեցնում. - «Օրենքում այդ սողանցքները կային և այդ սողանցքներով փորձում էին այսպես և այնպես ինչ-որ հարցեր լուծել: Էս կառավարության, էս պաշտոնյաների գործունեությունն էլ շատ նման է նախկիններին, որոնք ասում են՝ օրենքը թույլ է տալիս: Բայց օրենքը միանշանակ ասում է, որ հիմնական եղանակը պետք է լինի մրցութայինը»:
Էլեկտրոնային գնումների պաշտոնական «Արմեփս» կայքում հրապարակված վերջին պայմանագրերից մեկով, օրինակ, 60 միլիոն դրամ է հատկացվել Հանրապետության հրապարակին հարակից պուրակի տարածքում համերգներ կազմակերպելու համար։ 13.5 միլիոնով Արաբկիրում միջոցառումներ կլինեն։ 25-ն ուղղվել է Մալաթիա-Սեբաստիային և այլն։ Արդարացվա՞ծ են այս ծախսերը. երևանցիների կարծիքները տարբեր են:
Աննախադեպ թանկ ու սկանդալային ամանորյա լուքը երևանցիները կկարողանան գնահատել արդեն երկու օրից։