«Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» ռեպորտաժն, ըստ Երևանի փոխքաղաքապետի, արատավորել է իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը։
Դատարանում իշխող կուսակցության ղեկավար անդամը «168 ժամ»-ից ու լրագրող Դավիթ Սարգսյանից պահանջում է հերքել իրեն արատավորող տեղեկություններն ու որպես փոխհատուցում խոշոր գումար վճարել։ Դատական համակարգի «Դատալեքս» պաշտոնական կայքում գումարի չափը նշված չէ, բայց Ավինյանի պահանջով դատարանը ընդհանուր 18 միլիոն դրամի չափով արգելանքի տակ է առել «168 ժամ»-ի և Դավիթ Սարգսյանի գույքն ու դրամական միջոցները, 9 միլիոն լրագրողի, 9 միլիոն լրատվամիջոցի դեպքում։
Լրագրողական կազմակերպությունները պահանջվող գումարի չափը աննախադեպ են համարում։ Ռեպորտաժում լրագրողը ներկայացնում է Ավինյանի ու նրա ընտանիքի բիզնես կապերը, պատմում, թե 2018-ի հեղափոխությունից հետո ինչ ձեռքբերումներ են նրանք ունեցել։ Դավիթ Սարգսյանն այսօր չցանկացավ մեկնաբանություն տալ։ Երեկ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, թե ռեպորտաժը պատրաստելիս օգտագործել է բացառապես բաց աղբյուրներում առկա տեղեկություններ։
«Ավինյանի մասին իմ կարճ հեռուստաթողարկմանը ես ներկայացրել եմ բացառապես նախկինում հրապարակված և երբևէ չհերքված, ավելին՝ ապացուցված մի շարք կոռուպցիոն ռիսկեր, որոնք վերաբերում են իրեն և իր շրջապատին։ Ավինյանի իրական նպատակը, սակայն, ինձ զգալի նյութական վնաս պատճառելն է և այդպիսով՝ լռեցնելը», - նշել է Սարգսյանը։
Մինչդեռ փոխքաղաքապետը երեկ լրագրողների հետ զրույցում լրատվամիջոցներին խորհուրդ էր տվել «սուտ գրելուց հաշվի առնել դատական գործընթացները»։
«Որևէ մեկին զրպարտելուց, որևէ մեկի վերաբերյալ սուտ գրելուց ուղղակի հաշվի առնել, որ հնարավոր են նաև նմանատիպ գործընթացներ, բայց մնացած առումով ես լրատվամիջոցների ոչ թշնամին եմ, ոչ էլ ցանկություն ունեմ դատական գործընթացների մեջ մտնել որևէ մի լրատվամիջոցի հետ, բայց, ցավոք սրտի, քանի դեռ ակնհայտ և բացահայտ ստեր ու զրպարտություն են գրվում իմ վերաբերյալ կամ մեկ այլ պաշտոնյայի վերաբերյալ, էս պրոցեսներն անխուսափելի են ուղղակի», - ասել է նա:
Ավինյանը, սակայն, չէր հստակեցրել, թե ավելի քան 5 րոպեանոց ռեպորտաժում տեղ գտած որ տեղեկությունն է զրպարտություն համարում:
Երեք ամիս առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանը, խոսելով կոռուպցիայի ընկալման սանդղակում Հայաստանի հետընթացից, ասել էր, թե այս հարցում դեր ունեն նաև պաշտոնյաների մասին լրատվամիջոցների հրապարակումները։ Եվ հարցը լուծելու իր տարբերակն էր առաջարկել՝ որևէ հրապարակում անարձագանք չթողնել ու դատարան դիմել։
«Ես կարծում եմ, որ այդտեղ ունի նաև դեր լրատվամիջոցների կողմից արված հրապարակումները այս կամ այն պաշտոնյայի կողմից հրապարակումները տարբեր կոռուպցիոն գործարքների վերաբերյալ, և ես ուզում եմ առաջարկել բանաձև, որ այդպիսի որևէ հրապարակում անարձագանք չմնա: Եթե ճիշտ չէ, ուրեմն պետք է քաղաքացիական հայցի կարգով գնալ և հետևողական լինել», - նշել է Փաշինյանը:
փորձագետները հակադարձում են՝ ապատեղեկատվության դեմ ճիշտ չէ պայքարել դատական գործերով
Մինչդեռ մեդիա ոլորտի փորձագետները հակադարձում են՝ ապատեղեկատվության դեմ ճիշտ չէ պայքարել դատական գործերով:
«Ուզում եմ հերքել այս պնդումը, որ մամուլի դեմ բերված դատական հայցերը կարող են որևէ դրական ազդեցություն ունենալ մամուլի ազատության, խոսքի ազատության մի կողմից և մյուս կողմից ապատեղեկատվության դեմ պայքարի համար», - ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականին վիրավորանքի ու զրպարտության հիմքով գրեթե վեց տասնյակ հայց է ներկայացվել դատարան, անցած տարի՝ 30, իսկ այս տարվա առաջին եռամսյակում արդեն 8 դիմում կա դատարանում։ Չնայած անցած տարվա նվազմանը, լրագրողական կազմակերպությունները այս թվերը մտահոգիչ են համարում։
«Պետք է լինեն առավել հանդուրժող, քան սովորական քաղաքացիները, որովհետև դա իրենց ընտրությունն է եղել, իրենք են ընտրել հանրային հարթակում հայտնվելու տարբերակը, ուստի պետք է պատրաստ լինեն նաև դրա կողմնակի ազդեցություններին դիմակայելուն», - ընդգծեց Դոյդոյանը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարն ասում է՝ նման խոշոր՝ միլիոնների հասնող պահանջ լրատվամիջոցի դեմ դեռ չէր եղել եղել։ Նկատում է՝ բարձրաստիճան պաշտոնյան միանգամից դիմել է դատարան, այնինչ կարող էր դիմել լրատվամիջոցին, հերքում պահանջել կամ էլ դիմել լրատվամիջոցների էթիկայի մարմին, որի անդամ է «168 ժամը» և որի եզրակացությունները պարտադիր են կատարման համար։
«Այստեղ մենք գործ ունենք դասական օրինակի հետ, երբ պաշտոնյան ուզում է, ցանկանում է, նպատակ ունի լռեցնել լրատվամիջոցին և պատժել լրատվամիջոցին: «Խաղացեք իմ խաղի կանոններով, հակառակ դեպքում ձեր համար ֆինանսական խնդիրներ կառաջանան», ինչը դառնում է սառեցնող, կանխարգելող ազդեցություն, և լրատվական միջավայրում ստեղծվում է ինքնաքննադատության մոտիվացիա՝ «ավելի լավ է՝ սուս մնանք, լռենք, քան ասեն այդ մասին և կանգնենք ֆինանսական խնդիրների առջև», - ընդգծեց Շուշան Դոյդոյանը:
Մամուլի ազատության ցուցանիշով աշխարհի 180 պետությունների շարքում Հայաստանը, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վերջին զեկույցի, 49-րդ տեղում է։ Չնայած բազմակարծության միջավայրին, Հայաստանում լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ ու երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի հետ, եզրակացրել էին զեկույցի հեղինակները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մամուլի ազատության ցուցանիշով աշխարհի 180 պետությունների շարքում Հայաստանը 49-րդն է