Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահը «Հայաստանի կողմից իրականացված սադրանք» է որակում նախօրեին սահմանի Սոթքի հատվածում տեղի ունեցածը:
Այսօր խորհրդարանի նիստի ժամանակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, թե կատարվածի «ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Նրա պնդմամբ՝ «հասկանալի է, որ Հայաստանի սադրանքի հիմնական նպատակը խաղաղության ընթացող բանակցությունները խաթարելն է»:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, նախօրեին ընդգծել է, որ իրադրությունը սահմանին Ադրբեջանն է սրում՝ բանակցային գործընթացում գրանցված առաջընթացը զրոյացնելու, Բրյուսելում, ապա՝ Քիշնևում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունները խաթարելու նպատակով:
Հայաստանի արտգործնախարարությունն Բաքվին կոչ է արել դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Երևանի վրա ճնշում գործադրելու «անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ըստ վարչապետի, Բաքվի նպատակը հայ-ադրբեջանական բանակցությունները խաթարելն էԵրևանը կոչ է անում Բաքվին դադարեցնել Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն փորձերըԵրեկ առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է իր չորս վիրավորների, ադրբեջանական կողմը՝ մեկ զոհի և մեկ վիրավորի մասին:
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ ժամը 10-ից սկսած լարվածությունն առաջնագծում նվազել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է: Երեկոյան, այդուհանդերձ, արձանագրվել են ադրբեջանական կողմից Սոթքի, Նորաբակի և Վերին Շորժայի ուղղություններով ականանետի և հրետանային միջոցի կիրառման դեպքեր:
Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, առավոտյան ժամը 10-ի սահմաններում, սակայն, ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ անօդաչու թռչող սարք է կիրառել, վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսինը՝ բավարար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ ԱԹՍ է կիրառել, կա երկու վիրավոր․ ՀՀ ՊՆ Հրետանային և ականանետային կրակ Սոթքի հատվածում, հայկական կողմը հաղորդում է 4 վիրավորի, Ադրբեջանը՝ 1 զոհի և 1 վիրավորի մասին (թարմացվող)