Մատչելիության հղումներ

Ըստ Բաքվի՝ Սոթքի ուղղությամբ հարաբերական անդորր է, բայց այլ ուղղություններով հայկական կողմը խախտել է հրադադարը


Ադրբեջանի ՊՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ՊՆ շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը և այս պահի դրությամբ «Բասարկեչարի շրջանի Զոդ (Գեղարքունիքի մարզի Սոթք) բնակավայրի ուղղությամբ նկատվում է հարաբերական անդորր»:

Միաժամանակ, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, թե վերջին մեկ օրվա ընթացքում հայկական զինուժը ականանետերից և հրետանային զինատեսակներից 17 անգամ գնդակոծել է ադրբեջանական բանակի դիրքերը այլ՝ Քելբաջարի, Լաչինի և Թովուզի շրջանների մի քանի բնակավայրերի ուղղություններով:

Բաքուն նաև հաղորդում է, թե «ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում (Արցախում) գտնվող հայկական զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից 9 անգամ կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի վրա Տերտերի, Խոջալուի, Շուշայի (Շուշիի) և Լաչինի շրջանների ուղղություններով»։

«Ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները բոլոր հատվածներում ձեռնարկել են համարժեք պատասխան քայլեր, օպերատիվ իրավիճակը գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ», - ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, առավոտյան ժամը 10-ի սահմաններում, սակայն, ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ անօդաչու թռչող սարք է կիրառել, վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսինը՝ բավարար:

Սոթքի հատվածում իրադրությունը երեկվանից է լարվել․ երեկ առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է իր չորս վիրավորների, ադրբեջանական կողմը՝ մեկ զոհի և մեկ վիրավորի մասին:

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ ժամը 10-ից սկսած լարվածությունն առաջնագծում նվազել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է: Երեկոյան, այդուհանդերձ, արձանագրվել են ադրբեջանական կողմից Սոթքի, Նորաբակի և Վերին Շորժայի ուղղություններով ականանետի և հրետանային միջոցի կիրառման դեպքեր:

Պաշտոնական Բաքուն իր հերթին հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG