Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ ԱԹՍ է կիրառել, կա երկու վիրավոր․ ՀՀ ՊՆ


Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Այսօր ժամը 10:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդման՝ Հայաստանի զինված ուժերի երկու զինծառայողներ վիրավորում են ստացել, մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:

Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Բաքուն իր հերթին հաղորդել է, որ մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը սահմանի «Բասարքեչերի շրջանի Զոդի (Սոթք) ուղղությամբ իրավիճակը հարաբերական հանգիստ է եղել»՝ մեղադրելով Հայաստանին վերջին 24 ժամվա ընթացքում այլ ուղղություններով 17 անգամ ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու մեջ։

Սոթքի հատվածում իրադրությունը երեկվանից է լարվել․ երեկ առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է իր չորս վիրավորների, ադրբեջանական կողմը՝ մեկ զոհի և մեկ վիրավորի մասին:

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ ժամը 10-ից սկսած լարվածությունն առաջնագծում նվազել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է: Երեկոյան, այդուհանդերձ, արձանագրվել են ադրբեջանական կողմից Սոթքի, Նորաբակի և Վերին Շորժայի ուղղություններով ականանետի և հրետանային միջոցի կիրառման դեպքեր:

Պաշտոնական Բաքուն իր հերթին հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ:

XS
SM
MD
LG