Պեսկով. «Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում»

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ, Մոսկվա:

Ռուսաստանի Դաշնությունը նոր լարվածության պայմաններում Հայաստանից և Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում: Այդ մասին ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ տվյալ պահին Պուտինի օրակարգում նախատեսված չեն շփումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Հիմա նման բան չկա, բայց շփումները շարունակվում են, տառացիորեն նախանցյալ օրը Պուտինն առանձնազրույց է ունեցել Մոսկվա այցելած Փաշինյանի հետ, շարունակվում են շփումները նաև ադրբեջանական կողմի հետ: Ռուսաստանը շարունակելու է կատարել եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտականությունները»,- հայտարարել է Պեսկովը:

Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական Զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է իր չորս վիրավորների, ադրբեջանական կողմը՝ մեկ զոհի և մեկ վիրավորի մասին:

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ ժամը 10-ից սկսած լարվածությունն առաջնագծում նվազել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է: Պաշտոնական Բաքուն իր հերթին հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրետանային և ականանետային կրակ Սոթքի հատվածում, հայկական կողմը հաղորդում է 4 վիրավորի, Ադրբեջանը՝ 1 զոհի և 1 վիրավորի մասին (թարմացվող)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ ադրբեջանական սադրանքի նպատակն է խաթարել Բրյուսելում և Քիշնևում նախատեսված բանակցությունները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն նպատակ ունի խաթարելու Բրյուսելի և Քիշնևի բանակցությունները․ Փաշինյան