Մոսկվայում պլանավորված մայիսի 19-ին հանդիպմանը Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից հերթական փորձն է արվելու Հայաստանից ստանալ Մեղրիի միջանցքը, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Նրա համոզմամբ՝ Հայաստանի պետք է մոսկովյան բանակցություններում բացառի նման օրակարգ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում կհանդիպեն մայիսի 19-ինՆավասարդյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Դուք դեռ ժամանակին ասում էիք, որ Զանգեզուրում միջանցք չտալու այլընտրանքն Լաչինի այս անցակետն է լինելու, և նաև որպես հնարավոր լուծում, առաջարկում էիք, որ Լաչինի դեպքում էլ միջազգային մեխանիզմներ գործարկվեն՝ վերահսկողություն, բայց, տեսեք, անցակետը դրեցին և դա տեղի չունեցավ։
Նավասարդյան․ - Երբ ես ասում էի, որ կարող է Մեղրիի ճանապարհը օրակարգում մնա, բայց Լաչինի միջանցքն այլևս կորցնի իր արդիականությունը, հիմա մենք մոտ ենք այդ իրավիճակին։ Ես կարծում եմ՝ Մոսկվայում պլանավորված հանդիպումը մայիսի 19-ին հերթական փորձն է լինելու հիմնականում Ռուսաստանի կողմից, բայց նաև Ադրբեջանի կողմից, վերադառնալ նոյեմբերի 9-ի հայտարարության այն կետին, որը ենթադրում է Ռուսաստանի մասնակցությունն այդ Մեղրիի ճանապարհի շահագործման հարցում, և կոնկրետ նպատակը Հայաստանի պետք է լինի բացառել Մոսկվայի բանակցություններում նման օրակարգ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Զանգեզուրյան միջանցքը» չստանալու պատճառով, թե՞ «զենքի տեղափոխումը» կանխելու նպատակով Լաչինի ճանապարհին տեղադրվեց ադրբեջանական անցակետ«Ազատություն»․ - Այսինքն՝ դա լինելու է այն գինը, որ պետք է վճարվի Լաչինն անխափան գործարկելու դիմաց։
Նավասարդյան․- Ամեն դեպքում, անխափան արդեն չի լինելու, այսինքն՝ սահմանային կետը մնալու է։ Կարել է խոսել նրա մասին, որ ռուս խաղաղապահներն ինչ-որ դերակատարություն ունենան այդ սահմանային կետը հաղթահարելուց հետո՝ ճանապարհի ռեժիմի առումով, նաև, միգուցե, դրա ժամկետների առումով, բայց նույնիսկ, եթե այս փուլում ինչ-որ խոստումներ հայկական կողմը ստանա, դա չի իրագործվելու, որովհետև մենք հետևողականորեն տեսնում ենք՝ ինչպես է Ռուսաստանը զիջում իր դիրքերն ի օգուտ Ադրբեջանի շահերի, և չեմ տեսնում պատճառ, թե ինչու Ռուսաստանը պետք է պաշտպանի հայկական շահերը, այսինքն՝ դրա դիմաց համարյա ոչ մի բան մենք Ռուսաստանին առաջարկել չենք կարող, բացի բարոյական հավատարմությունից, կամ հնազանդությունից, որն, ինչպես տեսնում եք, նույնպես պրակտիկ արդյունքներ չեն տալիս։
Այնպես որ մեր նպատակը պետք է լինի Մոսկվայի հանդիպման ժամանակ կենտրոնանալ միայն այն հարցերի շուրջ՝ մարդասիրական ճգնաժամի, որը խորանում է Արցախում և Ռուսաստանի հնարավոր գործողություններին, որը թույլ կտա դրանից խուսափել։ Քանի որ Մոսկվայում է հանդիպումը, հենց Ռուսաստանի այդ պարտականությունների կամ Ռուսաստանի այդ քայլերի և գործողությունների մասին պետք է փորձենք հիմնականում կենտրոնացնել օրակարգը:
«Ազատություն». - Այո, բայց Ձեր ասածի տրամաբանությունից բխում է, որ Ռուսաստանն ամենևին էլ դեմ չէ այդ անցակետի տեղադրմանը:
Նավասարդյան. - Ռուսաստանն, իհարկե, դեմ էր անցակետի տեղադրմանը և Ռուսաստանը կցանկանար հսկել և՛ Լաչինի միջանցքն ամբողջությամբ, և՛ Արցախի մնացած տարածքն ամբողջությամբ, բայց ստիպված է հաշվի առնել Ադրբեջանի հետ հարաբերություններում իր շահագրգռվածությունը: Այսինքն՝ գնալով զիջում է դիրքերը Բաքվին, և ես չեմ տեսնում՝ ինչու այդ գործընթացը պետք է կանգնի: Այստեղ վտանգներ կան բոլոր ուղղություններում՝ և՛ սահմանների հարցում, և՛ անկլավների հարցում, այսինքն, բոլոր այդ ուղղություններով ես տեսնում եմ շատ լուրջ խնդիրներ կապված Ռուսաստանի դերակատարության հետ:
Ցանկացած վայրում, որտեղ ինքը կարող է որոշում կայացնել ի օգուտ Հայասանի կամ ի օգուտ Ադրբեջանի, կարծում եմ, ընտրելու է երկրորդ տարբերակը, այնպես որ Հայաստանի շահագրգռվածությունը պետք է լինի Արևմուտքի քաղաքական ներկայությունը այստեղ ակտիվացնելու ուղղությամբ, քանի որ դա է միակ հնարավորությունը, բացի դրանից, որ պետք է հզորացնենք երկիրը, իրականացնենք բարեփոխումներ, դառնանք հետաքրքիր աշխարհի համար, դրանք տևական գործընթացներ են: Բայց այս պահին միակ օպերատիվ լուծումները, որ պետք է ձգտի Հայաստանը, Արևմուտքի ակտիվացումն է: Ես այլ հնարավորություններ, ցավոք, չեմ տեսնում կամ այդ հնարավորությունները արդեն բաց են թողնված: Մենք հիմա խոսում ենք նրա մասին, ինչ հնարավոր է այսօր և ինչ հնարավոր է ներկա իշխանությունների պայմաններում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի կառավարությունը Հակարիի կամրջի անցակետը ներառել է իր պետական սահմանի անցակետերի ցանկում«Ազատություն». - Պարոն Նավասարդյան, եթե անընդհատ զիջելու է Ադրբեջանին, կարող է բանը հասնել, որ դուրս գան Ղարաբաղի ռուսները:
Նավասարդյան. - Ի վերջո, այդպիսի հնարավորություն կա, թեև ես կարծում եմ, որ եթե չլինի խոշոր պարտություն մոտակա ժամանակ՝ Ռուսաստանի Ուկրաինայում, կարող են ինչ-որ կոմպրոմիսների հասնել Ադրբեջանին, այսինքն, պահպանելով իրենց ներկայությունը, բայց զիջելով իրենց ներկայության կարգավիճակը: Այսինքն՝ նման կոմպրոմիսային տարբերակներ, որքան ես կարողանում եմ տեսնել քննարկվում է նաև ադրբեջանական իշխանական վերնախավի շրջանակներում, նրանք նման սցենար տեսնում են իրենց առջև:
Ադրբեջանցիները ապրիլի 23-ին փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում և անցակետ տեղադրել։ Պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե դա արվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»։
Նավասարդյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․