Ժամը 09:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Նախարարությունը հայտնել էր, որ 09։30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ, «ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ»։
Ավելի վաղ նախարարությունը նշել էր, որ անհայտ ծագում ունեցող տելեգրամյան որոշ ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին:
Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր, շեշտում է Պաշտպանության նախարարությունը՝ հորդորելով չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, ժամը 8-ի դրությամբ հայկական կողմը հաղորդել է երեք վիրավորների, ադրբեջանականը՝ մեկի մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել՝ պնդելով, թե «շարունակվող սադրանքներն ընդլայնելու նպատակով հայկական զինված ուժերի ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զինատեսակներից և ականանետերից շարունակում են գնդակոծել մեր դիրքերը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրետանային և ականանետային կրակ Սոթքի հատվածում, հայկական կողմը հաղորդում է 4 վիրավորի, Ադրբեջանը՝ 1 զոհի և 1 վիրավորի մասին (թարմացվող)