Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը երկրորդ աշխարհամարտում հաղթանակի մոսկովյան ռազմական շքերթին պայմանավորված է Հայաստանի անվտանգության մարտահրավերները կառավարելու խնդրով, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Այս միջոցառմանը ԱՊՀ երկրների առաջնորդների մասնակցությունը հարուցել է Ուկրաինայի իշխանությունների վրդովմունքը։
«Հայաստանը գտնվում է շատ բարդ մարտահրավերների առաջ և Հայաստանի համար արդարացված է այդ մարտահրավերների հարցում էական նշանակություն ունեցող բոլոր դերակատարների հետ աշխատանքը, այդ թվում՝ նաև Մոսկվայի հետ», - ասաց Բադալյանը։
45 րոպե տևած ռազմական շքերթին մասնակցում էին նաև Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։
Ուկրաինայի դեմ չհրահրված պատերազմ սկսած Ռուսաստանի նախագահն իր ելույթում դարձյալ Արևմուտքին է մեղադրել, արևմտյան առաջնորդներին էլ նացիստների հետ համեմատել։
Հատուկ հայտարարությամբ Ուկրաինայի արտգործնախարարությունը երեկ դատապարտեց առաջնորդների մասնակությունը միջոցառմանը՝ նշելով՝ «պատերազմական հանցագործի հետ նշված օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությունը» «անբարոյական և ոչ-բարեկամական քայլ է Ուկրաինայի նկատմամբ»։
Պաշտոնական Կիևը պնդում է, որ ռազմական հանցագործությունների համար միջազգային արդարադատության կողմից հետախուզվող Պուտինն այդ միջոցառմանը ելույթ ունենալով «արդարացրել է ուկրաինացիների սպանությունը, ուկրաինական քաղաքների և գյուղերի ավերումը, ուկրաինացի երեխաների առևանգումը»։
Այս հայտարարությունում միջոցառմանը մասնակցած Բելառուսի առաջնորդի մասին չի հիշատակվում: Մոսկվային աջակցող Մինսկին Կիևը արդեն իսկ թշնամի է համարում։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ Ուկրաինայի գնահատականները Ռուսաստանին վերաբերող հարցերի վերաբերյալ հասկանալի են, բայց Հայաստանն էլ իր խնդիրներն ունի։
«Բնականաբար, մենք պետք է առաջնորդվենք մեր անհրաժեշտություններից ելնելով և ոչ թե ելնելով ուկրաինական պատկերացումներից», - ասաց Բադալյանը։
Ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում Հայաստանը կարողացել է չեզոքություն պահպանել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը դատապարտում է օտարերկրյա առաջնորդների մասնակցությունը Մոսկվայի ռազմական շքերթին