Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա։
Ոչ պաշտոնական Երևանը, ոչ էլ Մոսկվան Փաշինյան-Պուտին երկկողմ հնարավոր բանակցությունների մասին երեկ չեն հայտարարել։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն ավելի վաղ հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպման հնարավորության վերաբերյալ ասել էր, թե որոշակի պլաններ քննարկվում են։
Պաշտոնական Երևանը հայտարարել է միայն, որ Փաշինյանը Մոսկվա է ժամանել զորահանդեսին ներկա գտնվելու համար։
Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի կունենա Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված ավանդական զորահանդեսը, որին այս տարի Ռուսաստանի նախագահից բացի մասնակցելու են ԱՊՀ անդամ առնվազն վեց երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարները։ ԱՊՀ անդամ երկրներից այս պահի տվյալներով մայիսի 9-ին Պուտինի կողքին չեն լինի միայն Ադրբեջանի, Մոլդովայի և Թուրքմենստանի նախագահները:
Մոլդովայի հետ Ռուսաստանն այսօր ունի չափազանց վատ հարաբերություններ, Պուտինը նույնիսկ այդ երկրի ղեկավարությանը չի շնորհավորել Հաղթանակի օրվա կապակցությամբ՝ թերևս առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում։ Թուրքմենստանի նախագահն ԱՊՀ հավաքներին հազվադեպ է մասնակցում: Ինչու չի ժամանել Մոսկվա Ադրբեջանի նախագահը, հայտնի չէ:
Մոսկվա ժամանած ԱՊՀ երկրների ղեկավարները Պուտինի հետ միասին կլինեն Կարմիր հրապարակի ամբիոնում, ծաղկեպսակներ կդնեն Անհայտ զինվորի գերեզմանին, նախատեսվում է նաև ոչ-պաշտոնական նախաճաշ, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:
Անցած շաբաթ, մայիսի 3-ին Մոսկվան հայտարարել էր անօդաչու թռչող սարքերով Կրեմլին հարվածելու փորձերի մասին՝ մեղադրելով Ուկրաինային և Միացյալ Նահանգներին, կատարվածը կոչելով ահաբեկչություն և Պուտինի դեմ մահափորձ։ Փորձագետների մի մասը կարծում էին, թե նման միջադեպից հետո Մոսկվան կչեղարկի ավանդական զորահանդեսը, Կրեմլը, սակայն, չի չեղարկել, ավելին ՝ վերջին տարիներին մայիսի 9-ի շքերթներին սովորաբար շատ քիչ արտասահմանցի առաջնորդ էր մասնակցում, այսօր ՌԴ նախագահի կողքին կլինեն առնվազն վեց առաջնորդներ։
Փետրվարին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։ Արտասահմանցի առաջնորդների մասնակցությունն այսօրվա զորահանդեսին Մոսկվայի պատասխանն է Հաագային, գրել են քաղաքագետները: