Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ավարտին նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է Ուկրաինային տրամադրել մեկ միլիոն արկ։
«Ես շնորհակալություն հայտնեցի Ուրսուլային Եվրամիության կողմից Ուկրաինային շտապ անհրաժեշտ զինամթերք տրամադրելու պատրաստակամության համար, մեկ միլիոն արկ հրետանու համար», - ասել է Զելենսկին։
Երեքշաբթի առավոտյան Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Լեհաստանից գիշերային գնացքով ժամանել է Կիև։ Մայիսի 9-ին եվրոպական երկրների մեծ մասը նշում է Եվրոպայի օրը:
«Հաճելի է վերադառնալ Կիև, որտեղ ամեն օր պայքարում են մեզ համար կարևոր արժեքների համար։ Սա Եվրոպայի օրը նշելու ճիշտ վայր է», - գրել է նա Twitter-ում:
Ֆոն դեր Լայենի այցը Կիև Մոսկվայում անցկացվող զորահանդեսի ֆոնին, նպատակ ունի ևս մեկ անգամ ցույց տալ եվրոպական համերաշխությունը Ուկրաինայի հետ, կարծում են փորձագետները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին առաջարկել է Հաղթանակի օրը մայիսի 9-ի փոխարեն նշել մայիսի 8-ինՈւկրաինայի նախագահ Զելենսկին նախօրեին Գերագույն Ռադա է ներկայացրել օրինագիծ, որով մայիսի 8-ը պաշտոնապես հայտարարվում է Հիշատակի և Հաղթանակի օր, իսկ մայիսի 9-ին, երբ Ռուսաստանը նշում է Հաղթանակի օրը, ուկրաինացիներն այսուհետ կնշեն Եվրոպայի օրը։
Մինչ Եվրոպայում նշում են Եվրոպայի և խաղաղության օրը, իսկ Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ մարդկության պատմության մեջ ամենադաժան պատերազմում նվաճված Հաղթանակի օրը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտարարում է, որ Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկզբից մինչև օրս զոհվել է 8791 խաղաղ բնակիչ , այդ թվում ՝ 519 երեխա։ 14815 խաղաղ բնակիչ վիրավորվել է․ այդ թվում ՝ 1016 երեխա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում պատերազմում զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 8791-ի. ՄԱԿ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կադիրովը դիմել է Պուտինին՝ խնդրելով Բախմուտում «Վագների» դիրքերը հանձնել «Ախմատին»«Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինն այսօր իր մամուլի ծառայության միջոցով տեսանյութ էր հրապարակել, որում հայտարարել է, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի տրամադրել իր վարձկաններին խոստացած զինամթերքը։ Գործարարը պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը ճեղքում են ռուսական ճակատը Բախմուտի ուղղությամբ, և եթե չլինի զենք նրանք կհասնեն Ռոստով. - «Այսօր նրանք ճեղքում են ռուսական դիրքերը, վերախմբավորվում են Զապորոժիեում և մոտ ապագայում կանցնեն հակահարձակման»։
Պուտինի մտերիմ գործարարը նաև հայտարարել է, թե Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը մայիսի 9-ին Բախմուտի շրջանում լքել է դիրքերը. - «Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումներից մեկը փախել է՝ լքելով դիրքերը։ Բոլորը փախան և մերկացրին ճակատը գրեթե երկու կիլոմետր լայնությամբ և 500 մետր խորությամբ։ Մեզ հաջողվեց մի կերպ շտկել սա»։
Պրիգոժինը օրեր առաջ սպառնացել էր մայիսի 10-ին թողնել Բախմուտը, սակայն այսօր հայտարարել է, որ «Վագները» դեռ մի քանի օր կմնա իր դիրքրերում։ Ավելի վաղ նույն Պրիգոժինը հայտարարում էր, թե ռուսները մինչև մայիսի 9-ը ամբողջությամբ կգրավեն քաղաքը։ Այսօր սակայն ուկրաինական ստորաբաժանումները ոչ միայն վերահսկում են քաղաքի արևմտյան թաղամասերը, այլև, Պրիգոժինի իսկ պնդմամբ, առանձին հատվածներում գրոհում են ռուսական դիրքրերը։
Ուկրաինական բանակը պատրաստվում է հակահարձակման, և այս ֆոնին ռուսական կողմը ամեն օր ինտենսիվ ռմբակոծության է ենթարկում ուկրաինական քաղաքները։ Արձակած հրթիռների և անօդաչուների մեծ մասը ուկրաինական ՀՕՊ-ը խոցում է։ Այսօր Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ գիշերը խոցել են 25 հրթիռներից 23-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը ևս 1,2 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի ՈւկրաինայինՄիացյալ Նահանգները պատրաստվում է Ուկրաինային տրամադրել 1,2 միլիարդ դոլարի երկարաժամկետ ռազմական օգնության նոր փաթեթ՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ուժեղացնելու համար, գրել է AP-ն՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրները:
The Washington Post-ն էլ հայտնել է, թե Մեծ Բրիտանիան պատրաստվում է մինչև 300 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ փոխանցել Ուկրաինային։ Սակայն վերջնական որոշումը դեռ ընդունված չէ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել էր, որ Բրիտանիան մտադիր է դառնալ Ուկրաինային ավելի մեծ հեռահարության զենք տրամադրող առաջին երկիրը։
Ուկրաինայի իշխանությունները վաղուց էին խնդրում դաշնակիցներին տրամադրել հեռահար հրթիռներ, սակայն ԱՄՆ-ը մտավախություն ուներ, որ դա կհանգեցնի հակամարտության սրմանը։ Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը դաշնակիցներին երաշխիքներ է տվել, որ Ուկրաինան հեռահար հրթիռներ չի արձակի Ռուսաստանի տարածքի վրա։