Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Բախմուտում ռուսական «Վագների» դիրքերը հանձնել չեչենական «Ախմատ» գումարտակին: Տեքստը հրապարակվել է նրա Տելեգրամ ալիքում։
Կադիրովը նշում է, որ դիմումն արդեն ուղարկվել է։ Նա Պուտինին խնդրել է հանձնարարել պաշտպանության նախարարին և Ազգային գվարդիայի տնօրենին հրամաններ տալ՝ «Ախմատի»-ի ստորաբաժանումները դուրս բերելու այլ ուղղություններից և դրանք վերատեղակայել Բախմուտում՝ ստանձնելու «Վագների» դիրքերը։
Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը երեկ հայտարարել է, որ իր զինյալները պատրաստ են Բախմուտում զբաղեցրած դիրքերը հանձնել Չեչնիայի ղեկավարի անմիջական ենթակայության տակ գործող «Ախմատ» գումարտակին։
Պրիգոժինը նման առաջարկով պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանի նախարար Սերգեյ Շոյգուին։
«Ուկրաինայի զինված ուժերը Բախմուտում ընդամենը երկու քառակուսի կիլոմետր են վերահսկում, և ես վստահ եմ, որ «Ախմատին» կհաջողվի գրավել քաղաքը», - գրել է Պրիգոժինը։
«Վագների» հիմնադիրը նախօրեին հայտարարել էր, որ իր ենթակայության տակ գործող ստորաբաժանումները մայիսի 10-ին լքելու են Բախմուտը՝ «ծանր կորուստների և սպառազինության պակասի պատճառով»։