Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը իրանական  անօդաչուներով հրթիռակոծել է Օդեսան և Կիևը


Ուկրաինայի մի շարք շրջաններ, այդ թվում Օդեսան և Կիևը այս գիշեր կրկին ռմբակոծվել են։ Ռուսական կողմը օգտագործել է իրանական անօդաչուներ և տարբեր տեսակի հրթիռներ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով, դրանց մեծ մասը խոցվել է։

Ուկրաինական կողմը հայտնում է, որ Օդեսա հասած անօդաչուների պոչերի վրա գրված է եղել «Կրեմլի համար»։

Մինչ այդ Մոսկվան հայտարարել էր, թե մայիսի 3-ի գիշերը երկու անօդաչուներ փորձել են գրոհել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Կրեմլի նստավայրը։ Ռուսական կողմը կատարվածի համար մեղադրել էր Ուկրաինային, սակայն Կիևը հերքել են առնչությունը միջադեպին։ ։

Վաշինգտոնն էլ հայտարարել է, թե թերահավատորեն է վերաբերվում Կրեմլի վրա «ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման» ռուսական վարկածին։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտն իր զեկույցում գրել է, թե ամենայն հավանականությամբ, սա Կրեմլի «բեմադրություն էր»։

Ռուսաստանը, սակայն, շարունակում է պնդել իր մեղադրանքը․ Կրեմլի խոսնակը այսօր հայտարարել է, թե Կիևի հայտարարությունները ծիծաղելի են։ Ավելին, Կրեմլի խոսնակը պնդել է, թե նման հարվածների որոշումները կայացվում են Վաշինգտոնում։

Ջոն Քիրբի
Ջոն Քիրբի

Վաշինգտոնի արձագանքը չի ուշացել․ «Պեսկովը ստում է», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ - «Իհարկե, մենք ուկրաինացիներին չենք թելադրում, թե ինչպես նրանք պետք է պաշտպանվեն կամ գործողություններ իրականացնեն։ Այնուամենայնիվ, մենք նրանց հրապարակավ և մասնավոր կերպով հասկացրել ենք, որ չենք խրախուսում կամ թույլ չենք տալիս հարվածել թիրախներին Ուկրաինայի սահմաններից դուրս։ Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները որևէ մասնակցություն չի ունեցել դրանում: Պեսկովն ուղղակի ստում է»։

Դմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով

Կրեմլի խոսնակը, ինչպես և երեկ, այսօր էլ սպառնացել է՝ Ռուսաստանն այս միջադեպն անարձագանք չի թողնի. - «Ես չեմ կարող ձեզ մանրամասներն ասել: Կարող եմ ասել միայն, որ խոսքը մեր շահերին համապատասխան մտածված, հավասարակշռված քայլերի մասին է»։

Ու մինչ Կրմելը մտածում է, թե ինչ պատասխան տալ, նախագահ Զելենսկին Հաագայի միջազգային դատարանում այսօր հայտարարել է, թե Պուտինը պետք է դատապարտվի Միջազգային քրեական դատարանի կողմից. - «Մենք բոլորս ցանկանում ենք այստեղ տեսնել մեկ այլ Վլադիմիրի։ Եվ ես վստահ եմ, որ մենք կտեսնենք, թե ինչպես դա տեղի կունենա, երբ մենք հաղթենք»։

Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի

Մարտի կեսերին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդեր է տվել։ Կրեմլը ի պատասխան հայտարարել էր, թե միջազգային բարձրագույն այդ դատարանի իրավասությունը չի ճանաչում։

Մինչ այդ Պուտինի մտերիմ շրջապատը արդեն սկսել է հայտարարել, թե նրա հետ երբեմնի մտերմությունը ամենևին էլ չի նշանակում, որ իրենք աջակցում են պատերազմին Ուկրաինայում։

Պուտինի վաղեմի ծանոթ, միլիարդատեր Գենադի Տիմչենկոն դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով չեղարկել իր նկատմամբ եվրոպական պատժամիջոցները։ «Այն, որ գործարարը երկարամյա կապեր է ունեցել Պուտինի հետ, նրան դաշնակից չեն դարձնում Ուկրաինայի դեմ պատերազմում», - ըստ Bloomberg-ի, ասել է Տիմչենկոյի փաստաբան Ստեֆան Բոնիֆասին։

Տիմչենկոն և նրա կինը Եվրամիության գլխավոր դատարանին ուղղված դիմումներում նշել են, որ իրենց նկատմամբ կիրառված ԵՄ պատժամիջոցներն արդարացի չեն, քանի որ նախագահի հետ իրենց կապերի մասին որևէ ապացույց չկա։

Եվգենի Պրիգոժին
Եվգենի Պրիգոժին

Պուտինի մերձավոր շրջապատի մեկ այլ ներկայացուցիչ, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինն այսօր ձայնագրություն է հրապարակել, որտեղ քննադատում է բոլոր նրանց, ովքեր ասում են, թե Կրեմլին անօդաչուներով հարվածելու փորձին Մոսկվան պետք է միջուկային զենքով արձագանքի. - «Որպես արմատական մարդ, կարող եմ, որ անօդաչու թռչող սարքին ի պատասխան միջուկային զենքի կիրառումը իհարկե բացառված է։ Նախևառաջ, անօդաչուների դեմ պայքարի համար պատասխանատուին պետք է պատժել, և դրանից հետո ամեն ջանք գործադրել, որպեսզի դառնանք առաջատար ուժը անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների ոլորտում, և պատասխանենք ճիշտ նույն անօդաչու սարքերով։ Իսկ այսպես մենք նման ենք ծաղրածուների, ովքեր սպառնում են «միջուկային ռումբով» պատասխանել մանկական անօդաչու թռչող սարքի համար»։

Պրիգոժինը հայտնի է որպես Պուտինի խողահար , նրա ղեկավարած վարձկաններն առանցքային դեր ունեն Բախմուտի համար մարտերում։ Քաղաքը մինչ օրս ռուսներն ամբողջությամբ չեն վերահսկում։

XS
SM
MD
LG