Ռուսաստանը թևավոր հրթիռներով հարվածել է Կրամատորսկի և Սլավյանսկի շրջաններին

Ուկրաինական կողմը հայտնում է, թե, նախնական տվյալներով, ռուսական ռազմավարական ռմբակոծիչները թևավոր հրթիռներ են արձակել Կասպից ծովի տարածաշրջանից։

Տարբեր աղբյուրներով չհաստատված տեղեկություններով, դրանցից առաջինը հարվածել է Կրամատորսկի և Սլավյանսկի շրջաններին։ Այդ շրջաններից հայտնում են պայթյունների մասին։ Ուկրաինայի գրեթե ողջ տարածքում, բացառությամբ արևմտյան շրջանների, հայտարարվել է օդային տագնապ։

Շարունակվում են կատաղի մարտերը Բախմուտի և Մարյինկայի համար

Թեժ է նաև ռազմի դաշտում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով, Բախմուտի և Մարյինկայի համար «կատաղի մարտերը շարունակվում են»։

Իրավիճակը Բախմուտում կարող է փոխվել, եթե այստեղից հեռանան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանները։ Դրա հիմնադիր Եվգենի Պրիգոժինը այսօր հայտարարել է, որ զինամթերքի պակասի պատճառով մայիսի 10-ին Դոնեցկի մարզի Բախմուտում իր դիրքերը կհանձնի Ռուսաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումներին և դուրս կբերի Բախմուտից իր ուժերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պրիգոժինը հայտարարել է, որ մայիսի 10-ին «Վագները» կհեռանա Բախմուտից

«Մենք պատրաստվում էինք մայիսի 9-ին ամբողջությամբ գրավել Բախմուտը, բայց դա դուր չի գալիս Պաշտպանության նախարարությանը։ Մայիսի 10-ից ես դուրս եմ բերում «Վագների» ստորաբաժանումները Բախմուտից», - հայտարարել է նա։

Ավելի վաղ՝ մայիսի 5-ի գիշերը, Պրիգոժինի մամուլի ծառայությունը տեսանյութ էր տարածել, որում «Վագների» ղեկավարը սպանված վարձկանների մարմինների ֆոնին անպարկեշտ բղավում է Ռուսաստանի ռազմական ղեկավարության հասցեին՝ պահանջելով զինամթերք մատակարարել. - «Նրանք, ովքեր ռազմամթերք չեն տալիս, դժոխքում կլինեն։ 70 տոկոս զինամթերքի պակաս ունենք, Շոյգո'ւ, Գերա'սիմով, բա փամփուշտը որտե՞ղ է…»

Ի դեպ, անցած տարի Պրիգոժինին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության հերոսի բարձրագույն կոչում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը այսօր հայտարարել է, որ Կրեմլում տեսել են այդ տեսագրությունը, սակայն հրաժարվել է մեկնաբանել այն՝ ասելով, թե չի կարող մեկնաբանել, քանի որ դա վերաբերում է հատուկ ռազմական օպերացիայի ընթացքին։

Բախմուտ քաղաքը, Պրիգոժինի խոսքով, «Վագները» փորձում է գրավել անցած տարվա հոկտեմբերից։ Դեկտեմբերից Բախմուտը համարվոում է առաջնագծի ամենաթեժ կետը: Դեռևս ապրիլին Եվգենի Պրիգոժինը հայտարարեց, որ իր վարձկանները վերահսկում են քաղաքի 90 տոկոսը։ Ուկրաինացիները սա հերէքում են՝ պնդելով թե ուկրաինական ստորաբաժանումները այսօր էլ վերահսկում են քաղաքի արևմտյան թաղամասերը։

Ուկրաինական ուժերը այսօր հարձակողական գործողություններ են իրականացրել Ուգլեդար բնակավայրում

Մինչ Բախմուտի համար թեժ մարտերը շարունակվում են ռուս ռազմական բլոգերները հայտնում են, ուկրաինական ուժերն այսօր հարձակողական գործողություններ էին իրականացնում Ուգլեդար բնակավայրում։ Բլոգերները մտավախություն ունե, որ սա ուկրաինական ակնկալվող հակահարձակման պատրաստությունն է։ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի Ուգլեդարում հարձակողական գործողույթունների մասին տեղեկություն չի հայտնում։

Նոր պայթյուն Իլսկի նավթավերամշակման գործարանում

Մինչ այդ երկու օրվա ընթացքում երկրորդ պայթյունն ու հրդեհը տեղի է ունեցել Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Հրդեհն առաջացել է անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններից։ Ուկրաինական կողմը սա դեռ չի մեկնաբանել։

Մինչ այդ Ռուսաստանի արտգործնախարարն է այսօր սպառնացել, թե Ռուսաստանը Կրեմլի վրա հարձակմանը կպատասխանի կոնկրետ գործողություններով. - «Բացարձակապես պարզ է, որ Կիևի ահաբեկիչները չէին կարող դա անել առանց իրենց տերերի իմացության։ Եվ մենք կարձագանքենք կոնկրետ գործողություններով»։

Լավրովը հստակ չի ասել, թե Ռուսաստանը ինչպես է պատրաստվում արձագանքել։

Մայիսի 3-ի կեսօրին Կրեմլը հայտարարել էր Պուտինի Կրեմլի նստավայրի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին, թեև դեպքը, Պեսկովի խոսքով, տեղի էր ունեցել գիշերը։ Պուտինն այդ ժամանակ Կրեմլում չէր, սակայն Կրեմլում տեղի ունեցածը անմիջապես անվանեցին «նախագահի դեմ մահափորձ» և «պլանավորված ահաբեկչություն»։

Սկզբում Ռուսաստանի իշխանությունները հարձակման մեջ մեղադրեցին Ուկրաինային, ավելի ուշ ասացին, որ ներգրավված է նաև Միացյալ Նահագները։

Ուկրաինայի իշխանությունները հերքում են մեղադրանքները, Սպիտակ տունը մեղադրանքներն անվանել է «ծիծաղելի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լավրովը հայտարարել է, որ Կրեմլի վրա հարձակմանը Ռուսաստանը կպատասխանի կոնկրետ գործողություններով Վաշինգտոնը գնահատականներ չի տալիս Կրեմլի վրա անօդաչուների գրոհի միջադեպին Ռուսաստանը երբ հարմար կգտնի՝ կպատասխանի Կրեմլի վրա հարձակմանը. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանՄոսկվան պնդում է, թե ուկրաինական ԱԹՍ-ներն են փորձել հարվածել Կրեմլում Պուտինի նստավայրին

Չնայած Կրեմլի վրա ԱԹՍ-ների գրոհին, Մոսկվան մայիսի 9-ի տոնական շքերթը չի չեղարկել։ Այսօր Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է թե Կրմելը Էմամոմլի Ռահմոնին հրավիրել է մայիսի 9-ի տոնակատարությանը։ Չի հաղորդվում, թե արդյոք Ռահմոնն ընդունել է հրավերը։

Ավելի վաղ ռուսական մամուլը, հղում անելով Կրեմլին, գրել էր, թե շքերթին ներկա է լինեելու Ղրղրզստանի ղեկավարը։ Հետխորհդային երկրների ղեկավարներից էլ ով կընդունի Պուտինի հրավերը, այս պահին հայտնի չէ։