Անորոշ է Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը, ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխավորման մեխանիզմը. Փաշինյան

Վաշինգտոնում չորս օր շարունակված հայ-ադրբեջանական բանակցություններին ֆոնին Հայաստանի վարչապետն այսօր Պրահայում հայտարարեց՝ անորոշ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխավորման մեխանիզմը, անորոշ է նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափը։

Ելույթ ունենալով Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ մինչ այս պահը հնարավոր չի եղել համաձայնեցնել նաև խաղաղության պայմանագրի տեքստի մեկնաբանության հարցում տարակարծությունները հաղթահարելու մեխանիզմները։

Հայաստանի ղեկավարի խոսքով՝ չկա նաև որևէ համաձայնություն խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում: Միևնույն ժամանակ Փաշինյանը դարձյալ շեշտեց՝ չնայած առկա խոչընդոտներին Երևանը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղության ուղղությամբ։

Քննարկման մասնակիցներից մեկը հիշեցնելով Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Հայաստանի և հայերի դեմ Ադրբեջանի գործողությունները՝ հարցրեց՝ ինչո՞ւ պաշտոնական Երևանը չի խոսում «անջատում հանուն փրկության» սկզբունքից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի կառավարությունը Հակարիի կամրջի անցակետը ներառել է իր պետական սահմանի անցակետերի ցանկում

Փաշինյանի իշխանությունն այս սկզբունքի մասին սկսեց խոսել 44-օրյա պատերազմի ընթացքում, հետո էլ այն տեղ գտավ իշխող կուսակցության նախընտրական ծրագրում։

Վարչապետը «անջատում հանուն փրկության» սկզբունքին որևէ կերպ չանդրադարձավ, միայն վերահաստատեց նախկին հայտարարությունները՝ Բաքուն էթնիկ զտում է նախապատրաստում, իսկ ԼՂ հայերի անվտանգությունն ու իրավունքները պետք է հասցեագրվեն բանակցություններում, որոնք տեղի կունենան Բաքվի և Ստեփանակերտի միջև: Բայց, ինչպես խոստովանեց Հայաստանի առաջնորդը, Ալիևի վարչակազմը նման ցանկություն չունի։

«Մենք ոչ միայն սպասում ենք, նաև ավելի քան 30 տարի աշխատում ենք այս ուղղությամբ: Եվ մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքեր լուծելու ԼՂ հիմնախնդիրը, հաստատելու տևական խաղաղություն մեր տարածաշրջանում: Մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին, քանի որ մենք դրա համար մանդատ ենք ստացել նաև հայ ժողովրդից», - ասաց նա։

«Կան հարաբերությունները բարդացնող գործոններ». Ռուսաստանի մասին

Ներկաներից մեկը Ռուսաստանի հետ հարաբերություններից հարցրեց։ Փաշինյանը հրաժարվեց ուղիղ պատասխանել, ասաց միայն՝ կան հարաբերությունները բարդացնող գործոններ, այդ համատեքստում մատնանշեց Մոսկվայի առաջնորդած ՀԱՊԿ-ի հետ տարաձայնությունները և պնդեց, որ այդ ռազմական դաշինքը չի կատարել Հայաստանի առջև ստանձնած պարտավորությունները։

Փաշինյանը քննարկումը ավարտեց Ուկրաինայի հակամարտության անկանխատեսելի ավարտի մասին դիտարկումներով, նշեց, որ իրավիճակն ամբողջությամբ անկանխատեսելի է, և որ չկա որևէ վերլուծական, քաղաքագիտական կառույց, որը կարող է կանխատեսել, թե ինչ կլինի մեկ ամսից։

«Միայն կարող եմ վստահ ասել, որ հաջորդ շաբաթ կգնամ Մոսկվա»,- հայտարարեց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե իր կարծիքով՝ ի՞նչ կարող է լինել մեկ ամսից Ուկրաինայում։

Թե ի՞նչ օրակարգով է Մոսկվա գնում և ի՞նչ հանդիպումներ են նախատեսված, Հայաստանի վարչապետը չհստակեցրեց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը պատրաստ է խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան