Անցած տարվա ողջ ընթացքում երկնիշ թվերն անցնող գնաճն ապրիլին օրենքով սահմանված թիրախային 4 տոկոս ցուցանիշից էլ ցածր է կազմել, 12-ամյսա գնաճը Հայաստանում այժմ 3,2 տոկոս է։ Չնայած գնանկմանը, պաշտոնյաները զգուշացնում են, գնաճի դեմ պայքարն ավարտված չէ։
Ո՞ր ապրանքներն են էժանացել
Պաշտոնական տվյալներով, անցած մեկ ամսվա ընթացքում հացի գինը նվազել է 3,4 տոկոսով, մարգարինն էժանացել է 2,2 տոկոսով, շաքարավազը՝ 1,5, ձեթը՝ 5,2 տոկոսով։ Որոշակիորեն նվազել են նաև մսի և նպարեղենի գները։
«Մենք նկատում ենք մի ֆենեմոն, երբ կա որոշակի ապրանքների էական գնանկում, որը հիմնականում պայմանավորված է վարվող խիստ դրամավարկային քաղաքականությամբ, մի կողմից։ Մյուս կողմից, պայմանավորված է քովիդից հետո վերջապես արժեշղթաների վերականգնմամբ և առաջարկի ավելացման գործոններով», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Գնաճը վերահսկող պետական կառույցի՝ Կենտրոնական բանկի կանխատեսումներով, թանկացումների տեմպն առաջիկայում ավելի է թուլանալու։ Գալստյանը, այդուհանդերձ ասում է՝ չնայած դրական միտումներին զգոնությունը թուլացնել չի կարելի. - «Եթե ապրանքների պարագայում մենք տեսնում ենք, որ ունենք գնանկումներ, և բավականին մեծ, որը ընդհանուր գնաճը որոշակի ժամանակ անց, շատ կարճաժամկետում նույնիսկ բերելու է նրան, որ Հայաստանում, մեր գնահատականներով, ընդհանուր գնաճը լինելու է ավելի ցածր, քան Կենտրոնական բանկի թիրախը։ Բայց այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ, օրինակ, ծառայությունների ոլորտում գնաճը ավելի բարձր է, քան մեր թիրախը։ Մենք 6,7,8 տոկոս ամսական արտահայտությամբ, տարեկանացված նաև 12 տոկոս գնաճ ունենք որոշակի ծառայությունների մասով»։
Չնայած վիճակագրական այս ցուցանիշներին, այսօր մայրաքաղաքի փողոցներում «Ազատության» հարցերին պատասխանած քաղաքացիներից շատ քչերն էին գնանկում նկատել։
Գնաճը կարող է բարձրանալ 3,2 տոկոս ցուցանիշից, բայց կշարունակի ցածր մակարդակի մնալ. տնտեսագետ
Գնաճի տեմպերի այսչափ թուլացումը սպասելի էր, ասում է տնտեսագետ Նարեկ Կարապետյանը, սակայն կպահպանվի այս միտումը թե ոչ, կանխատեսելը բարդ է. - «Դժվար ա ասել, կարծում եմ, կարող ա գնաճը որոշակիորեն բարձրանա 3,2 տոկոս ցուցանիշից։ Բայց ամեն դեպքում կարծում եմ, կշարունակի ցածր մակարդակի մնալ»։
Հիմնական պարենային ապրանքների միջազգային գները վերջին ամիսներին նույնպես նվազում են։ Տնտեսագետի խոսքով, ակնկալվում է, որ գները ցածր մակարդակում կպահպանվեն ամբողջ տարվա ընթացքում. - «Արտաքին աշխարհում ևս զարգացումները նպաստավոր են մեզ մոտ առավել ցածր գնաճային միջավայր ունենալու համար»։
Տնտեսագետն այդուհանդերձ շեշտում է, որ այս զարգացումներին մեծապես նպաստում է թանկ դրամի գործոնը, եթե դրամ-դոլար հարաբերակցությունը փոխվի, այս դրական միտումը գուցե չպահպանվի։ Դոլարը մեկ տարում դրամի համեմատ էժանացել է շուրջ 20 տոկոսով։