Նախօրեին հայաստանյան գրանցում ունեցող Flyone Armenia ընկերությունը տեղեկացել է, որ չի կարող օգտագործել Թուրքիայի օդային տարածքը տարանցիկ չվերթներ իրականացնելու համար։ Թուրքական ավիացիոն իշխանությունները առայժմ որևէ բացատրություն ընկերությանը չեն տվել պատճառների մասին։
«Մեր որոշակի չվերթներ դեպի Եվրոպա, որոնք տարանցվում էին Թուրքիայի օդային տարածքում, առժամանակ չեն կարող իրականացվել Թուրքիայի օդային տարածքի կիրառությամբ։ Պատճառների մասին մենք տեղեկատվություն չունենք։ Ամեն դեպքում վստահ ենք, որ մեր կողմից, ավիաընկերության կողմից նախապես ստացվել էին բոլոր թույլտվությունները չվերթները իրականացնելու 2023 թվականի ամառային թռիչքային շրջանում, և որևէ ավիացիոն գործունեության հետ կապված պատճառ մենք չենք տեսնում էդ կասեցման հետ կապված», - փոխանցեց ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ եվրոպացի գործընկերների հետ համագործակցությամբ չվերթները իրականցվելու են, և տոմսեր գնած ուղևորները տհաճ փաստի առաջ չեն կանգնի, այդուհանդերձ ստացվում է, որ այս պահին հայկական գրանցմամբ ընկերությունը չի կարող օգտագործել Թուրքիայի օդային տարածքը։
Եվրոպա ուղևորվելու համար այն շրջանցել ևս հնարավոր չէ ռուս-ուկրինական պատերազմի պատճառով, քանի որ Ուկրաինայի տարածքի մեծ մասը ոչ թռիչքային գոտի է հայտարարված. - «Այդ գործիքակազմը Flyone Armenia-ն ունի և մենք դա կիրառելու ենք, որպեսզի ավիացիոն մեր դիրքերը կարողանանք պահպանենք, որպեսզի մեր ուղևորները հասնենք իրենց նպատակակետին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Flyone Armenia-ն այսօրվանից Երևան-Մոսկվա-Երևան ամենօրյա չվերթներ կիրականացնիԱնցյալ տարվանից այս ավիաընկերությունը իրականցնում է նաև Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքներ։ Այս թռիչքներին ոչինչ չի սպառնում, համենայն դեպս, Flyone Armenia ընկերությունը թուրքական կողմից որևէ խոչընդոտի մասին չի տեղեկացվել. - «Flyone ընկերությունը իրականցնում է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթները, իսկ թուրքական «Պեգասուս» ընկերությունը իրականացնում է Ատամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները»։
Արդյո՞ք թուրքական արգելքը վերաբերում է միայն Flyone Armenia-ին, թե՞ այլ առհասարակ հայկական գրանցմամբ որևէ ընկերություն չի կարող այլևս թռչել Թուրքիայի օդային տարածքով։ Քաղավիացիայի վարչությունից խոստացան այս հարցին պատասխանել վաղը, երբ վերադառնան աշխատանքի։
Հարցի պատասխանը հնարավոր չէ ստանալ նաև այլ հայկական ընկերություններից, քանի որ հայկական գրանցում ունեցող մյուս ավիաընկերությունը՝ Fly Arna-ն չունի թռիչքներ դեպի Եվրոպա, հետևաբար չի օգտագործում Թուրքիայի օդային տարածքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան պաշտոնապես հայտարարեց փետրվարից Հայաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերաբացման մասինԵրևանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Անկարան 2022 փետրվարին պաշտոնապես էր հայտարարել, որ վերականգնում են Հայաստան-Թուրքիա ուղիղ ավիահաղորդակցությունը, իսկ մեկ տարի անց՝ 2023-ի փետրվարին հայտարարել էին, թե վերացրել են ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը։
Եթե Երևան-Ստամբուլ թռիչքներ արդեն ավելի քան մեկ տարի իրականացվում են, ապա օդային բեռնափոխադրումներ չկան։
Ինչպես տեղեկանցաք այսօր Ստամբուլում աշխատող հայ գործարարից՝ այս հայտարարությունից հետո Թուրքիան այդպես էլ չի բացել այսպես ասած մաքսային սահմանը, ինչն անհրաժեշտ է ուղիղ առևտրի համար։
2020 թվականի պատերազմից հետո հարաբերությունները կարգավորելու նպատակով հատուկ բանագնացներ նշանակած Երևանի ու Անկարայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպման մասին տեղեկություն առայժմ չկա։ Մինչ այդ ապրիլի վերջին Անկարան խստորեն դատապարտել էր Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի տեղադրումը ու նշել, թե «նման կարգի սադրիչ քայլերն անհամատեղելի են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու գործընթացի ոգու հետ»։