Երկու հիմնական թեկնածուները, հավանաբար, կանցնեն երկրորդ փուլ
Ճիշտ 15 օր է մնում մինչև Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունները:
Չորս թեկնածուներ են պայքարում մայրաքաղաք Անկարայի Բեշթեփե թաղամասում գտնվող նախագահական պալատին տիրանալու համար:
Պալատի ներկայիս տերը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացնում է «Ժողովրդական դաշինքը»: Դրանում 4 անդամակցած և 2 սատարող կուսակցություններ են, հիմնականը, բնականաբար, վերջին տասնամյակներին իշխող «Արդարություն և զարգացումն» է:
Քեմալ Քըլըչդարօղլուն «Ազգային դաշինքի» միասնական թեկնածուն է, այս դաշինքում 5 անդամակցած և 4 սատարող կուսակցություններ են: Առանցքային ուժը Ժողովրդահանրապետական կուսակցությունն է:
Թեկնածուներից երկուսը խորհրդարանում հենարան չունեն
Երրորդը «Հայրենիք» կուսակցության լիդեր Մուհարեմ Ինջեն է և չորրորդը՝ Սինան Օղանն, ով «Աթա» դաշինքից է:
Ինջեի և Օղանի կուսակցությունները ներկայացված չեն Թուրքիայի խորհրդարանում՝ Ազգային մեծ ժողովում, բայց նրանք հաղթահարել են առնվազն 100-հազարական ստորագրություն հավաքելու շեմը և ստացել են նախագահության թեկնածուների կարգավիճակ:
Թուրք և օտարերկրացի քաղաքական վերլուծաբանների մեծամասնության համոզմամբ, հիմնական թեկնածուներն են Էրդողանը և Քըլըչդարօղլուն:
Փորձագետների համայնքը նաև ենթադրում է, որ, ամենայն հավանականությամբ, մայիսի 14-ի քվեարկությանը կհաջորդի մայիսի 28-ին նախատեսված երկրորդ փուլը:
Առաջին փուլով հաղթելու համար պետք է ստանալ քվեների կեսից ավելին, իսկ երկրորդում բավական է պարզ մեծամասնությունը:
Լիրայի արժեզրկում, սղաճ, դժգոհություն
Գործող նախագահի համար ծանր շրջան է: Երկու տասնամյակ շարունակ նա հաղթանակով է ավարտել բոլոր ընտրությունները, դիմացել է ավերներին և նույնիսկ հեղաշրջման փորձին:
Բայց վերջին տարիներին Թուրքիայում ազգային տարադրամի՝ լիրայի կտրուկ անկում է սկսվել: Դա մեծավ մասամբ վերագրում են Էրդողանի դրամավարկային քաղաքականությանը: Նրա կարգադրություններին ենթարկվող Կենտրոնական բանկն անընդհատ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն, ինչը հանգեցրել է երկնիշ թվերով սղաճի:
Սոցիալական վիճակը վատթարացել է, բնակիչների զգալի մասի մոտ դժգոհություն է առաջացել:
2022-ին արդեն հայտնի էր, որ Էրդողանի վարկանիշը նկատելի անկում է գրանցում: Ընտրությունների օրենքով նախատեսված ժամկետը 2023 թվականի հունիսի 18-ն է, բայց Էրդողանի թիմը որոշել է դրանք անցկացնել ավելի վաղ՝ համոզվելով, որ վարկանիշի անկումը կանգ չի առնում:
Փետրվարյան պատուհասը
Հունվարին Էրդողանը հայտարարել է քվեարկությունը մայիսի 14-ին նշանակելու մասին: Պաշտոնական բացատրությունն այն էր, թե հունիսին, իբր, արձակուրդներ են, և ոչ բոլորին է հարմար քվեարկել:
Ոչ ոք չգիտեր, թե ինչ նոր պատուհաս է գալու: Ավելի քան 50 հազար մարդկանց կյանք խլած փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժը ծանր հարված է հասցրել կառավարության հեղինակությանը:
Սարսափելի աղետը վերապրած մարդկանցից շատերը սկսել են դատապարտել իշխանություններին ողբերգությանն ուշացումով և ոչ արդյունավետ արձագանքելու համար:
Օրեր անց տեղի է ունեցել աննախադեպ բան՝ որպես կանոն ոչ մի հարցում չզիջող, իրեն միշտ անսխալական համարող Էրդողանը հրապարակավ ներողություն է խնդրել հայրենակիցներից: «Հելյալիք»՝ մահմեդականի զղջում, որով մարդ դիմում է հանգուցյալներին, եթե իրեն մեղավոր է զգում նրանց նկատմամբ:
Բարդություններին ավելացավ ստամոքսի գրիպը
Հիմա էլ մի նոր դժվարություն, այս մեկը ֆիզիկական՝ նախագահ Էրդողանը վատառողջ է, ընդհատել է ուղիղ եթերում հեռարձակվող հարցազրույցը, դրանից հետո չեղարկել է մի շարք նախընտրական հանդիպումներ:
Նրա թիմը հավատացնում է, որ ամեն բան լավ է, որ նախագահն ուժեղ է և հավատում է հաղթանակին: Այսօր նա տեսակապով դիմել է Ադանայի ընտրողներին:
Գործող նախագահի թիմն ընտրողին համոզում է, որ 69-ամյա Էրդողանի օրոք երկրում կայունություն է հաստատվել, Թուրքիայի բանակն էլ ավելի է հզորացել, միջազգային ասպարեզում Թուրքիան դարձել է վստահ և հպարտ դերակատար:
«Ամերիկան և Եվրոպան Էրդողանի պարտությունն են ցանկանում»
Անցած երկու օրը, երբ նախագահը զբաղված էր ստամոքսի գրիպը բուժելով, պարապը լրացրել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ով նախընտրական հավաքներում պնդել է, թե Էրդողանն է կայունության երաշխավորը:
«Մեր երկիրը դիմացել է ամեն ինչին, հեղաշրջմանը և Ամերիկայի սպառնալիքներին»,- ասել է Սոյլուն, ավելացնելով, թե չարանենգ Ամերիկան ու Եվրոպան են ցանկանում տեսնել Էրդողանի պարտությունը, բայց ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի:
Խորհրդարանական իշխանակարգը վերականգնելու խոստում
74-ամյա Քըլըչդարօղլուն էլ հավատացնում է, որ երկրին փոփոխություն է պետք, նա ասում է, թե իր հաղթանակը դեմոկրատիա կբերի: Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է վերադառնալ խորհրդարանական համակարգին:
Վաղը նախագահը կհանդիպի Իզմիրի ընտրողներին: Ապրիլի 30-ին էլ նրա հիմնական մրցակիցը՝ Քըլըչդարօղլուն կլինի այդ քաղաքում:
Մայիսի 7-ին «մեծ ճակատամարտ» Ստամբուլում
Մինչդեռ, առավել թեժ քաղաքական ճակատամարտը կլինի մայիսի 7-ին երկրի ամենախոշոր քաղաքում՝ Ստամբուլում, որտեղ նույն օրը նախատեսվում են թե՛ Էրդողանի և թե՛ Քըլըչդարօղլուի նախընտրական հավաքները: