Վարչապետի հայտարարությունից մեկ շաբաթ անց Տեղ գյուղի սահմանային վիճահարույց հատվածում փոփոխություն չկա. Փաշինյանի նշած վիճահարույց 3,6 կիլոմետրանոց հատվածը դեռ ճշգրտված չէ, այսօր ասել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
«Տեղի ուղղությամբ, այո, հակառակորդի հետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն արդեն իսկ գտնվում են շփման պայմաններում, ունենք նաև ստեղծված մեր առաջնագիծը, դիրքային համակարգը կատարելագործում ենք, բարելավում ենք, օր օրի իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ՝ էլ ավելի բարելավելու, հակառակորդի նկատմամբ որոշ ուղղություններում նաև առավելություն ստանձնելու ուղղությամբ: Մյուս հատվածներում զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կատարում են», - նշել է ԳՇ պետը:
Լրագրողների հարցին՝ «մնացած 3,6 կմ-ն նույն կերպ պահպանվո՞ւմ է», Ասրյանը պատասխանեց. - «Միանշանակ, այո, բոլոր ուղղությունները պահպանվում են»:
Անցած շաբաթավերջին խորհրդարանում վարչապետը հայտարարել էր, թե Տեղում 11 կիլոմետր սահմանային հատվածից 5-ը եղել է վիճահարույց, որից 1,4 կիլոմետրը ճշգրտվել է և մնացել է 3,6-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյուղի տարածք ներխուժած ադրբեջանցիները մեկ սանտիմետր անգամ հետ չեն գնացել. ահազանգում է Տեղի համայնքի բնակիչըՓաշինյանը, սակայն, չէր հստակեցրել՝ դրա արդյունքում ադրբեջանցիները դուրս եկե՞լ են Հայաստանի ինքնիշխան տարածքից, թե՞ որոշվել է, որ մարտի 30-ին ադրբեջանցիները զբաղեցրել են իրենց պատկանող հողերը։
Այս հարցը այսօր չի հստակեցրել նաև Գլխավոր շտաբի պետը։ Զինված ուժերի ղեկավարը սահմանային իրավիճակը գնահատում է հարաբերականորեն կայուն, միևնույն ժամանակ շեշտում՝ Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական զինուժը պարբերաբար խախտում է հրադադարը։
«Հրադադարի ռեժիմի խախտման նպատակը հակառակորդի միշտ լարված իրավիճակ պահելն է, բայց մեր կողմից գտնվում է հսկողության տակ», - ասաց Ասրյանը:
«Հայաստանի և ԵՄ դիտորդական առաքելության համագործակցությունը շատ դրական է»
Գլխավոր շտաբի պետն այսօր Ջերմուկում էր Ֆրանսիայի արտգործնախար Կատրին Կոլոննայի հետ՝ ներկայացնելու անցած տարվա սեպտեմբերյան ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, թե որտեղ է տեղակայվել Ադրբեջանի զինուժը, ինչ վնասներ է կրել առողջարանային քաղաքը։
«Հակառակորդի գործողությունները՝ անմիջական հրթիռային, հրետանային, նաև անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածներ հասցրել են ինչպես ռազմական օբյեկտներին, այնպես էլ տնտեսական և քաղաքական օբյեկտներին», - ներկայացրեց ՊՆ պաշտոնյան:
Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետի հետ զրույցում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է՝ եվրոպացի դիտորդների ներկայությունը զսպում է ադրբեջանցիներին։ Իրենք էլ նրանց հետ լավ են համագործակցում։ Կատրին Կոլոննան իր հերթին ընդգծել է՝ թեև զինված չեն, բայց կարևոր գործ են անում՝ Եվրամիության անդամներին փոխանցելով տեղեկություններ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ձեր կողքին ենք արդար և կայուն խաղաղության որոնումներում». Կոլոնան՝ Փաշինյանին«Հայաստանի և ԵՄ դիտորդական առաքելության համագործակցությունը շատ դրական է։ Մեզ համար դրական արդյունքներ է տալիս այդ աշխատանքը։ Այն մեզ հնարավորություն է տալիս դիտորդական աշխատանքի շնորհիվ տեղից տեղեկություններ ստանալ, որոնք օգտակար են ԵՄ անդամ պետությունների համար։ Սա դիտորդական առաքելություն է, զինված առաքելություն չէ, նպատակը պարզապես հետևելն է իրավիճակին, սակայն ամեն դեպքում այդ ներկայությունը հնարավորություն է տալիս լարվածությունը թուլացնել», - ասաց Կոլոննան։
«Երևանն առաջարկում է ոչ միայն ընդլայնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության քանակը, այլև՝ կարողությունները»
Մոտ հարյուր դիտորդ ունեցող այս առաքելությունը սահմանին տեղակայվեց ամիսներ առաջ․ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր լրագրողներին ասել է, թե նրանց թիվը բավարար չէ՝ ամբողջ սահմանի երկայնքով պատշաճ մոնիթորինգ իրականացնելու համար։
«Երևանն առաջարկում է ոչ միայն ընդլայնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության քանակը, այլև՝ կարողությունները», - ասել է Արմեն Գրիգորյանը։ Պաշտոնյան, սակայն, չի պարզաբանել, թե հավելյալ ինչ լիազորություններ է ուզում հայկական կողմը նրանց տալ, և պատրաստ է արդյոք դրան Եվրամիությունը:
«Բոլոր գործընկերներին առաջարկում ենք, որպեսզի կարողությունները ավելացնեն թե՛ մարդկանց թվաքանակի տեսանկյունից, նաև այլ կարողություններ, որպեսզի կարողանան ավելի պատշաճ դիտարկում իրականացնեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին», - ասաց ԱԽ քարտուղարը:
Գրիգորյանը նշել նաև, թե հայկական կողմը Ֆրանսիայի հետ քննարկում է Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցն ու ակնկալում ֆրանսիական կողմի աջակցությունը։ Պաշտոնական Բաքուն քննադատում է այդ մասին հայտարարություններն ու պնդում, թե Երևանը իրավունք չունի խոսել Ադրբեջանի տարածք միջազգային խաղաղապահ առաքելություն հրավիրել-չհրավիրելու մասին։