Բրիտանիան սկսում է Սուդանից տարհանել իր քաղաքացիներին

Մի շարք երկրներ փորձում են Սուդանից տարհանել իրենց քաղաքացիներին՝ օգտվելով 72 ժամով հայտարարված հրադադարի հնարավորությունից։

Լոնդոնը հայտարարել է, որ Բրիտանիայի քաղաքացիների տարհանումը կազմակերպվում է Սուդանի մայրաքաղաք Խարտումից դուրս գտնվող օդանավակայանից՝ առաջնահերթությունը տրվում է երեխաներին, կանանց, ծերերին ու առողջական խնդիրներ ունեցող մարդկանց։

Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կադրեր է հրապարակել, որտեղ Կիպրոսի ավիաբազայից ռազմական օդանավով զինվորականներ են մեկնում Սուդան Բրիտանիայի քաղաքացիների տարհանումը ապահովելու համար։

Սուդանում մոտավորապես 4 հազար Բրիտանիայի քաղաքացի կա։ Անցած շաբաթ օրը զինվորականների օգնությամբ դուրս էին բերվել դեսպանատան աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները։ Կառավարությունը քննադատվել էր Սուդանում մնացած բիտանացիներին պատշաճ օգնություն չցուցաբերելու համար։