Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ապրիլի 26-ից 28-ը կայցելի Ադրբեջան, Հայաստան և Վրաստան:
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում Կոլոննան կվերահաստատի Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար, կայուն, տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության բանակցություններին աջակցելու պաշտոնական Փարիզի հանձնառությունը: Նա նաև կոչ կանի երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով, ասված է հաղորդագրությունում:
Բաքվում Կոլոննան կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նա նաև հարգանքի տուրք կմատուցի 1990 թվականի հունվարի 20-ի խորհրդային բռնաճնշումների զոհերի հիշատակին։
Ֆրանսիայի արտգործնախարարը Երևանում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, նաև կայցելի Ջերմուկում գտնվող Եվրոպական միության դիտորդական առաքելության կենտրոնակայան: Կատրին Կոլոննան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Վրաստանում Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ապրիլի 28-ին հանդիպումներ կունենա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ապրիլին Ֆրանսիայի արտգործնախարարը կայցելի Երևան և Բաքու