Երևանի ավագանու ընտրություններին դեռ չորս ամիս կա, բայց արդեն պարզ է, որ թեկնածուների պակաս չի լինի. քաղաքապետի հավակնորդի արդեն շուրջ տասը անուն է շրջանառվում։
Առաջինն իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» էր դեռ անցած տարի հայտարարել՝ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն Տիգրան Ավինյանն է։
Այսօր էլ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը կուսակցության համագումարում հայտարարեց՝ մասնակցելու են։ Ընդ որում, Թանդիլյանը երևանցիներին առաջարկեց մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող Երևանի առաջիկա ընտրությունները վերածել «իշխանության անվստահության հանրաքվեի»։
«Թքած ունենալու նուրբ արվեստը որպես արժեհամակարգ կրող և թքելը քաղաքական հպարտության առարկա ներմուծողները պիտի հասկանան, որ խայտառակում են մեր պետությունը, խայտառակում են մեզ։ Հույս ունե՞մ, որ կհասկանան, ամենևին։ Իմ հույսն իրենք չեն, իմ հույսը մեր ժողովուրդն է, ով իշխանազրկելու է թքողներին մի կողմից, մյուս կողմից քաղաքական ապտակ է հասցնելու նրանց Երևանում», - ասաց նա։
Թանդիլյանն այսօր չբացահայտեց, թե ով կլինի քաղաքապետի իրենց թեկնածուն, ասաց՝ առաջիկայում կհայտարարեն։
«Բոլորին է պարզ, որ իշխանությունը վաղուց իր վարչական ռեսուրսն ու լծակն է օգտագործում՝ քարոզարշավ անելու համար»,- հավելեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը՝ պնդելով, որ «Քաղաքացիական պայմանագիրն» օրինական մեթոդներով Երևանում ընտրվելու շանս չունի։ Այդ վստահությունն, ասաց, իրենց նախնական սոցհարցումներն են տվել, ընդգծեց՝ կառավարման փորձ ունեն ու հիշեցրեց՝ Հայաստանի 18 համայնքների ավագանու կազմում ներկայացված են, դրանցից 3-ում՝ Ալավերդիում, Նոյեմբերյանում ու Տաթևում էլ ստանձնել են ղեկավարման պատասխանատվությունը։
«Այս ճակատագրական պահին մենք ուղղակի ի վիճակի չենք այլ բանով զբաղվելու, էլ չեմ խոսում սեփական PR-ով, սեփական մեղքը արդարացնելու գործընթացով, որը ամենօրյա ռեժիմով տեսնում ենք։ Սա ուղղակի անտանելի է, անընդունելի և կործանարար, և հետևաբար ես կարծում եմ, որ Երևանի ընտրողը գիտակից ընտրող է և այս ամենը դատելու է, դատողություններ ու հետևություններ է անելու, որի արդյունքում, և եթե հենց այդպես լինի, իսկ ես համոզված եմ՝ այդպես է լինելու, մեր հաջողության հնարավորությունը շատ բարձր է», - հայտարարեց նա։
Իրեն ժամանակից շուտ քարոզարշավ սկսելու հարցում մեղադրողներին Երևանի փոխքաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն օրերս այսպես էր հակադարձել՝ պարտավոր է որպես քաղաքապետի թեկնածու իր աշխատանքը լավ անել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե ինձ քննադատում են իմ աշխատանքը լավ անելու համար, թույլ քննադատություն է. Տիգրան ԱվինյանԵրևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն իր նորաստեղծ կուսակցությամբ կմասնակցի աշնանը կայանալիք ընտրություններին։ Կուսակցությունը դեռ ստեղծման փուլում է։ Կարծում է՝ այսօրվա քաղաքային իշխանությունը ճիշտ ճանապարհով չի գնում, որ Երևանը դառնա մրցունակ, կանաչ ու ապահով քաղաք։ Պնդեց, թե ինքը դա կաներ, պարզապես վարչական շրջանի ղեկավարի լիազորություններն էին սահմանափակ։ Երևանի զարգացման հայեցակարգն, ասաց, չի տեսնում։ Օրինակ՝ տրանսպորտի հարցն, ըստ նրա, միայն նոր ավտոբուս բերելով չեն լուծում։
«Ավտոբուսները շատ լավ է, մենք ողջունում ենք, բայց մեր խնդիրը նա չէ, որ սակավ հնարավորությունով մարդիկ ունենան մեքենա, մեզ պետք է, որպեսզի հարուստ մարդիկ նստեն այդ ավտոբուսները, բայց միայն նոր ավտոբուս բերելով դա չի լինի, որովհետև բնակչին էական չէ՝ ինքը հին ավտոբուսի մեջ է խցանման մեջ 40 րոպե սպասում այն ժամանակ, երբ որ ինքը 15 րոպեում էր գնում, թե նոր ավտոբուսի մեջ է։ Դա հենց կոչվում է հայեցակարգային մոտեցումներ», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց Վիկտոր Մնացականյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կենտրոն համայնքի բնակիչները հիմնականում գոհ են Վիկտոր Մնացականյանի մեկամյա գործունեությունիցԽորհրդարանական ընդդիմությունը դեռ չի հայտարարում՝ մասնակցելո՞ւ են Երևանի ավագանու ընտրություններին, թե՞ ոչ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նույնպես լռում է։ Առայժմ իրենց մասնակցության մասին հայտնել են գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Դավիթ Խաժակյանը և ևս մի քանի հոգի։