Մատչելիության հղումներ

Տեղական ընտրություններից գրեթե 5 տարի անց երևանցիներին դեռ «հուսահատության գազելներն» են սպասարկում


Երևանի կանգառներում ավտոբուսների սպասող քաղաքացիները լավ են հիշում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հունվարյան հայտարարությունը, թե նոր ավտոբուսների նոր խմբաքանակը մարտի 1-ից երթուղի դուրս կգա։ Մարտի 9-ն է, դրանց ոչ ոք փողոցներում չի տեսել։

3-րդ մասի բնակչին մեր հարցը զայրացրեց՝ գո՞հ եք տրանսպորտի աշխատանքից. - «Ինչի՞ եք էդ հարցերը տալիս, դուք չգիտե՞ք, որ էդպես ա։ Այստեղ տրանսպորտ ընդհանրապես գոյություն չունի։ Ամեն ինչը սուտ ա, հինգ տարի ստի մեջ ենք ապրում»։

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը հաստատեց, որ չինական Jhong Tong մակնիշի, միջին դասի 150 ու MAN մակնիշի 87 հատ ավտոբուսները Երևանում են։ Խոստումը խախտվել է, ըստ նրա, որովհետև դրանք դեռ մաքսազերծման փուլում են. - «Որ ասել էինք մարտի 1-ից, դա մենք ասել էինք, որ նախատեսում ենք... Այսինքն ֆինանսական միջոցներ էին պահանջվում, մեծ մեքենաները նախատեսում էինք, որպեսզի իրանք ապահովագրությունն անցնեն... ֆինանսական միջոցներն էր բացակայում ու դրանից բխող գործընթացը երկարեց»։

Մաքսազերծումից հետո այդ ավտոբուսները պետք է ապահովագրության ու պետհամարանիշների գրանցման գործընթաց անցնեն, հետո երթուղիների համար մրցույթ պետք է հայտարարվի... Մի խոսքով, քաղաապետարանի պաշտոյնան այսօր էլ հստակ ժամկետ չկարղացավ ասել, թե երբ այդ ավտոբուսները կշահագործվեն. - «Եթե էս շաբաթ հասցնենք մաքսազերձումը հարյուր հիսուն ավտոբուսների իրականացնել, գործընթացը իրանից պահանջում ա մոտավորապես տասնհինգ-քսան օր։ Բայց ամենակարևորը էդտեղ գումարի խնդիրն ա։ Համոզված էղեք, որ ամեն ինչ անում ենք, որպեսզի օր առաջ ավտոբուսները դուրս գան»։

Տեղական ընտրություններից գրեթե 5 տարի է անցել, մի քանի ամսից նոր ընտրություններն են, բայց գլխավոր խոստումը՝ տրանսպորտի հարց, ըստ քաղաքացիների, այդպես էլ չլուծված մնաց։

«Ամեն օր օգտվում եմ տրանսպորտից ու հիմնականում մի տրանսպորտից չեմ օգտվում՝ մի քանի։ Մոտավորապես կես ժամ, քառասուն րոպե սպասում ենք; Հատկապես երեկոյան ժամերին, երբ խցանումների պատճառով սպասելու ժամանակը ավելի է երկարում», - ասում է մի երիտասարդ կին։

Ավելին, երևանցիներին դեռ սպասարկում են հնամաշ միկրոավտոբուսները, որոնց «Քաղացիական պայմանագիրը» քարոզարշավի ժամանակ «հուսահատության գազելներ» էր անվանում։ Իսկ վերջին խմբաքանակը դեռ երթուղի չհանած, քաղաքային իշխանությունից հիմա էլ խոստանում են՝ մինչև մարտի 20-ը Երևան կժամանեն 15 նոր տրոլեյբուսներ, ևս 15-ն ավելի ուշ՝ երբ մրցույթ հայտարարվի։

Կային նաև քաղաքացիներ, որոնց հաջողվում էր տեղ գտնել տրանսպորտում, կամ՝ երևանյան ստանդարտներով քիչ՝ մոտ 20 րոպե սպասել տրանսպորտին։

Քաղաքապետարանի պաշտոնյան պնդում է՝ տրանսպորտային պարկը գրեթե 90 տոկոսով թարմացվել է, եթե նոր մեքենաներն էլ երթուղի դւորս գան, մարդիկ 40 րոպեի փոխարեն գուցե 12 րոպե սպասեն կանգառում։

Հայկ Սարգսյանն ասում է, որ ինքն էլ հաճախ օգտվում է հասարակական տրանսպորտից, խնդիրները լավ գիտի. - «Խնդիրը զուտ շարժակազմի պակաս լինելն ա, որ ուշ-ուշ են աշխատում։ Խնդիրը նրանում ա, որ... ուշացումների պատճառն ա, ինչը կապված է շարժակազմերի թերի աշխատելու հետ, մեր էսօրվա պարկը լիարժեք համալրված չի։ Եթե մենք էսօր կարենայինք լիարժեք համալրեինք, էլ լրացուցիչ ավտոբուսներն ու տրոլեյբուսները չէինք բերի»։

Խոստումներից հոգնած քաղաքացիները դեռ շարունակում են առավոտյան ուշացած հասնել դասի ու աշխատանքի, երեկոյան էլ խցկված տուն վերադառնալ։

XS
SM
MD
LG